HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում բացվել է «Երազանք» այգին

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում բացվեց «Երազանք» այգին։ Նախաձեռնությունն իրականություն դարձավ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակից, Լեռնահովիտում պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ Զինա Ղուկասյանի եւ իր աշակետների ջանքերով։ Այս մասին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը:

Այգու գաղափարն առաջացավ Զինայի մոտ դեռ երկու տարի առաջ, երբ նա տեղափոխվեց Լեռնահովիտ եւ հասկացավ, որ գյուղի երեխաներն անտարբեր են իրենց համայնքի նկատմամբ և համայնքային կյանքին չեն մասնակցում։ Հենց այդտեղ սկիզբ առավ արտադասարանային խմբակը, որի ընթացքում աշակերտները Զինայի հետ միասին սկսեցին քննարկել համայնքային խնդիրները, գյուղում եղած մարտահրավերները: Խմբակի նպատակը նրանց մոտ սեփականության և պատասխանատվության զգացողություն ձևավորելն էր՝ միաժամանակ զարգացնելով առաջնորդական հմտությունները:

Նախաձեռնությունը 2 մասից էր կազմված. աշակերտների կարողությունների զարգացում և համայնքային ծրագրի իրականացում: Առաջին փուլում համայնքի վերաբերյալ տարբեր սեմինարներ, քննարկումներ եղան: Սովորեցին, թե ինչպես ուսումնասիրել համայնքի խնդիրները, ինչպես հիմնավորել, որ հենց դա է խնդիրը, ինչպես հրապարակային խոսքի միջոցով ներկայացնել խնդիրը (կազմակերպվել են են դեբատներ, հրապարակային խոսքի մրցույթներ՝ ամբողջը համայնքային խնդիրների վերաբերյալ): Այդ փուլում որոշվեց, որ ժամանցի վայրերի բացակայությունը հենց այն խնդիրն է, որ պետք է միասին լուծել: Կազմվեց ծրագիր եւ սկսվեց 2-րդ՝ համայնքային ծրագրի իրականացման փուլը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները գտնելու համար Զինան իր աշակերտների հետ միասին պատրաստեցին Նոր տարվա խաղալիքներ, տարբեր դեկորացիաներ և վաճառեցին՝ գումարի մի մասը հավաքելով: Մնացած մասի համար generosity.com կայքում դրամահավաք սկսեցին՝ համապատասխան տեսանյութ նկարելով և պատմությունը ներկայացնելով: Դրամահավաքի արդյունքում մոտ 100,000 դրամով ավելի գումար հավաքվեց (գումարի հիմնական մասը տվեց սփյուռքահայերի մի խումբ՝ «Ճանաչենք, շենացնենք և սիրենք մեր գյուղերը» նախաձեռնությունից, նաև համայնքի բնակիչներ ու այլ հետաքրքրված անձինք նվիրատվություններ կատարեցին):

Գումարը հավաքելուց հետո սկսվեց այգու կառուցման փուլը։ Տարածքը մաքրվեց, ցանկապատներ տեղադրվեցին: Դպրոցի հին նստարանները վերանորոգվեցին ու ներկվեցին: Ներկելու հարցում նրանց շատ օգնեցին UWC Dilijan-ի ուսանողները: Համայնքի բնակիչներից մեկը ճոճանակներ պատրաստեց, որոնք եւս տեղադրվեցին այգում: Տեղադրելու հարցում շատ օգնեցին համայնքի բնակիչները՝ մի քանի օր շարունակ աշխատելով այգում: Վերջապես մնացած պարագաները՝ սեղան, աթոռներ, ծաղկանոց, ևս պատրաստ էին այգու պաշտոնական բացմանը։ Հանդիսավոր օրվան սպասում էր ողջ Լեռնահովիտն ու հարեւան գյուղերը։ Համայնքի ներկայացուցիչները՝ մեծից փոքր, հավաքվել էին բացման օրն այգում, փոքրերը հասցրել էին փորձարկել ճոճանակներն ու նստարանները։ Միջոցառումն ամբողջությամբ կազմակերպել էին աշակերտները, պատրաստել պարային համարներ, ելույթներ։

«Հպարտանում ու հիանում իմ աշակերտներով, որ այս ամբողջ ընթացքում ջանասիրաբար աշխատեցին: Ոչ միշտ էր ամեն ինչ ստացվում, բայց միասին մենք կարողացանք շատ դժվարություններ հաղթահարել, կարողացանք հաղթահարել ինքներս մեզ, կարողացանք բացահայտել և զարգացնել մեր մեջ շատ որակներ: Վստահ եմ, աշակերտներս ինչ նպատակ էլ դնեն իրենց առաջ, անպայման կհասնեն, քանի որ արդեն հավատում են իրենց ուժերին և հավատում են, որ ԿԱՐՈՂ ԵՆ», - ասում է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակից Զինա Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter