HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: 

Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։ 
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ:

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով ցուցաբերված օժանդակությունը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ՝ հատկապես տնտեսության ոլորտում:

Այնուհետև Կարեն Կարապետյանն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և կառավարության գործունեության նոր ծրագրին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: 

Իր հերթին, Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու ՀՀ կառավարության հետ կոնկրետ ուղղություններով և տեղեկացրել, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օժանդակության ծրագիրը: Դեսպանն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը մեր երկրի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Տիկին Ֆարնուորթը հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 և բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջև մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր: 

Կարեն Կարապետյանը կարևորել է բրիտանական կապիտալի և բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ փոխգործակցություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter