HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին գյուղապետն ու աշխատակիցները Արգինայի համայնքապետարանից արձակուրդայինի գումարները պահանջում են դատական կարգով

Արմավիրի մարզի սահմանամերձ Արգինայի համայնքապետարանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Համայնքապետարանի թվով չորս արդեն նախկին աշխատաակիցներ դիմել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերն ու արձակուրդային գումարները:

Արգինայի համայնքապետ Ռոստամ Արոյանը պաշտոնը ստանձնել է 2016թ. նոյեմբերի 1-ից: Նա «Հետքին» տեղեկացրեց, որ պարտքերը կուտակվել են 2012-2016 թվականների ընթացքում, ինչն այժմ լրացուցիչ բեռ է համայնքապետարանի համար:

«Մոտ ժամանակներս երևի այդ հարցերը կկարգավորենք: Բնակիչներին ծանուցել ենք, հարկերի հավաքագրում ենք կատարում, որ այդ պարտքերը շուտ մարենք»,-ասաց համայնքապետը: Ռոստամ Արոյանը նշեց, որ գյուղացիների կողմից նախոդ տարիներին չվճարված հարկերի գումարը մեծ թիվ է կազմում և հավաքագրման աշխատանքները հիմնականում այդ ուղղությամբ են տարվում:

«Մարդիկ կան, որ Ռուսաստանում են, այստեղ մարդ չկա և նրանց հարկերը տարեց տարի ավելանում է ու չգիտենք` ինչպես հավաքագրենք»,-հավելեց համայնքապետը՝ այդպես էլ չհիշելով, թե որքան է կազմում ապառքների գումարի չափը:

Արգինայի համայնքապետարանի հաշվապահ Սամվել Ստեփանյանն ասաց, որ նախկին աշխատակիցներ՝ համայնքապետ Մուշեղ Գրիգորյանի, աշխատակազմի քարտուղար Սասունիկ Հարությունյանի և հաշվապահ Սևակ Ֆիդանյանի հայցադիմումները վերաբերում են վերջնահաշվարկներին, չի վճարվել նրանց արձակուրդային գումարները: Իսկ համայնքի մանկապարտեզի նախկին տնօրեն Մարգարիտ Հովhաննիսյանի դեպքում չի վճարվել և աշխատավարձը, և արձակուրդայինը:

Սամվել Ստեփանյաննն ասաց, որ համայնքապետին, աշխատակազմի քարտուղարին և հաշվապահին ունեցած պարտքը կազմում է մոտ 1 միլիոն 600 հազար դրամ, իսկ մանկապարտեզի տնօրենի դեպքում՝ 383 հազար դրամ է:

«Այս պահին այդ աշխատակիցների աշխատավարձերը, արձակուրդայինները վճարելու համար ազատ միջոցներ չունենք: Արդեն դժվարություն է առաջացել մեզ համար, միջոցներ չկան»,-նշեց Սամվել Ստեփանյանը:

Արգինայի նախկին 4 աշխատակիցներից միայն աշխատակազմի քարտուղար Սասունիկ Հարությունյանի վերաբերյալ է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն օրեր առաջ վճիռ կայացրել: Դատարանը որոշել  է Արգինայի համայնքապետարանից հօգուտ Սասունիկ Հարությունյանի բռնագանձել 592 հազար 174 դրամ վերջնահաշվարկի պարտքի գումար: Միաժամանակ վճռվել է 01.11.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, համայնքապետարանից նշված գումարի վերաբերյալ հօգուտ նախկին աշխատակցի բռնագանձել նաև Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսներ:

Արգինայի համայնքապետարանի հաշվապահի խոսքերով՝ համայնքային բյուջեն՝ ներառյալ դոտացիան, կազմում է մոտ 18,5 միլիոն դրամ: Սամվել Ստեփանյանն ասաց, որ այս պահին գումար չունեն և չեն կարողանում վճարեն նաև գործող աշխատակիցների աշխատավարձերը: Օրինակ՝ 2017թ-ին վճարվել է միայն 2 ամսվա աշխատավարձ:

Ներկա դրությամբ գործող աշխատակիցներին համայնքապետարանի ունեցած պարտքը կազմում է մոտ 1 միլիոն 100 հազար դրամ: Տարվա առաջին ամիսներին ունեցել են ընդամենը 3 աշխատող, քանի որ նախկին աշխատակիցներն աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել: Այժմ Արգինայի համայնքապետարանում աշխատում է 6 անձ:

Սամվել Ստեփանյանը ևս շեշտեց տարիներով կուտակված ապառքները: Նրա ասելով՝ հարկերի չվճարումը սոցիալական պատճառներ ունի, մարդիկ վատ վիճակում են:

«Որ մարդիկ գումար ունենային՝ կվճարեին, այս խնդիրներն էլ չէին առաջանա: Եթե մուտքեր չկան, մենք ինչպես կարող ենք ելք անել, աշխատավարձ վճարել»,-ավելացրեց համայնքապետարանի աշխատակիցը:

Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ հողի հարկի հավաքագրման ցուցանիշը Արգինայի համայնքապետարանը կատարել էր պլանավորածի 4.3%-ի չափով, գույքահարկինը՝ 31.8%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter