HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդումների` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք խոշտանգել են քաղաքացիներին

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։ 

Այսպես, ծեծի և դանակահարության մեջ մեղադրվող, արդարադատության նախարարության Գորիս քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 05.01.2017թ.-ին ներկայացել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետի տեղակալն իրենից պահանջել է ներկայացնել որպես հանցագործության գործիք կիրառած դանակը, սակայն մերժում ստանալով, հայհոյել է իրեն և հարվածել դեմքին: Այնուհետև, ըստ հաղորդման, հիշյալ պաշտոնյան կանչել է ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների, ովքեր վերջինիս հանձնարարությամբ ծեծի են ենթարկել Ս. Ա.-ին:

Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Խոշտանգման փաստով մյուս դեպքը հարուցվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Վ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 10.06.2017թ.-ին` դատարանում, իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում, իր վերաբերյալ քննվող քրեական գործով քննիչը խոշտանգել է իրեն: Երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, քննիչը հարվածներ է հասցրել իրեն և մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել հանցագործությունը:

Հիշյալ դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter