HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գայլերը Նոր Եդեսիայի գյուղացիների 45 ոչխար են հոշոտել

Երեկ գիշեր գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի գյուղացիների 45 ոչխար։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց համայնքի ղեկավար Վահան Աբգարյանը։ Դեպքը եղել է գյուղի տարածքից դուրս, գիշերվա ժամերին։

Աբգարյանի փոխանցմամբ՝ հովիվը գյուղի ոչխարներին հանդերից վերադարձնելուց հետո, բաժանելիս պարզել է, որ 45 ոչխար չկա։ Առավոտյան գյուղացիները ոչխարներին փնտրել են հանդերում և տեսել, որ 6 ոչխար սատկել է, որոշները վիրավոր են, իսկ 15 ոչխար անհայտ կորած է. «Կարծում ենք՝ 45 հատը մնացել է դաշտում ու գայլերը հոշոտել են։ Մինչև հիմա ման են գալիս, չեն գտնում։ Այսինքն՝ 45 հատ անջատվել են հոտից։ Հնարավոր է՝ գայլերն են ընկել նրանց մեջ անջատել, հնարավոր է՝ մնացել են քարափի հետևը, անջատվել են»,- նշեց գյուղապետը։

Ժամեր առաջ գյուղ են եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, հաշվարկել վնասի չափը և պարզել, որ 40 գյուղացու 45 ոչխարի վնասի փոխհատուցման գումարը, ընդհանուր առմամբ, կազմում է 1 630 000 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը հույս չունի, որ վնասը կփոխհատուցվի. «Ի՞նչը փոխհատուցվեց, որ սա մնար»,-ասաց նա, թեև նշեց, որ պատահարում իր մեղքի բաժինն ունի նաև հովիվը։

Աբգարյանը Նոր Եդեսիան ղեկավարում է արդեն 15 տարի, ասում է, որ իր պաշտոնավարման ժամանակ երբևէ գայլերը ոչխար չէին հոշոտել։ Երկու օր առաջ էլ գյուղապետը գյուղի մոտակայքում գայլեր է տեսել, ինչը պայմանավորում է գյուղի՝ անապատային տարածքում գտնվելով։

լուսանկարը` Գյուլագարակից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter