HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինտերնատի տնօրենը նկատել է, որ աշխատակիցները վատ են վերաբերվում տարեցներին

Մարտի 14-ից Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը երեկ ընտրվեց տնօրենի պաշտոնում։ Արդեն տնօրեն Վահան Զուրաբյանը այսօր ասուլիս էր հրավիրել՝ խոսելով տուն-ինտերնատի խնդիրների, իր հասցեին հնչող մեղադրանքների մասին։

Անդրադառնալով այն հարցին, որ ինտերնատում հոգեկան խնդիրներ ունեցողները մեկ սենյակում խնամվում են առողջ ծերերի հետ՝ Զուրաբյանը ընդգծեց, որ փաստաթղթերով այդպիսի խնդիր չկա, քանի որ տուն-ինտերնատ ընդունվող տարեցը իր հետ բերում է եզրակացություն՝ հավաստելով, որ հոգեկան խնդիր չունի, սակայն նշում է՝ չի բացառվում, որ այդ անձը ժամանակի ընթացքում կարող է հոգեկան խնդիրներ ձեռք բերել։ Ասում է՝ մեկ ամիս առաջ տուն-ինտերնատի աշխատակիցներին հանձնարել է տրամադրել նկատելի հոգեկան խնդիրներ ունեցող անձանց անվանացանկը։ Այդ անվանացանկում ընդգրկվել է 30 տարեց։

Զուրաբյանը դիմել է «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանի տնօրենին՝  խնդրելով տրամադրել հոգեբույժների խումբ, որպեսզի այցելեն տուն-ինտերնատ, բուժզննման ենթարկեն նկատելի հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, և եթե նրանց մոտ հաստատվի հոգեկան շեղումների առկայությունը, տեղափոխեն այլ հաստատություն։

Զուրաբյանը հոգեբուժարանի տնօրենին դիմել է մայիսի 22-ին, սակայն մինչ օրս արձագանք չկա, և ինքն էլ, իր խոսքով, ինքնուրույն որոշում չի կարող կայացնել որոշ տարեցների, որոնց մոտ նկատվում են հոգեկան խնդիրներ, տեղափոխել այլ հաստատություն։

Անդրադառնալով շենքային պայմաններին՝ ասում է՝ շենքերի պահպանման համար տարեկան 1 200 000 դրամ է հատկացվում, և այն նախատեսված է 10 000 քմ բնակելի տարածքի համար, իսկ այդ գումարով  չեն կարող սենյակները վերանորոգել. «Չեմ ասում քիչ է, բայց լուծում է առաջնային խնդիրները։ Խնդիրներ, որոնք որ կապված կլինեն ծորակների հետ և այլ, և այլն։ Նմանատիպ խնդիրներ, որոնք առաջնային են, կարողանում ենք լուծել սրա շրջանակներում, բայց սենյակի վերանորոգմանը չենք կարողանում հասցնել»։

Տնօրենը աշխատակիցների կողմից տարեցների նկատմամբ վատ վերաբերմունք է նկատել, հավաստում է՝ համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել, աշխատակիցներին նկատողություն արել։

«Մենք ունենք խնդիրներ, ես չեմ ասում՝ մենք խնդիրներ չունենք, ես չեմ խուսափում էդ խնդիրներից։ Մենք ունենք և´ խնդիրներ, և´ լավ բաներ, և´ վատ բաներ, որոնք ժամանակի ընթացքում ամբողջությամբ վերացնել է պետք, բայց միակողմանի մոտենալ և ոչ ադեկվատ մարդկանց հետ նյութ նկարել, հետո դա լուսաբանել, ցույց տալ, որ ամբողջությամբ ծերանոցում խնդիրը սա է, դրա հետ եկեք ես չհամաձայնվեմ», - նշեց նա։

Խոսելով ինտերնատին հատկացվող գումարների ոչ նպատակային ծախսերի մասին՝  նորանշանակ տնօրենը նշեց, որ նախարարությանը հաշվետվություն են ներկայացնում կատարված ծախսերի մասին, իսկ դոնորների կողմից իր պաշտոնավարման ընթացքում գումար չի ստացել։ Ասում է՝ պատրաստ է դոնորներին օգնել ինտերնատին հատկացնել անհրաժեշտ պարագաներ, սակայն գումար չի ցանկանում վերցնել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան՝ այդ գումարները նպատակային ծախսելու մասին հաշվետվություն ներկայացնելիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter