HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միքայելյանի գործով նիստը չկայացավ. փաստաբանը թույլ չտվեց իրեն խուզարկել

Ամալյա Մարգարյան

Վերաքննիչ քրեական դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի բողոքի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը դահլիճ չմտավ, քանի որ կարգադրիչներին թույլ չտվեց  խուզարկել իր պայուսակը։ Կարգադրիչները պնդում էին, որ առանց զննության պաշտպանը չի կարող մտել նիստերի դահլիճ: Նշեցին նաև, որ զննության համար համապատասխան սարքավորումը չի աշխատում։

Նիստը մեկնարկեց առանց պաշտպանների ներկայության, սակայն Արմեն Միքայելյանը հրաժարվեց առանց փասատաբանների մասնակցել բողոքի քննությունը։ Նախագահող դատավոր Ռ․ Մխիթարյանը նիստը  հետաձգեց՝ պաշտպանների ներկայությունն ապահովելու համար։ Այն կկայանա հուլիսի 14-ին։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ իր հետ առաջին անգամ է նման բան տեղի ունենում և Վերաքննիչ դատարանում այսպիսի բան չէր սպասում։

«Խուզարկություն որոշեցին կատարել՝ անունը դնելով զննություն: Առաջարկեցին, որպեսզի ես պայուսակս բացեմ։ Նորություն ասած չեմ լինի, որ իրականում դա խուզարկություն է, ես առաջակեցի սարքով ստուգել, ասացին, որ չի գործում։ Ես չեմ ենթարկվել իրենց անօրինական պահանջին, ուստի ինձ չթողեցին մտնել դատարանի դահլիճ»։ 

Լուսինե Սահակյանը նշեց նաև, որ կարգադրիչները լավ հասկացել են, որ առանց իրենց ներկայության նիստը չի կայանա։

«Փաստաբանները կանգնած են դատարանում, պետք է կարգադրիչներին ասել, որպեսզի անօրինականություն չանեն։ Շատ եմ ցավում, որ այս ամենը կատարվում է Վերաքննիչ դատարանում,-հավելեց փաստաբանը և ավելացրեց, որ քաղաքական դիրքորոշման հետ է կապված,- ընդհանուր դիրքորոշում է՝ կապված քաղաքական գործերի հետ, նաև քրեակատարողական հիմնարկներում է այս անօրինականությունը կատարվում։ Կապում եմ նաև փաստաբանական պալատի թուլացման հետ»։

Արմեն Միքայելյանի մյուս պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ գործի մեջ որևէ ապացույց չկա, որը վկայում է ապօրինի զենք պահելու մասին։ Կայացրած դատավճիռն էլ կապեց քաղաքական ենթատեքստի հետ։ 

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը մարտի 17-ի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար և դատապարտվել 1 տարվա ազատազրկման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter