ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Վաղն 90 %-ով այստեղ չեմ լինի»,- սպանության նախորդ օրը Հայկազ Բարսեղյանի ասածները վերապատմել է վկան



Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Այսօր դատարանում հարցաքննված վկան կուրսանտ Արշակ Մարտիրոսյանն էր: Վերջինս որպես վկա է անցնում նաև սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանի հոր` գնդապետ Զարմիկ Մարկոսյանի գործով, ով, հիշեցնենք, մեղադրվում է ռազմական ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու մեջ:

Կուրսանտի սպանության գործի նյութերի հիման վրա Մարտիրոսյանի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել, որի քննությունն ավատվել է: Ըստ մեղադրանքի՝ Արշակ Մարտիրոսյանը Հայկազ Բարսեղյանի սպանության նախորդ օրը` 2014-ի հունվարի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնում Զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո՝ ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է վերջինիս՝ այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Այս գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Արշակ Մարտիրոսյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու արագացված դատաքննություն պահանջել: Դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ է սահմանել 2 ամիս ժամկետով կալանավորումը, որը պայմանականորեն չի կիրառել՝ կուրսանտի նկատմամբ սահմանելով մեկ տարի փորձաշրջան:

Մարտիրոյանն ի սկզբանե դատարանին հայտնեց, թե ինքը դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հիշում և չի հասկանում, թե ինչո՞ւ են իրեն հրավիրել, նշեց, որ ամբաստանյալների հետ նորմալ հարաբերություններ ունի:

Չնայած սպանված Հայկազ Բարսեղյանի և Մարտիրոսյանի միջև վերը նշված միջադեպին՝ վերջինս նշեց, որ Հայկազի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, որ Հայկազը ուրախ ու լավ սովորող երիտասարդ էր, որ նրա մոտ տրամադրության անկում չի նկատել:

Մարտիրոսյանը կարծիք հայտնեց նաև, որ Հայկազը իրեն վնաս չէր պատճառի` ըստ ամենայնի նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալների պաշտպաններից ոմանք խոսում են նաև Հայկազ Բարսեղյանի ինքնասպան լինելու հավանականության մասին:

Մանրամասնելով իր և Հայկազ Բարսեղյանի միջև 2014թ.-ի հունվարի 28-ին տեղի ունեցած միջադեպը՝ Մարտիրոսյանը նշեց, որ վիճաբանությունը տեղի է ունեցել, քանի որ Հայկազը կուրսանտներից մեկին «ձեռք է առել», և ինքը նկատողություն է արել նրան: 

Ըստ Մարտիրոսյանի ցուցմունքի՝ իր և Հայկազի միջև խոսակցությունն անավարտ է մնացել, հետո, երբ Հայկազը գնացել է իր սենյակ` խոսակցությունը շարունակելու, ինքն ասել է, որ հաջորդ օրը խոսեն:

«Վաղն 90%-ով այստեղ չեմ լինի»,- պատասխանել է Հայկազ Բարսեղյանը: Թե ինչու է Հայկազ Բարսեղյանը նման բան ասել, վկան չգիտի: 

Նշենք, որ, ըստ այս գործում առկա ցուցմունքների, Մարտիրոսյանը միակ անձը չէ, ում Հայկազը նման բան է ասել: Վկաներից մեկն էլ, օրինակ, դատարանում ցուցմունք տալիս պատմել է, թե սպանության նախօրդ օրը Հայկազն իր շորերից մեկն առաջարկել է մեկ այլ կուրսանտի՝ ասելով, որ դա իրեն երևի պետք չի գա, քանի որ «վաղն այլևս այստեղ չի լինի»:

Ինչ վերաբերում է սպանության հանգամանքներին, վկան այս մասով էական ոչինչ չնշեց: Ասաց, որ դեպքի օրը քնած է եղել և միայն առավոտյան է տեղեկացել կատարվածի մասին:

Այսօր դատարանը կողմերին տեղեկացրեց, որ ստացվել է վկա Սամվել Սերոբյանի վերաբերյալ քրեական հետախուզության վարչության գրությունը, համաձայն որի՝ Սերոբյանը 2017թ.-ի ապրիլի 1-ին հատել է Հայաստանի սահմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերոբյանի՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնելու վերաբերյալ դատարանը գրություններ էր ստացել Սերոբյանից ու վերջինիս հորից, բայց հարկ էր համարել ևս մեկ անգամ պատկան մարմնին գրություն ուղարկել ու ճշտել Սերոբյանի և վերջինիս հոր կողմից ստացված տեղեկության իսկությունը:

Նշենք, որ այսօր դատական նիստը սկսվել է շուրջ 30 րոպե ուշացած: Պատճառն, ըստ դատավոր Դավիթ Հարությունյանի, տեխնիկական խնդիրներն էին՝ կապված դահլիճի կահավորման հետ:

Դահլիճն  ապակիներով կիսել էին և փոխել դրա կահավորանքը: Փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են հանգամանքով, որ հունիսի 21-ին այս նույն դահլիճում է տեղի ունենալու «ՊՊԾ գնդի» գործով դատական նիստը, որը նախապես նշանակված էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն տեղափոխվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ