HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը կոչ են արել առավել սառնասիրտ լինել

Ինչպես հայտնել էինք՝ երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն  անվստահություն է հայտնել ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին՝ առաջարկելով հրաժարվել Երևանի ավագանու լիազորություններից։

Երևանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ շաբաթ օրը տեղի է ունեցել կուսակցության ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել է աշխատաոճի որդեգրման, առավել սառնասիրտ մոտեցումներ ցուցաբերելու հարցերը, սակայն, Հայկի փոխանցմամբ, անգամ չեն ենթադրել, որ իրենց այդ առաջարկները կընդունվեն որպես դավաճանական քայլեր. «Մենք պատրաստ չէինք։ Ես նման սպասումներ չեմ ունեցել։ Չէինք ենթադրում, որ մեզ մեղադրելու են այնպիսի արարքներում, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,-նշեց Հայկ Պետրոսյանը։

Հայկի փոխանցմամբ՝ կուսակցության ավագանու մյուս անդամներին Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևն առաջարկել են քաղաքական շատ հարցերի մոտենալ առավել հաստատակամ, սառնասիրտ և հետևողական՝ հաճախ չօգտագործելով էմոցիոնալ երանգները, քանի որ նման աշխատաոճը կբերի տեսանելի արդյունքների և կիրականացնի իրենց ներկայացրած Երևանի զարգացման ծրագիրը։

Հայկն ասում է՝ ավագանու մյուս անդամների և իրենց միջև  տեղի ունեցածը գործողությունների հետևանք չէ, քանի որ որևէ գործողություն, մինչ իրականացնելը, նախապես քննարկվել է ավագանու անդամների միջև՝ փոխհամաձայնության միջոցով իրականացնելով. «Ես ենթադրում եմ, որ վերջին նիստից հետո, մեր քննարկումների ժամանակ, երևի թե նրանք որոշեցին, որ մեր առաջարկներն իրենց համար ընդունելի չեն, և հանդես եկան այդ հայտարարությամբ»։

Պետրոսյանը չի մանրամասնում, թե որոնք են եղել էմոցիոնալ երանգները՝ խորհուրդ տալով դիտել ավագանու նիստի ձայնագրությունը` եզրակացություններ անելով։

Հայկ Պետրոսյանը տեղյակ չէ, թե ավագանու մյուս կին անդամներն ինչպես են ցանկանում իրականացնել իրենց գործողությունները: Կարծում է, որ միգուցե նրանք լուծումը տեսնում են էմոցիոնալ քայլերի միջոցով, բայց այնքան էլ համաձայն չեն այդպիսի աշխատաոճի հետ. «Մեր կարծիքով միշտ չէ, որ այդ ոճը առարկայական է և միշտ չէ, որ այդ ոճը կիրառելի է։ Այսինքն՝ իհարկե այն միգուցե ժամանակ առ ժամանակ արդյունավետ է , բայց միշտ չէ, որ դա պետք է լինի։ Մեր կողմից նաև առաջարկ արվեց, որ ընդհանուր առմամբ ավագանու աշխատաոճը քննարկել ավագանու անդամների միջև և փորձել որոշակի ձևաչափ մշակել, որպեսզի  այդ աշխատանքը լինի կոմպրոմիսային, և եթե չի կարող կոմպրոմիսային լինել, ապա բոլորը համաձայնեն այն  ոճին և այն աշխատանքին, որը  մենք տանելու ենք։ Սա իրենք ինչ-ինչ պատճառներով գնահատել են որպես դավաճանություն»,- ասաց Հայկ Պետրոսյանը։

Ամփոփելով զրույցը՝ ավագանու անդամը հավելեց, որ իրենք միայն առաջարկում են քաղաքացիների և քաղաքի խնդիրները լուծել` սառնասիրտ վերաբերմունք ցուցաբերելով. «Համոզված ենք՝ առավել սառնասիրտ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, քան էմոցիոնալ երանգներին տրվելը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter