Կիրակի, 23 սեպտեմբերի

Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններն էլեկտրաէներգիայի պարտքի համար հայտնվել են դատարանում



Արդեն 4 ամիս է` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ընդդեմ «Արմավիր» բժշկական կենտրոնի՝ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումի քննությունը:

Ըստ ՀԷՑ-ի՝ բժշկական կենտրոնի պարտքը կազմում է մոտ 21 միլիոն դրամ, սակայն «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այն իջեցրել հասցրել են 16 միլիոն դրամի:

Տնօրենը պատմեց, որ պարտքն ավելացել է արհեստականորեն: Ըստ նրա՝ ՀԷՑ-ը 2014-2015թթ. հավելագրումներ է արել, դրա արդյունքում է կուտակվել պարտքի զգալի մասը:

«2013թ. ցուրտ ձմռանը մենք դեկտեմբեր ամսին ծախսել ենք 3,3 մլն դրամի էլեկտրաէներգիա, իսկ 2014թ. տաք ձմռանը՝ դեկտեմբերին մենք ծախսել ենք 8,5 միլիոն: Մի փոքր քիչ տարբերությամբ նոյեմբեր և  հունվար ամիսներին է այդպես եղել: Այդ ֆոկուսները ես չգիտեմ: Մեր ծախսերը երբ բերեցին ու նկատեցի դա, գրեցի, որ չեմ ստորագրում, որովհետև այդ թիվը ես չեմ ընդունում»,-պատմում է Սարգիս Խաչատրյանը:

«Դիմել էի ՀԷՑ-ին, որպեսզի տույժ, տուգանքները չավելանան, ժամանակացույց մշակեն: Իրենք էլ դա որակեցին, որ ընդունել եմ պարտքը, ժամանակացույց եմ մշակում: Բայց դա այդպես չէր, ես գրել էի, որ չեմ ընդունում պարտքը: Ես այդտեղ մի փոքր սխալ եմ թույլ տվել:  Իրենց մոտ քննարկելով՝ երկար բանակցությունների հետո, որպեսզի աղմուկ չբարձրանա, միայն 2014թ. դեկտեմբեր ամսվա համար 4,5 միլիոն դրամի զիջում արեցին, ընդունեցին իրենց սխալը, բայց դա քիչ էր: Իսկ նոյեմբեր և հունվար ամիսների համար այդպես էլ վերահաշվարկ չարվեց»,-ասում է Սարգիս Խաչատրյանը:

ԲԿ-ի տնօրենը նշեց, որ ամիսներ անց ՀԷՑ-ի ղեկավարությունից մարդ են հրավիրել, և հայտնաբերվել է, որ 2012-2015 թվականներին «Տոկա» կոչվող սարքը, որը հաշվարկում է էլեկտրաէներգիայի իրական ծախսը, 20,5%  ի վնաս աշխատել է բժշկական կենտրոնի:

Սարգիս Խաչատրյանը նշեց, որ «Տոկայի» շեղումները ՀԷՑ-ի աշխատակիցներն են հայտնաբերել, բայց պատասխանել են, որ այդ շեղման համար կարող են միայն 90 000 դրամ զիջել:

«Այսինքն 3 տարի ի վնաս մեզ է աշխատել, ու 90 000 դրամ մեզ զիջեցին, ծիծաղելի թիվ: Պատճառաբանել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումով: Չգիտեմ, դա ինչ ինքնուրույն կառույց է, որ նման որոշումներ է կայացնում, և ոչ մեկ դրա դեմ չի կարողանում դուրս գալ: Միայն դատարանը երևի այդ հարցը կկարողանա լուծել»,-ավելացրեց «Արմավիր» ԲԿ-ի տնօրենը:

Սարգիս Խաչատրյանի ասելով, եթե դատարանը արդար քննություն իրականացնի, իրենց վրայից դուրս կգա պարտքի մեծ մասը, և 3-4 միլիոն դրամ կմնա իրական պարտքը:

Տնօրենը նշեց, որ էլեկտրաէներգիայի ընթացիկ պարտք չեն կուտակել և հասցնում են ծախսածի համար վճարել:

Նշենք, որ ՀԷՑ-ը բժշկական կենտրոնի գույքի վրա արգելանք դնելու պահանջ է ներկայացրել դատարան, որը բավարարվել է մասնակի: Փետրվարի 20-ից արգելանք է դրված «Արմավիր» ԲԿ-ի  գույքի վրա:

«Հետքն» օրեր առաջ անդրադարձել էր նաև Արմավիրի մարզում գործող մեկ այլ բժշկական կենտրոնի՝ «Մեծամորի» ֆինանսական և գույքային վիճակին:

«Մեծամորի» ԲԿ-ն ևս դատական քաշքշուկների մեջ է հայտնվել սպառած էլեկտրաէներգիայի և գազի պարտքերի պատճառով: Մասնավորապես, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մոտ 2 միլիոն դրամ «Մեծամորի» ԲԿ-ից բռնագանձելու պահանջ է ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, իսկ մոտ 23 միլիոն դրամ բռնագանձելու հայց էլ ներկայացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:

Երկու ընկերություններն էլ դատարանին խնդրել են կիրառել հայցի ապահովման միջոց, և արգելանք է դրվել ԲԿ-ի գույքի, դրամական միջոցների վրա:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ընդդեմ «Մեծամորի» ԲԿ-ի դատական վեճ էր ունեցել նաև 2016 թվականին: Գործն ավարտվել էր հոգուտ «Գազպրոմ»-ի: «Մեծամորի» ԲԿ-ից բռնագանձվել էր մոտ 2 միլիոն 603 հազար դրամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ