HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկար «նստողները» համակենտրոնացման ճամբարների մարդկանց նման նիհար էին

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

21 տարի առաջ՝ հեռավոր 1996 թվականի ամառ էր: Կալանավորների համար նախատեսված 3-րդ հարկի համար 52 խուցում էի, որտեղ 15-20 հոգով էինք: 3-4 հոգուս հարազատները պարբերաբար մեծ քանակությամբ սնունդ էին բերում, մյուսների ընտանիքները հազվադեպ էին կարողանում սնունդ հասցնել: Բոլորս միասին էինք սեղան նստում, իսկ ուտելուց հետո ամեն մեկն ասում էր.

- Ապրե՛ն բերողները, ազատությո՛ւն կալանավորներին:

Բանտի տված բալանդից ոչ ոք չէր օգտվում: Մի դիլիջանցի տղա կար, շատ էր նեղվում, որ հարազատները չեն կարողանում սնունդ բերել, անհարմար էր զգում այսպես ասած` մյուս կալանավորների հաշվին ապրել և որոշեց վերցնել բալանդը: Այն թվերի բորշը ահավոր էր բուրում. թթված հոտը խցով մեկ ընկավ: Կողքի խցում արդեն դատվածներն էին և այսպես ասած՝ «ստռոգաչներ», այսինքն` արդեն 2, 3, 4-րդ…դատավածությամբ: Մեր խցում գտնվող մի քաղբանտարկյալ ինտելիգենտ մարդ կար, ով մեկուկես տարի բանտում էր, տարբեր խցերում էր եղել: Նա, լսելով, որ կողքի խցի դուռը բացվեց, և այնտեղի բնակիչները դուրս եկան, ասաց.

- Տղե՛րք, մոտեցե՛ք, նայեք էս մարդկանց տեսքին ու միանգամից կհասկանաք, թե ինչ ա նշանակում բալանդ ուտելը:

Գրեթե բոլոր երկար «նստողները» համակենտրոնացման ճամբարների մարդկանց նման նիհար էին, աչքերը փոս ընկած, դեղնավուն դեմքերով. նրանք տարբերվում էին առաջին անգամ դատվածներից, քանի որ հարազատներն արդեն ի վիճակի չէին սնունդ բերել:

Երբ ինձ արդեն մահվան դատապարտեցին, և հայտնվեցի 5-րդ հարկում, այնտեղ մի մարդ կար, ով իր կյանքի կեսը` 27 տարի, անցկացրել էր Ռուսաստանի բանտերում ու գաղութներում: Հենց ստիպված ուտում, վերջացնում էր հերթական բալանդը, դատարկ ալյումինե ամանը մի քանի անգամ խփում էր գլխին ու անիծում ինքն իրեն:

Զուգահեռներ անցկացնելով դատապարտյալներին ու կալանավորներին օրենքով սահմանված օրական անհրաժեշտ սնունդ տրամադրելիս իրենց պարտականությունը չկատարելու և տեսակցությունների հարցում քմահաճ «օրինապաշտ» լինելու միջև` բանտային հուշերով կիսվեցի Ձեզ հետ:

…Իրավունքներ և պարտականություններ: Սա վերաբերում է քաղաքացիների իրավահարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներին: Եվ այս հարցի վերաբերյալ շատ կարևոր նշանակություն ունեն «ԿԱՐՈՂ  ԵՆ» և «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ» բառերը:

Անցած անգամ փաստերով ներկայացրեցի, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  անհրաժեշտ սննդամթերք տրամադրելու իր պարտականությունը վարչակազմը չի կատարում: Ունեմ նաև փաստ, թե անցյալ տարի ինչքան սնունդ է բերել ընտանիքս: 12 ամսվա ընթացքում 31 անգամ ինձ սնունդ են փոխանցել, ընդհանուր կշիռը կազմել է 850 կգ:

Այսօր կներկայացնեմ, թե ինչքան «օրինապաշտ» է նույն վարչակազմը այլ հարցերում, օրինակ՝ անազատության մեջ գտնվող մարդկանց իրենց հարազատների հետ տեսակցություն թույլատրել-չթույլատրելու հարցում:

Օրենքի համաձայն` ցմահ ազատազրկվածին տարվա ընթացքում պետք է տրամադրեն առնվազն մեկ երկարատև տեսակցություն (մինչև 3 օր) և երեք կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ: Տեսակցությունների հարցում  մարդկանց շփումը հարազատների հետ քմահաճորեն սահմանափակում են վերը նշածս քանակով, այսինքն` մոռանում են «առնվազն» բառը:

Երբ մատնացույց ես անում «առնվազնը», ասում են, որ նվազագույնից ավելի տեսակցություն տրամադրելը կախված է իրենց ցանկությունից` կուզեն կտրամադրեն, չեն ուզի` չեն տրամադրի: Իսկ երբ մատնացույց եմ անում այն օրենքին, որտեղ հստակ նշված է, որ բարեխիղճ ուսման և աշխատանքի համար, ինչպես նաև պարզապես դրական վարքագծի համար դատապարտյալը կարող է խրախուսվել` լրացուցիչ երկարատև կամ կարճատև տեսակցություն տրամադրելով, պատասխանում են. «Դուք ՊԱՐՏԱՎՈՐ եք դրական վարքագիծ ունենալ, իսկ մենք ԿԱՐՈՂ ենք խրախուսել, կամ չխրախուսել»: Այս կապակցությամբ, անգամ օրենսդրական առաջարկ եմ արել նախորդ նամակներիցս մեկում:

Մնում է զարմանալ, թե որքան քմահաճորեն են «օրինապաշտ» բանտապահները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter