HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Իրավունք չունեմ, պարտականություններս գիտեմ»,- Վահան Շիրխանյան

«Նորքի զինված խմբի» գործը 6 ու կես ամիս անց այսօր սկսեց քննվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը, պարզաբանվեցին նրանց իրավունքներն ու պարտականությունները, քննարկվեց դատավարության կողմերին բացարկ ներկայացնելու հիմքերի առկայության հարցը:

Այսօր Շիրխանյանը դատարան էր ներկայացվել առանց սայլակի: Ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել էր, և նրա համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան: Երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը բացեց, դատավարության կողմերին տեղեկացնելու համար նիստի ուշ սկսվելու պատճառը, ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը ևս հայտնեց, որ իրեն լավ չի զգում:

Քիչ անց շտապօգնության՝ դատարան եկած կազմն անձանագրեց, որ երկու ամբաստանյալներն արդեն ի վիճակի են մասնակցել դատական նիստին, ու նիստը սկսվեց:

Երբ դատավորը ներս մտավ, Վահան Շիրխանյանը դարձյալ ոտքի չկանգնեց. դատավորը ևս մեկ անգամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք գնահատեց Շիրխանյանի պահվածքը:

«Նորքի զինված խմբի» գործը, հիշեցնենք, դատարան է ուղարկվել դեռևս 2016թ.-ի նոյեմբերին, առաջին անգամ դատաքննության նշանակվել դեկտեմբերի 2-ին ու շարունակ հետաձգվել՝ Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով: Վերջինս տևական ժամանակ հրաժարվում էր դուրս գալ խցից և ներկայանալ դատարան՝ նշելով որ ի վիճակի չէ և պահանջելով իրեն պատգարակով կամ սայլակով տանել դատարան:

Շիրխանյանի առողջական վիճակը և նրա՝ դատական նիստերին ներկա գտնվելու կարողության հարցը պարզելու նպատակով դատարանը որոշում էր կայացրել համալիր փորձաքննություն նշանակել, որի պատասխանները ստանալուց հետո միայն՝ նախորդ շաբաթ նորից նշակվել են այս գործով դատական նիստերը:

Այսօր դատավոր Բեկթաշյանը տեղեկացրեց, որ, ըստ փորձագետների եզրակացության, Շիրխանյանն ի վիճակի է ներկա գտնվել դատական նիստերին. հիվանդությունները խոչընդոտ չեն հանդիսանում նրա՝ դատական քննությանը մասնակցելու համար:

Երբ քննարկվում էր դատավարության կողմերին բացարկ հայտնելու հարցը, Շիրխանյանը հայտնեց, որ դատավորին բացարկ հայտնելու հարցում կողմնորոշվելու համար հարցեր ունի նրան:
Շիրխանյանը հետաքրքվեց, թե արդյո՞ք դատավոր Արմեն Բեկթաշյանը որևէ կապ ունի «Դաշնակցության» հետ, կուսակցության անդամ եղել է, թե ոչ: Բեկթաշյանը պատասխանեց, թե չի եղել: Փաստաբան Հայկ Ալումյանը պարզաբանեց, թե ինչու է Շիրխանյանին հուզում այդ հարցը:

Բանն այն է որ «31-ի գործով» դաշնակցականների ցուցակում Վահան Շիրխանյանը 22-րդն էր, ում, ըստ գործի , պետք էր լիկվիդացիայի ենթարկել:

Դատարանում քննարկվեց նաև դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ Արցախյան ազատամարտին մասնակցելու հարցը. ի պատասխան Շիրխանյանի հարցին՝ Բեկթաշյանն ասաց, որ կռվել է Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի ղեկավարած առաջին վաշտի կազմում:
«Նա էլ էր դաշնակցական»,- արձագանքեց Շիրխանյանը:

Բեկթաշյանին, այնուամենայիվ, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց, բայց ոչ նրա՝ դաշնակցական լինել կամ չլինելու հիմքով:

Պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ դատարանը բավարարել է այս գործով ամբաստանյալների տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու վերաբերյալ դատախազի միջնորդությանը և որոշումը հիմնավորել հանգամանքով, թե ամբաստանյալների տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները չարգելափակելու դեպքում կարող է խոչընդոտվել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելը: Սակայն, «գործ» ասելով, Բեկթաշյանն, ըստ Ալումյանի նկատի է ունեցել ոչ թե այսօր դատարանում քննվող գործն, այլ դրանից անջատված մասով մեկ այլ քրեական գործ:

Նշենք, որ այս գործից անջատված մաս կա, որով անցնում են 8 մեղադրյալներ, և որի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանն իր որոշման հիմքում դրել է ոչ թե իր վարույթում գտնվող քրեական գործի, այլ մեկ այլ՝ անջատված մասով քրեական գործի շահերը ՝առանց նման իրավասություն ունենալու:

«Ձեր նշած քայլը վկայում է, որ դուք այս գործով հանդես չեք գալիս որպես անկողմնակալ դատարան և Ձեզ վրա եք վերցրել նախաքննության շահերը սպասարկելու խնդիր»,- ասաց Հայկ Ալումյանը:

Խորհրդակցական սենյակում քննարկելով միջնորդությունը՝ Բեկթաշյանը մերժեց այն՝ դատավարության կողմերին տեղեկացնելով, որ Հայկ Ալումյանն իր այդ որոշումը բողոքարկել է վերադաս ատյաններ, և դրա վերաբերյալ առկա է օրինակ՝ ուժի մեջ մտած դատական ակտ:

Բեկթաշյանն, ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո բացատրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, ապա ճշտեց՝ նրանց պա՞րզ են արդյոք այդ իրավունքներն ու պարտականությունները:

«Իրավունքներ չունեմ, պարտականություններս պարզ են»,- հայտարարեց Վահան Շիրխանյանը:

Դատավոր Բեկթաշյանն այսօր մերժեց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի ևս մեկ միջնորդություն՝ վարույթից հեռացնել փաստաբաններ Լևոն Բաղդասարյանին ու Սիրուշ Աղվանյանին:

Ալումյանի խոսքով՝ դեռևս նախաքննության սկզբից այս երկու փաստաբաններն իրականացրել են գործով երկու մեղադրյալների պաշտպանությունը, որոնց շահերն ու դիրքորոշումները հակասել են միմյանց:

Խոսքը, ըստ գործի նյութերի, «զինված խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի և մեղադրյալ Անտոն-Դիկրան Թոթոնջյանի մասին է:

Ալումյանը մեջբերեց ամբաստանյալների ցուցմունքներ, որոնցից ակնհայտորեն երևում էր, որ այս երկու մեղադրյալները հակասող դիրքորոշումներ են հայտնում:

Օրինակ՝ Անտոն-Դիկրան Թոթոնջյանն իր ցուցմունքներից մեկում ասում է. «Արթուրն ասաց, որ պատկերացնում է, թե  հեղաշրջումը Հայաստանում պետք է կատարվի՝ թեկուզ սպանությունների միջոցով»:

Մինչդեռ Արթուր Վարդանյանն, ըստ Հայկ Ալումյանի, ցուցմունք է տվել, որ ինքը երբևիցե բռնի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն, մտադրություն չի ունեցել և այդպիսի մտադրության մասին, բնականաբար, որևէ մեկին չէր կարող հայտնել:

Գործով երկու մեղադրյալներն ու նրանց պաշտպաններն առարկեցին Ալումյանի միջնորդության դեմ, և դատավորը, հղում կատարելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածին, որի համաձայն՝ պաշտպանին հեռացնելն Ալումյանի մատնանշած հիմքով թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնության պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter