HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարությունը ցածր նշաձող է սահմանել

Գործադիր մարմինը երեկ արտահերթ նիստ է անցկացրել, քննարկել կառավարության 2017-2022 թթ. ծրագիրն ու հավանության արժանացրել։ Այն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

Ծրագիրը, որը հեղինակներն համարում են «Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր», իրականում, այնքան էլ հավակնոտ խոստումներ չի տալիս։ Ամենաառանցքայինը տնտեսական աճի մասին ցուցանիշն է. 2017-2022 թվականների ընթացքում Կառավարությունը ծրագրել է տարեկան ապահովել համախառն ներքին արդյունքի միջինը շուրջ 5% աճ։

Ու թեև կառավարությունը համարում է, որ 5% տնտեսական աճի միջոցով զարգացած երկրների համեմատ առաջանցիկ տեմպ են ապահովվելու, սակայն, հաշվի առնելով, Հայաստանի համախառն ներքին արդյունքի ծավալները (2016-ին` մոտ 5 տրլն 79.9 մլրդ դրամ), դա մեծ ցուցանիշ չէ։ Ավելին՝ տպավորություն է, որ Կառավարությունը բավականին զգուշավորություն է ցուցաբերել այս հարցում։  Համեմատած նախորդ տարվա, երբ ՀՆԱ-ի աճը կազմեց ընդամենը 0.2%, այո, 5% տնտեսական աճն ավելի գոհացուցիչ է, սակայն այդ տեմպերով աճի պարագայում քաղաքացին, դժվար թե, իր կենցաղում կենսակերպի որակական բարձրացում զգա առաջիկայում։

Ավելին, Հայաստանի տնտեսության ճյուղերն այսօր խիստ կենտրոնացած են մի քանի ենթաոլորտների շուրջ. օրինակ՝ արդեն մի քանի տարի է ծառայությունների ոլորտը համառորեն աճում է հիմնականում 2-3 ենթաոլորտների հաշվին, նույնն էլ՝ արդյունաբերությունը և այլն։ Այսինքն՝ նաև շատ կարևոր է, թե այդ 5% աճն ինչ «բաշխվածություն» է ունենալու և կրկին մի քանի ոլորտների հաշվին է գրանցվելու, թե՞ «բաշխվելու է» հավասարաչափ։ Այս մասին կառավարության ծրագրում որևէ հստակ ձևակերպում չգտանք։

Միայն մի հատվածում նշված է. «ՀՀ կառավարությունը հետապնդում է տնտեսության որակական առաջընթացն ինովացիոն զարգացման ճանապարհով ապահովելու նպատակը, որի արդյունքում պետք է գրանցվի ընդհանուր տնտեսության, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտադրողականության մակարդակի արագընթաց աճ»։

Իսկ առավել շատ քննարկվում է այն հարցը, թե որքանով է իրատեսական 5% տնտեսական աճի ապահովումը։ Ինչպես նշեցինք, սա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ։ Հայաստանը տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ է գրանցել 2000 թվականից ի վեր, այդ թվում ՝ երկնիշ աճ։ Այլ հարց է՝ արդյոք այդ աճին համահունչ տնտեսական զարգացում ապահովվե՞լ է։ Չէ՞ որ, ավելի կարևորվում է տնտեսական զարգացումը, քան աճի ցուցանիշը։ Այնպես որ, 5%-ը իրատեսական ցուցանիշ է թվում, և Կառավարությունը, փաստորեն, այնքան էլ բարձր նշաձող չի սահմանել իր համար։ Ավելին, եթե համաշխարհային շուկայում իրադրությունը հօգուտ Հայաստանի ընթանա, օրինակ՝ պղնձի միջազգային գները բարձրանան, Կառավարությանը «գործը կհեշտանա», քանի որ ՀՀ արտահանման կազմում պղինձը զգալի տեղ ունի, և արտահանումից ստացվող եկամուտների աճը լրացուցիչ խթան կհանդիսանան տնտեսական աճի համար։ Նույն կերպ, եթե նավթի գները բարձրանան, Ռուսաստանի տնտեսությունը կշահի, և այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները կավելանան ու կնպաստեն տնտեսական աճին։

Տնտեսագետները բազմիցս կարծիք են հայտնել, որ երկրում որակական փոփոխություների համար Հայաստանին հարկավոր է երկնիշ տնտեսական աճ, այն էլ՝ զարգացում ապահովող, ոչ թե՝ աճ, որը գրանցվել է հանքերի դատարկման կամ  միայն սահմանափակ թվով ոլորտների հաշվին։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Մյուս ուշագրավ ցուցանիշները, որ շեշտադրել է կառավարությունը, հետևյալն են.

  • արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45%-ի

  • աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով

  • զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Նշենք, որ կառավարության ծրագիրը ծավալուն է։ Այն ավելի քան 120 էջ է՝ բաղկացած  չորս հիմնական բաժիններից՝  պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսական ոլորտ և սոցիալական ոլորտ։ Ծրագրին, այդ թվում՝ աղքատության կրճատման և աշխատավարձր բարձրացման վերաբերյալ խոստումներին, առաջիկայում կանդրադառնանք։

Իսկ հիմա՝  արտահանման մասին համառոտ։ «Երկիրը պետք է առաջնորդվի առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով, որտեղ տնտեսական աճի առանցքային շարժիչն արտահանումն է»,- գրված է ծրագրում։ Արտահանման վրա հիմնված աճի ապահովման համատեքստում ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապրանքների և ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ` հասցնելով շուրջ 40%-ի:  Այս նպատակին հասնելու համար առանձնացվել են  երկու գլխավոր  քայլեր։ Առաջինը արտահանման առկա, հատկապես արտոնյալ ռեժիմներ ունեցող շուկաներ (ԵԱՏՄ, ԵՄ) մուտքի խոչընդոտների առավելագույն վերացումն ու ԵԱՏՄ շրջանակներում նոր արտահանման շուկաների հասանելիության բարձրացումն է։

Երկրորդը՝ երկկողմ հարթության մեջ թիրախային երկրների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների ձեռքբերումը:  Արտահանման ծավալները մեծացնելուն ուղղված Կառավարության քայլերի մի մասը, ըստ ծրագրի, պետք է իրականացվեն մինչև այս տարեվերջ։ Օրինակ՝ մինչև 2017 թվականի ավարտը ներդնել Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգ (Registered Exporter System)։

Ուշադրություն դարձնենք, որ կառավարությունը արտահանման կազմում շեշտադրում է ոչ միայն ապրանքներն, այլև՝ ծառայությունները։ Սա ևս բարձր նշաձող չէ կառավարության համար, քանի որ այսօրվա դրությամբ ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը, ըստ պաշտոնական տվյալների, ՀՆԱ-ի շուրջ 30%-ի շրջանակներում է։

Իսկ, ընդհանուր առմամբ, այս և նմանատիպ այլ ծրագրեր, որոնք որևէ մարմնի ու ոլորտի զարգացման ռազմավարությունն են նկարագրում, շարքային քաղաքացուն քիչ են հետաքրքրում։ Նրանց անգամ առանցքային՝ տնտեսական աճի մասին ցուցանիշները չեն հետաքրքրում։ Քաղաքացին տնտեսական զարգացումը չափելու իր մեխանիզմն ունի։ Այն շատ պարզ ու մատչելի է՝ եթե իր կենցաղում ու կենսակերպում որակի բարձրացում կա, ուրեմն երկրի տնտեսությունն իսկապես աճել է։ Հենց սրանով կարելի է մեկ տարի հետո գնահատել, թե ինչպես է աշխատել Կարեն Կարապետյանի կառավարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter