Կիրակի, 23 սեպտեմբերի

Շնողում հուղարկավորեցին սահմանին զոհված Արայիկ Մատինյանին



Արայիկ Մատինյանի զոհվելու լուրը ցնցել էր ողջ Շնողը: Արայիկի զոհվելու մասին մայրը՝ Նաիրան, դեպքի օրը՝ հունիսի 16-ի երեկոյան` ժամը 20:00-ին, «Շանթ» հեռուստաընկերության  լուրերից է իմացել:

«Դեպքը դիրքում, կացարանի դիմաց է եղել, որտեղ իրենք հանգստանում են: Կացարանի դիմաց հաց էին ուտում, 5 զենքից միանգամից կրակ են բացել, 4 արկը մի քիչ հեռու է ընկել, մեկ արկը` մոտիկ, ինչից 3 զինծառայող սպանվել է, մեկը` վիրավորվել: Արայիկն անմիջապես է մահացել»,- «Հետք»-ին պատմեց զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Սևակ Սարգսյանը:

Նրա խոսքով, Արայիկը զորամասի առաջնագծում դիպուկահար է եղել: Որպես հմուտ դիպուկահար` հրամանատարությունն ամիսներ առաջ նրան ուղարկել է Նուբարաշեն՝ վերապատրաստման դասընթացների:

«Շատ լավ զինվոր էր Արայիկը և շատ լավ էր ծառայում»,-ասաց փոխգնդապետը: Առաջնագծում տիրող վիճակի մասին մեր հարցին Սևակ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ ասի, որ այդքան էլ լարված է, բայց երբ դիրքում  մարդ կամ մեքենա է երևում, կրակում են: Եթե ասես լարված է, լարված չէ»:

Պապի՝ Վանիկ Մատինյանի խոսքով, Արայիկի հայրն ու մայրը ոչ մի տեղ չեն աշխատում: Քույրը՝ Արփինեն, Երևանի պետական մանկավարժական համալսարանի Սոցոլոգիայի ֆակուլտետում է սովորում:  «Մի կերպ` պարտքով, վարկով հայրը աղջկան սովորեցնում է: Մնում է մեկ տարի: Մեկ-մեկ ես եմ քոմագ անում: Շատ վատ վիճակում են: Երեք տղա, մեկ աղջիկ ունեն: Արայիկը շատ աշխատող, խելոք տղա էր: Նվիրված էր ծնողներին: Մի երկու անգամ զորամասում պատվոգիր են տվել` որպես լավ ծառայողի, երեք անգամ էլ արձակուրդ են ուղարկել»,-պատմեց պապը:

«Լուսավոր տղա էր, Արայիկը: Դպրոցում շատ լավ էր սովորում: Ավագ դպրոցի 11-րդ դասարանի վերջին ամիսներին, իմ ենթադրությամբ, ընտանիքի սոցիալական վիճակի պատճառով դպրոցը թողեց, 12-րդ դասարանը չեկավ: Մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, մի քանի ամիս աշխատեց ու վերադարձավ: Վերադառնալուց հետո հանդիպեցինք: Ասաց` Ռուսաստանի Դաշնությունում փականագործի մասնագիտություն է սովորել: Ասաց` եկել եմ ծառայության մեկնելու»,-պատմեց  դասղեկը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Լաուրա Թամազյանը:

«Պատերազմն էս ինչ բերեց մեր գլխին: Ոնց կլինեն ապրելիս, էս քանի տարի է` Ռուդիկը աշխատանք չունի: Էդ ընտանիքը շատ լավ ընտանիք ա, Ռուդիկն ու Նաիրան շատ լավ երեխաներ ունեն: Ալիևի տունը քանդվի: Սհե բան կլի: Չորս զինվոր են  միանգամից սպանվել: Արայիկն ուրիշ տղա էր»,- ասաց հարևան Աքսինա Մարգարյանը:

Արայիկ Մատինյանը Թումանյանի  երկրապահ բաժանմունքի  պատանի երկրապահների ջոկատի անդամ է եղել: «Երկրապահ բաժանմունքի բոլոր միջոցառումներին, այդ թվում նաև  դիպուկ  կրակելու մրցումներին է մասնակցել: Ակտիվ երեխա էր նա»,- հայտնեց  երկրապահների Թումանյանի բաժանմունքի նախագահ Գագիկ Մարգարյանը:

Այսօր հարազատներն ու ողջ Շնողը հուղարկավորեցին 19-ամյա Արայիկ Մատինյանին: Հրաժեշտի խոսքեր չասացին: Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանի 2017թ.-ի  հունիսի 17-ի  հրամանագրով Արայիկ Մատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Մեդալը զինվորի հորը՝ Ռուդիկ  Մատինյանին հանձնեց պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

«Ըստ էության, նորություն ասած չեմ լինի՝  ոչ պատերազմի, ոչ խաղաղության ժամանակահատվածում ենք մենք գտնվում, և, ցավոք սրտի, կորուստներից ուղղակի հնարավոր չի լինում խուսափել: Ինչ վերաբերում է` ինչքան պետք է շարունակվի այդ լարված վիճակը, ասեմ, որ սրանք սահմանային միջադեպեր են, որի հետևանքով կան զոհեր և´ հայկակական, և´ ադրբեջանական կողմերից: Ինչքանով է սփոփանք, եթե ասենք, որ միշտ է Ադրբեջանը պատասխան ստանում: Պատասխանում ենք թվային և ցավացնելու տեսակետից: Ուղղակի դրանք հարկադրված միջոցառումներ են, որը իրականացվում է պաշտպանության նախարարության կողմից: Ինչքան պետք է շարունակվի, կշարունակվի այնքան, մինչև կայուն խաղաղություն չհաստատվի: Իսկ խաղաղությունը երկկողմանի ճանապարհ է, հասկանում եք, որ միակողմանի ճանապարհ չի լինում: Դա Հայաստանի կամ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից կախված չէ»,- «Հետք»-ի հարցին պատասխանելով` նշեց Արտակ Դավթյանը։

«Հետք»-ի հաջորդ հարցին, թե առաջնագծում ինչու՞ են միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ծառայում, Ա. Դավթյանը պատասխանեց. «Այդ հարցին մեր նախարարն էլ է պատասխանել: Սոցիալապես ընտանիքիների զավակները ոչնչով մեղավոր չեն, և հիմա երևի թե հարմար չէ, որ վիճակագրական թվեր մեջբերենք: Հասկանանք ուղղակի մի բան, եթե մեր երկրում սոցիալական անապահով խավը բավականին լուրջ կշիռ է կազմում, ապա հասկանում ենք, որ այդ անձանց զավակները ավելի շատ տեսակարար կշռով ծառայելիս կլինեն առաջնագծում: Բայց եկեք այդպիսի շեշտադրում չանենք: Հարմար պահի մենք  կներկայացնենք ավելի հավաստի վիճակագրական թվեր այդ մասին»,-ասաց Արտակ Դավթյանը:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Գ.23:05 - 19 հունիսի, 2017
Աստված հոգիդ լուսավորի հերո՛ս ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ