HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ արժե գործազրկությունը Հայաստանում

Անուշ Թորոսյան

Հայաստանյան բուհերում ավանդաբար պահպանվող մի շարք ֆակուլտետներ մասնագետներ են պատրաստում, ովքեր հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը չեն գտնելու մի պարզ պատճառով՝ պահանջարկ չկա:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, ով դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ՀՊՏՀ քննական հանձնաժողովի նախագահն է, առանձնացնում է մի քանի խնդիր: Առաջինը դասախոսական կազմն է: Սաղյանը նշում է՝ մեր բուհերի դասախոսները ձևավորվել են մինչև 90-ականները: Մաթեմատիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության դեպքում վիճակը նորմալ է. դասախոսները տարիքով մեծ են, բայց գիտելիքները պահանջներին համապատասխանում են: Այստեղ խնդիրն այլ է՝ ավարտողներն աշխատանք չեն գտնում, քանի որ պահանջարկ չկա:

Ասում են՝ մեզ մոտ մաթեմատիկայի մակարդակն այնքան բարձր է, որ մասնագետը ցանկացած երկրում աշխատանք կգտնի: «Հիմա հարց եմ տալիս՝ մենք մեր այս թշվառ վիճակում այլ երկրի համա՞ր ենք մասնագետ պատրաստում: Այսինքն՝ պատրաստվում են մասնագետներ, որոնք այստեղ աշխատատեղ չունեն»,- ասում է նա:

Սաղյանը նշում է՝ երիտասարդության համար ամենից հետաքրքիրը ՏՏ ոլորտն է, այստեղ էլ այլ խնդիր կա. չկան այսօրվա պահանջներին համապատասխանող դասախոսներ, ովքեր անհրաժեշտ գիտելիքներ ունենան՝ ինչպես գրել ժամանակակից ծրագրեր, ինչպես համագործակցել արտասահմանյան ամենալավ ընկերությունների հետ:

Ծրագրավորում և մենեջմենթ. ըստ Սաղյանի՝ սրանք 21-րդ դարի կարևորագույն ուղղություններն են, և այս ուղղությամբ էլ պետք է աշխատել: Բուհական ուսումնառության չորս կամ վեց տարիները, նրա համոզմամբ, ժամանակի և ֆինանսների ապարդյուն վատնում են, քանի որ ուսանողը հիմնականում ստանում է գիտելիքներ, որոնք պետք չեն գալիս:

Սաղյանն առանձնացնում է խնդրի լուծման ինովացիոն մոտեցումներից մեկը, այն է՝ հեռահար կրթությունը: Նրա խոսքով՝ այսօր ամենակարևորն անգլերեն սովորեցնելն է. եթե բուհում 4 տարի անգլերեն սովորեն, շատ ավելի օգտակար կլինի: «Գնալով՝ բարձրագույն կրթությունը դառնում է ձևական՝ ծայրահեղ աստիճանի: Ներկայացվող դիպլոմային աշխատանքները բոլորն արժանի են, որ հինգ նշանակես կամ՝ ոչինչ չնշանակես: Նույնը՝ թեկնածուական թեզերի դեպքում: Ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- ասում է նա:

Սաղյանը նշում է՝ որոշ մասնագիտությունների դեպքում էլ պահանջարկ կա, սակայն առաջարկ չկա, օրինակ՝ ծրագրավորման նոր լեզուներ են պետք, որ որևէ տեղ չեն սովորեցնում, սովորեցնում են Պասկալ, ինչը ոչ միայն անհրաժեշտ չէ ուսանողին, այլև խանգարում է:

Կարևոր մասնագիտություններից մեկն էլ Միջազգային կառավարումն է, այսինքն արտասահմանյան գործընկերների հետ աշխատելու հնարավորություն:

«Ես անգամ դեղատոմսը կարող եմ առաջարկել: Մենք արտասահմանում ունենք հայրենասեր դասախոսներ, ովքեր ամռանը կհամաձայնեն գալ, երկամսյա կուրսեր անցկացնել, որ շատ ավելի արդյունավետ կլինեն, քան բուհական ուսումնառության վեց տարին»,- ասում է նա: Կա նաև խնդրի լուծման մի պարզ ճանապարհ. թարգմանիչ գտնել, ով անգլերենից հայերեն կթարգմանի աշխարհի առաջատար 100 բուհերում դասավանդվող ծրագրերը:

Յուրաքանչյուր տարի Կառավարությունը մասնագիտությունների ընդհանուր՝ խոշորացված ցանկից հաստատում է այն մասնագիտությունները, որոնք ներդրվելու են բուհերում: Այդ ցանկն ամեն տարի վերանայվում է: Մասնագիտությունների մի մասը մնում է նույն ձևով կամ կարող է փոխվել անվանումը, հետևաբար՝ ուսումնական պլանն ու վերջնարդյունքն էլ:

Կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է՝ քանի մեր տնտեսությունը, շուկան լիարժեք ձևավորված չեն, կարող են լինել մասնագիտություններ, որոնց կարիքն այսօր չկա: Այսինքն՝ կադրը պատրաստվում է, բայց շուկայում տեղ չի գտնում: Շուկան այսօր ինքն է կարգավորում պահանջարկը, սակայն մասնագիտությունները «փակելը» խնդրի լուծում չէ:

«Այսօր պահանջարկ չունեցող մասնագիտությունները փակելով՝ մի քանի տարի անց մենք կկորցնենք այդ դպրոցները: Հաջորդ կարևոր սկզբունքը. կարծում եմ՝ նույնիսկ պետք չէ նայել կադրերի պահանջարկին, քանի որ մենք կունենանք նաև գրագետ հասարակություն բարձրագույն կրթությամբ»,- ասում է Սասուն Մելիքյանը:

Այն, որ բուհեր - աշխատաշուկա կտրվածքը մեծ պետք է չլինի, զգացել են նաև բուհերը. այդ իսկ պատճառով, ԵՊՀ-ն, օրինակ, նախորդ տարի վերանայել է իր մագիստրոսական կրթական ծրագրերը:

Մի շարք մասնագիտությունների դեպքում մեթոդոլոգիայի փոփոխության կարիք կա: Այդպես է, օրինակ, մանկավարժության դեպքում: Խնդիր կա նաև գործատուների հետ. բազմաթիվ հարցերում նրանք պետք է օգնեն, ասենք՝ կրթական ծրագրերի կազմման դեպքում, պիտի նշեն՝ ինչ պահանջներ ունեն, որ ըստ այդմ էլ փոփոխեն ծրագիրը, լրացնեն:

Խնդիրներից մեկն էլ անցողիկ շեմի իջեցումն է, որ լավ վիճակից չէ: Այդ կերպ հարցականի տակ է դրվում տվյալ ուսանողի հետագա ուսումնառությունը:

Պետությունն ունի գերակա մասնագիտությունների շարք, որոնց համար շատ բուհերում պետպատվեր է իջեցնում, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, հայագիտություն, քիմիա, փիլիսոփայություն. այս ճյուղերը քարոզվում են, անվճար տեղեր են տրվում, որպեսզի դիմողներ լինեն, բայց հիմնականում առաջնորդվում են շուկայի պահանջներով:

Յուրաքանչյուր ֆակուլտետում ուսանողների քանակը բուհի հնարավորություններով է որոշվում. լիցենզիայի պայմաններ գոյություն ունեն, բուհը դիմում է, ԿԳՆ լիցենզավորման գործակալությունը, քննարկելով բոլոր պայմանները, ասում է՝ այս մասնագիտությամբ ձեզ կարող է տրվել առավելագույնը այսքան տեղ: Դրանից ավել չի կարող ընդունել բուհը:

Վարձի չափը ևս բուհերն են որոշում, դա լուրջ հաշվարկի արդյունք է. այնտեղ ներառված է ամեն ինչ՝ դասախոսների աշխատավարձը, հոսանքի, գրականության, օժանդակ նյութերի, ամեն ինչի ծախսը: Կարգ գոյություն ունի՝ ուսման վարձի առավելագույն շեմը սահմանելու մասին, որից ավել բուհը չի կարող սահմանել: Նոր մասնագիտություններ ներառելու վերաբերյալ Մելիքյանը նշում է՝ իրենց ծրագրով՝ բակալավրը պատրաստում է ընդհանուր մասնագետ, իսկ նեղ մասնագիտացում է տրվում արդեն մագիստրատուրայում:

Հայաստանի 16 պետական բուհերն այսօր մոտ 200 մասնագիտություն են առաջարկում դիմորդներին: Ուսման վարձավճարները 260 հազարից 1 մլն դրամ են: Թե որքանո՞վ է արդարացված այս ծախսը, քանի՞ տարում ուսանողը կվերադարձնի ուսման վրա ծախսված գումարը, հարցեր են, որ դեռ սպասում են պատասխանի:

Կրթությունը Հայաստանում
Create your own infographics

Օգտագործված հապավումներ՝

ԵՊՀ - Երևանի պետական համալսարան

ՀԱՊՀ -Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

ՃՇՀԱՀ - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՀՊՏՀ - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

ՀՊՄՀ - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

ԵՊԼՀ - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

ԵրԹԿՊԻ - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

ԵԳՊԱ - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

ԵՊԲՀ - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

ՀՖԿՍՊԻ - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

ՀԱԱՀ - Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Մեկնաբանություններ (1)

Tigran
Լրացման կարգով ասենք, որ կա կոորդինացիայի խնդիր` ուս.հաստատություն-կրթ.նախ-գործատու, կա նաև երիտասարդ մասնագետի պատրաստվածության խնդիր, կա նաև մեխանիզմ ունենալու խնդիր թե երբ որտեղ ինչ որակավորմամբ և փորձով անձինք են պահանջվում, քանի այս ամենը չի արվում ուրեմն կունենանք այն ինչ կա,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter