HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մոսոյին ժամանակից շուտ ուզում են թաղել»,-դատարանում իր վերջին խոսքն ասաց սպանության գործով ամբաստանյալը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով վճիռ կայացնելու:

Մինչ այդ, այսօր տեղի ունեցած դատական նիստին վերջին խոսք ասաց այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը:

Ըստ մեղադրանքի, հիշեցնենք, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին ու նետել Քանաքեռավանի դիտահորը: Սպանությունից ավելի քան երեք տարի անց Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել, իսկ Իսրայել Սարգսյանը պնդում է, թե նա ողջ է, և որ ինքն է նրան հորդորել լքել Հայաստանը:

Այսօր դատարանում Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու երբեք չի ընդունի:

Ամբաստանյալն անդրադարձավ Արթուր Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերված և իրեղեն ապացույց չճանաչված բժշկական ձեռնոցին` նշելով, որ ինքը 24 օր շարունակ կալանավայրում հացադուլ է հայտարարել, որպեսզի այդ բժշկական ձեռնոցն իրեղեն ապացույց ճանաչվի:

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայն` դրա վրա հայտնաբերվել են այն զենքի կրակոցի արգասիքները, որով կատարվել է սպանությունը, սակայն ձեռնոցից հայտնաբերված ԴՆԹ-ն չի համապատասխանում ըստ գործի նյութերի սպանությունը կատարած անձի` Մովսես Ներսիսյանի ԴՆԹ-ի հետ:

Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մովսեսը չի սպանել Սաֆարյանին, այսպիսով հերքվում է նաև սպանության հետքերը թաքցնելու նպատակով իր՝ Մովսես Ներսիսյանին սպանելու վարկածը:

Իսրայել Սարգսյանը հիշեցրեց, որ իր վերաբերյալ գործի դատաքննության ընթացքում, նիստերից մեկի ժամանակ, մեղադրող դատախազ Հայկ Հակոբյանը չի առարկել, որպեսզի բժշկական ձեռնոցն իրեղեն ապացույց ճանաչվի, սակայն հաջորդ դատական նիստին մտափոխվել ու առարկել է:

«Պարզ է, որ ինչ-որ մեկը հասկացրել է մեղադրող կողմին, որ եթե ձեռնոցը իրեղեն ապացույցների շարքը դասվի, ապա դա կնշանակի, որ էս մարդը (ամբաստանյալը նկատի ունի իրեն. հեղ) չկա Արթուրի սպանության մեջ, գործը ջարդվում է:

Սարգսյանը նաև հռետորական հարց տվեց, թե «կիլերները որտեղի՞ց պիտի իմանային, որ ձեռնոցի մեջ կարող է ԴՆԹ հայտնաբերվել, ապա դատարանին ասաց, թե ինքն այդ մասին այս գործի քննության ժամանակ է իմացել:

Անդրադառնալով Արթուր Սաֆարյանի սպանության նպատակին, որն, ըստ մեղադրող կողմի, Թևոս Սաֆարյանի ազդեցությունը շրջապատում թուլացնելն է եղել` Սարգսյանը հարց տվեց, թե արդյոք այժմ Սաֆարյանի ազդեցությունը թուլացել է:

«Հլը մի հատ նայեք էլի` Թևոսը թուլացել ա՞, կամ Թևոսը թուլացո՞ղ տղա ա, էդ ի՞նչ հիմարություն է»,- ասաց Իսրայել Սարգսյանը:

Ամբաստանյալը կարծիք հայտնեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն անձամբ իր դեմ ոչինչ չունի և իրենց՝ տուժող կողմի պահանջով է իր համար ցմահ ազատազրկում պահանջում:

«Երեմ Սարգսյանը Թևոսենց կողմից նշանակված փաստաբան է, իրենց շահերն է պաշտպանում և, բնականաբար, ինքն իրենով ցմահ չէր ասի: Ենթադրում եմ, որ իրեն ասել են` գնա ու ցմահ ուզի: Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցող մարդիկ արդեն բողոքում են, դատարանում ցմահ են ուզում, դրա մասին արդեն չեմ կարա ոչ մի բան ասեմ. եթե իրենց պետք է, որ ես ցմահ նստեմ, եթե իրենց պետք չէ իրականությունն իմանալ, ինչի՞ մասին ա խոսքը»,-ասաց Սարգսյանն ու հավատացրեց, թե իրեն 25 տարի կամ ցմահ ազատազրկելով՝ չեն «կոտրի»:

Ըստ Սարգսյանի՝ իր գործի քննությունը շարունակ ձգձգել են՝ հույս ունենալով, թե կգտնեն Մովսեսի դին:

«Բայց տասը տարի էլ փնտրեն, չեն գտնելու. Մովսեսն այնտեղ չէ»,- հայտարարեց Իսրայել Սարգսյանը:

Նշենք, որ այս գործի դատաքննության ընթացքում Մովսես Ներսիսյանի որդին՝ Կարեն Ներսիսյանը քաղաքացիական հայց է ներկայացրել՝ դատարանից խնդրելով Իսրայել Սարգսյանին հոր սպանության մեջ մեղավոր ճանաչելու դեպքում նրան պարտավորեցնել  գումար փոխհատուցել՝ հոր հիշատակին գերեզմանատան տարածք և հուշաքար տեղադրելու համար:

Իսրայել Սարգսյանն այս առնչությամբ նշեց, թե Մոսոյին ժամանակից շուտ ուզում են թաղել, որից ինքը կարող է երկու եզրահանգում անել. կամ Մովսես Ներսիսյանը լավ ծնող չի եղել իր զավակների համար, կամ էլ նրա զավակներին նման «խորհուրդ են տվել»:

Ինքը՝ Սարգսյանը, հակված է երկրորդ տարբերակին. ասում  է՝ Մովսեսն, իր կարծիքով, զավակների համար լավ ծնող է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter