HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական Գյուղ» թաղամասի կառուցապատման ծրագիրը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը»

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է «Դալմա Մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Ծրագրին նախորդել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են: Ներկայումս կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է ձևավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը: 

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը՝ այն ներդրողների հետ քննարկելու նպատակով: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Հայկական Գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, նպաստել մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ծանոթացել վերջինիս արդիականացման ծրագրին, որով նախատեսվում է նոր մոտեցումներով ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը: Մասնավորապես, նախատեսվում է այստեղ ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և առաջարկել այն կյանքի կոչել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ: 

Վարչապետին մանրակերտերի վրա ներկայացվել են նաև մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: 
 

Մեկնաբանություններ (1)

hasmik
հերթական սուտը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter