HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհն ինչպես որ կա և ինչպես չպետք է լիներ

Լեռ Կամսար

Աստվա՛ծ, աշխարհ ստեղծելը դժվար բան չէ, այդ ամեն մարդ կարող է, դժվարն այնտեղ կարգուկանոն հաստատելն է։

Քո ստեղծած աշխարհը ոչ թե ապրելու համար է, այլ մեռնելու։ Ազգերն իրենց անվերջ պատերազմներով այն դարձրել են կատարյալ մի սպանդանոց։

Պատերազմ ու կոտորած, կոտորած ու պատերազմ։

Ինչո՞ւ պետություններին ստեղծել ես այնքան ագահ, որ ինչքան տիրեն, այնքան ուզեն։

Արդյոք դա առաջ է գալիս տեղի նեղվածությունի՞ց։

Պետություններ կան, որ այնքան լայն երկիր են հագնում, որ կարծես Աբիսողոմ աղայի վերարկուն լինի, որը տեսնողն ասում է․

- Կարծես այս վերարկուի մեջ մարդ կա։

Այնպիսի լայնարձակ պետություններ կան, որոնց հագնողները եթե կանայք լինեին, անկարելի էր, որ առանց ազատ տարածության մեջ բամբակ թխմելու հագնեին։

Իսկ մարմնով այնքան վտիտ Թուրքիան, փոխանակ իր լայն տարածության մեջ բամբակ թխմելու, ելավ հայերին կոտորեց, հույներին երկրից վտարեց։

Այն Թուրքիան, որ ձմեռները ցրտից շան նման վնգստում է։

Կա՞ պետություն, որի գլխին թեկուզ աշխարհի բոլոր հողերը լցնես, լիանա և ասի «բավական» է։

Ու չասի՝ «բավական չէ»։

Եվ դրանք հարևան երկիրը տիրելու մեկ ձև միայն ունեն․ այն է՝ հարձակվել, կոտորել ու տիրանալ։

Այսպես չէ, սակայն, մասնավոր մարդկանց մոտ։ Նրանք իրենց հարևանի տանը կմոտենան այն ժամանակ միայն, երբ թերթի մեջ կարդան, թե այդ տունը ծախու է։

Ասենք, տանտերը ժառանգ չունենալու համար ծախում է տունն՝ ուտում։

Բայց պետությունը մեռնի էլ չի ծախի։

Իսկի պատահե՞լ է ձեզ որևէ թերթի մեջ կարդալ, թե Անգլիան կամ Ֆրանսիան երկրից հեռանալու համար վաճառում են իրենց երկրները։

Մի տուն գնելու համար քաղաքացին փող է վճարում, իսկ լայնածավալ պետություններ գրավվում են ձրի, կոտորելով նրա բնակիչներին․․․

Սա՞ է քո ստեղծած կարգուկանոնը, Աստվա՛ծ։

Չեմ կարող ասել, որ դու կարգուկանոնի մասին գաղափար չունես։ Փաստեր կան, որ ապացուցում են այդ կարողության գոյությունը։

Օրինակի համար, կրիաներ ստեղծելիս մի-մի պատյանի մեջ ես խցկել ու խստիվ պատվիրել ուրիշի պատյանի մեջ չմտնել։

Այնտեղ պատյանի առուծախ անգամ չի կատարվում։ Ապրում ու մեռնում են իրենց միակ պատյաններում։

Եթե իմ մեղադրանքներից մի անգամ ընդմիշտ ազատվելու համար հայտարարես, թե՝ «ես գոյություն չունեմ»՝ դարձյալ չես ազատվի ձեռքիցս։

Կմատնանշեմ Ռուսաստանը, որտեղ սոցիալիզմը քեզանից ավելի գոյություն չունի, և որը տե՛ս, թե ինչպիսի օրինակելի կարգուկանոն է մտցրել իր երկրում։

Նրա բոլոր քաղաքներում ստեղծված են Քաղսովետներ, որոնք պատրաստի բնակարան են բաժանում իրենց քաղաքացոց ճիշտ այնպես, ինչպես դու պատյան ես բաժանել կրիաներին։

Դրանք քարե շինվածքներ են, կրիաների պատյանից ավելի անփոփոխելի ու միանվագ՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Մեռնելիս էլ իրենց պատյաններով թաղվում են։ Մի անգամ չափում և ընտանիքիդ անձերի համեմատ բաժանում են․ այնուհետև ուզում ես բազմացիր, ուզում ես քչացիր, այդ է, բնակարանդ ո՛չ կլայնանա, ո՛չ կնեղանա։

Մինչդեռ փոքր կրիայի պատյանը, նայած իր հասակին՝ անվերջ լայնանում է։

Ես հավատացած եմ, Աստվա՛ծ, եթե դու էլ պետությունները ստեղծելիս Ռուսաստանի նման այսպես գիպսերի մեջ դնեիր ազգերը, այսօր առաջ չէին գա Ռուսաստանի նման մեծ, Ալբանիայի նման փոքր պետություններ։

Պետություններ, որոնց հողերը ոչ փողով հնար լիներ գնել, ոչ պատերազմով գրավել։

Այնպես, ինչպես Քաղսովետների կառուցած շենքերը, որոնք ո՛չ փոխանակության են ենթակա, ո՛չ վաճառման։ Ընկար մեջը՝ պիտի խեղդվես։

Աստվա՛ծ, մի՞թե քեզ համար դժվար է մի համաշխարհային Քաղսովետ ստեղծել։

Մի Քաղսովետ, որ վերցնի հին աշխարհի բոլոր խարխլված պետությունները պլանի մեջ գցի, քանդի և նրանց փոխադրի վերոհիշյալ նոր շենքերը։

Եթե ամեն բնակարան իր առանձին արտաքնոցն ունենա, առանձին խոհանոցը, էլ ինչո՞ւ պետություններն իրար հետ պիտի կռվեն։

Իսկ ներկա պայմաններում կռիվն անխուսափելի է, որովհետև մեծ պետությունները սեփական արտաքնոցներ չունենալուն համար, ողջ աշխարհն ապականում են ․․․

1965թ․, անտիպ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter