Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Կոռուպցիան դպրոցներում. կրկնուսույցների գործունեությունը մնում է օրենքով չկարգավորված



Ավագ դպրոցում վճարովի պարապմունքների հաճախող աշակերտների թիվը բավական բարձր է` գրեթե յուրաքանչյուր 2-րդը վճարովի պարապմունքների է մասնակցում: Հանրապետության 12-րդ դասարանցիների 60,3 տոկոսը պարապում է կրկնուսույցների մոտ։

Այս մասին նշված է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում հանրակրթության ոլորտում» հետազոտության մեջ, որն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (այսուհետ՝ ԹԻՀԿ) և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ների կողմից։

2016 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կրկնուսույցների մոտ պարապող ավագ դպրոցի աշակերտների տեսակարար կշիռը Երեւանում ավելի բարձր է՝ 56,2 տոկոս։ Մարզերում այն 38,3 տոկոս է։

Վճարովի պարապմունքների մասնակցող աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ դասարանների

Հետազոտության ընտրանքում ընդգրկված 11-րդ դասարանի 31 աշակերտներից 15-ը, օրինակ, իսկ 12-րդ դասարանի 27 աշակերտներից 14-ը մասնակցում են վճարովի պարապմունքների:

Պարապմունքների միջին հաճախականությունը կազմում է շաբաթական 3 դաս: Աշակերտները միջինում վճարովի պարապմունքների են հաճախում 10,8 ամիս, ինչը բավականին բարձր թիվ է:

Յուրաքանչյուր առարկայի ամսական միջին վարձավճարը կազմում է 12,200 դրամ: Ավագ դպրոցի աշակերտների (10-12-րդ դասարան) առարկաների ամսական վարձավճարների միջին չափն ավելի բարձր է՝ մոտ 16,600 դրամ:

Ցածր դասարանների դեպքում ամսական վարձավճարների միջին չափը մոտ 9000 դրամ է:

Ըստ հետազոտության հեղինակների՝ աշակերտներին առաջարկվող վճարովի պարապմունքներն ինքնին բացասական կամ դատապարտելի երևույթ կամ անբարեխիղճ վարքագիծ չեն կարող համարվել, քանի որ այս պրակտիկան առկա է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ օրինաչափ է համարվում: Սակայն վճարովի պարապմունքները կարող են առավել խնդրահարույց լինել շահերի բախման եւ կոռուպցիոն այլ ռիսկերի տեսանկյունից:

Այսպես՝ վճարովի պարապմունքների ամենաբացասական հետևանքներից մեկն աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելն է։ Ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, ում հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում:

Շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ թվանշանի մեխանիկական բարձրացումը եւ «առաջադիմություն» ցույց տալը: Եթե լրացուցիչ պարապմունք իրականացնող անձը տվյալ առարկան դասավանդող ուսուցիչն է, ապա հաճախ աշակերտի թվանշանը բարձրացվում է գիտելիքների մակարդակին ոչ համարժեք:

Վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթությունն արգելված չէ, սակայն դպրոցի տարածքում դրանք կարող են իրականացվել միայն համապատասխան պայմանագրերի հիման վրա:

Իսկ ահա դպրոցի տարածքից դուրս ուսուցիչների կողմից վճարովի պարապմունքների հարցը օրենսդրորեն կարգավորված չէ:

Եվ որ ամենավատն է՝ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման որևէ մեխանիզմ ներկայումս չկա, հնարավոր լուծումները լավագույն դեպքում փնտրվում են բարոյական դաշտում, ինչը, բնականաբար, խնդրի ինստիտուցիոնալ լուծում չի կարող համարվել:

Ներկայիս իրավական կարգավորման շրջանակներում որևէ կերպ արգելված չէ տվյալ առարկան դասավանդող ուսուցչի կողմից նույն դասարանի աշակերտների հետ պարապմունքներ անցկացնելու հնարավորությունը, առկա չեն այդ բնագավառում ուսուցիչների էթիկայի կանոններ ո՛չ օրենսդրական, ո՛չ էլ ենթաօրենսդրական մակարդակում:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ կրթության ցածր որակը խթանում է վճարովի հիմունքներով կրթություն ստանալու պահանջարկի ավելացումը։ Պատճառները մի քանիսն են. մեկն այն է, որ բուհական ընդունելության քննություններն անհամեմատ բարդ են դպրոցի կրթական ծրագրի բովանդակության համեմատ: Այս մասին նշել են նաեւ դպրոցների մանկավարժները։

Եթե նախկինում ընդունելության քննությունների քննական հարցերում տեղ էին գտնում կրթական ծրագրի մեջ չներառված թեմաներ, ապա այժմ այդ անհամապատասխանությունը գրեթե բացակայում է, փոխարենը պահպանվում է վարժությունների եւ խնդիրների բարդությունը:

Ըստ հարցվողների գերակշիռ մեծամասնության՝ քննական առաջադրանքների բարդությունը գրեթե անհնար կամ շատ դժվար է դարձնում առանց կրկնուսույցի մոտ պարապելու բուհ ընդունվելու հնարավորությունը:

«Իրենց ուժերով միայն 10 տոկոսն է ընդունվում բուհ: Մյուսները պարապում են ընդունելության համար»,-այսպես է նշել Երեւանի ավագ դպրոցներից մեկի տնօրենը։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեծ խնդիրներ կան նաեւ ավագ դպրոցում, եւ կրթության անբավարար որակն այստեղ ստեղծում է նպաստավոր պայմաններ կրկնուսույցների ծառայությունից օգտվելու համար:

Ավագ դպրոցների ուսուցիչների կարծիքով՝ իրենք դասավանդում են բավական «խայտաբղետ» կազմ ունեցող դասարաններում: Դրանցում, ըստ ուսուցիչների, փոքրաթիվ են այն աշակերտները, որոնք ավագ դպրոցում հոսքային ուսուցում ստանալու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ունեն: Մեծ թիվ են կազմում հետագա մասնագիտության հարցում չկողմնորոշված աշակերտները: Բացի այդ, քանի որ աշակերտները եկել են այլ դպրոցներից, ուսուցիչները ծանոթ չեն նրանցից յուրաքանչյուրի կարողություններին ու նախասիրություններին: Ծնողներն իրենց երեխաներին հաճախ ուղարկում են ավագ դպրոց միայն այն բանի համար, որ վերջիններս ինչ-որ զբաղվածություն ունենան, չհայտնվեն փողոցում: Բազմաթիվ աշխատող ծնողների համար ավագ դպրոցը երեխաների զբաղվածությունն ապահովելու, նրանց վարքի նկատմամբ վերահսկողություն ունենալու այլընտրանքային հնարավորություն է:

Ստացվում է, որ ավագ դպրոցն այդպես էլ չի ծառայում իր նպատակին: Չնայած ժամանակին այն ստեղծվել էր լրացուցիչ պարապմունքները, կրկնուսույցների ինստիտուտը վերացնելու համար: Ենթադրվում էր, որ ավագ դպրոցն այնպիսի որակյալ կրթություն պետք է տա, որ այլևս կրկնուսուցման կարիք չլինի: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ