HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եվրոպացիները Վրաստանում ենթակառուցվածք են ստեղծում, իսկ Հայաստանում բավարարվում են համատեղ պեղումներ իրականացնելով

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախասրահը մշտապես լիքն է կապոցներով ու արկղերով: Սովորաբար, այդպես է լինում տեղափոխությունների կամ վերանորոգումների ժամանակ, բայց սա այդ դեպքը չէ: «Սրանք Արենիից եւ երկու այլ հուշարձաններից պեղված օրգանական մնացորդներն են»,- բացատրում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը եւ ավելացնում, որ ինստիտուտի աշխատասենյակներն ու ավտոտնակները նույնպես լիքն են կապոցներով, նյութերը պահպանելու պայմաններ չունեն:

Ոչ միայն հնագիտության ինստիտուտը, այլեւ պեղումներ իրականացնող մյուս  կազմակերպությունները նույնպես պեղված նյութերը պահպանելու պայմաններ չունեն, ամեն մեկն իր ներքին հնարավորությունն օգտագործելով է պահպանում: «Դրանք տոննաներով են, այդպես է ստացվել, որովհետեւ անցյալ դարի 60-ական թվականներից գիտությունը հնագետին պարտավորեցնում է դաշտից հավաքել ամեն ինչ եւ հետազոտել: Մինչ այդ, հնագիտական արշավախմբերը պեղումներ կատարելիս հավաքում էին այն, ինչ իրենց իմացությունը թույլ էր տալիս հասկանալու, որ դրանք կարեւոր կամ արժեքավոր են»,- ասում է պրն Ավետիսյանը:

Հնագիտական արշավախմբերն իրենց հավաքած նյութերը հանձնում են «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին կամ Հայաստանի եւ Երեւանի պատմության թանգարաններին, որպեսզի հետո շարունակեն հետազոտել: Ինստիտուտի տնօրենն ասում է, որ գիտությունն այնտեղ պետք է զարգանա շարունակաբար, բայց դրա համար անհրաժեշտ տարածք պետք է ունենալ, որպեսզի պեղված ողջ նյութը հողից մաքրվի, հաշվառվի եւ պահպանվի: «Մերոնք հոյակապ են վերականգնում, բայց ենթակառույցներ չկան թանգարանին սպասարկելու համար: Այսօր ես պեղում եմ այնչափով, որչափով այսօրվա գիտությունն է ինձ հնարավորություն տալիս: Սակայն, 30 տարի հետո այլ մեթոդաբանություն կլինի եւ ավելի զարգացած»,- համոզված է պրն Ավետիսյանը:

Նա ցույց է տալիս հնագիտական նյութ պարունակող մի արկղիկ, որը 2013 թ.-ին տարվել է Ռումինիա՝ ուսումնասիրելու նպատակով: Ռումինացի հետազոտողը նյութը՝ ձկան ոսկորները, վերադարձրել է 4 տարի անց: «Սա հնարավոր էր 2 օրում անել, բայց միակ մասնագետն այնտեղ է: Ես նրան ներգրավում եմ մեր աշխատանքներում, տալիս եմ այս նյութը, ասում եմ` հեղինակային իրավունքը քեզ է պատկանում, տար, ուսումնասիրի»,- ասում է Պ. Ավետիսյանը:

Հնագիտության ինստիտուտի լաբորատորիան քայքայված, վթարային շինություն է, կիրառության համար ոչ պիտանի: Սակայն, ամռան արեւոտ օրերին, երբ գոնե անձրեւը չի ողողում սենյակները, մասնագետներն աշխատում են այստեղ: Սան Ֆրանցիսկոյից հնէակենդանաբան Հանա Չեզնը երկու շաբաթով հրավիրվել է Քարաշամբի դամբարանից պեղված կենդանական ոսկորն ուսումնասիրելու համար: Հանան մարդկաց եւ կենդանիների միջեւ հարաբերակցությունը պետք է որոշի: Նա ծանոթ է Հայաստանին, 6 տարի մասնակցել է պեղումների՝ ընդգրկվելով հայ-ամերիկյան արշավախմբում: Նրա առջեւ դրված ոսկորների կույտը, ինչպես բացատրում է հայերենի իր փոքր բառապաշարով, ընդամենը մեկ դամբարանից հանված կենդանական ոսկորների մի մասն է, իսկ Քարաշամբում պեղել են 500 դամբարան:

«Դա մասնագետը պետք է անի, ամեն մեկը չի կարող անել, բայց մենք նրան կարող ենք պահել երկու շաբաթ»,- ասում է պրն Ավետիսյանը եւ ավելացնում,- հնագիտությունը զարգացնելու մասին, եթե խոսք կա, ուրեմն անպայման պետք է ենթակառույցները զարգացնել: Եթե ունենամ տարածք` կպատրաստեմ իմ մասնագետը, որը թանկ հաճույք է, բայց պետք է գնանք այդ ճանապարհով»:

Նշում է, որ մեզ մոտ անգամ սարքավորումը կարող է լինել, բայց չկարողանան աշխատեցնել: Առաջին քայլն այն է, որ հայաստանցի գիտնականները նյութը բերեն այնպիսի մակարդակի, որ անալիզներ արվի, դրա համար անհրաժեշտ է ֆոնդ, վերականգնող եւ նախնական կամերալ (գրասենյակային) մշակման հնարավորություններ: Պեղված 1000 օրինակից մեկն է ցուցադրվում թանգարանում, իսկ 999-ը, որ ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, եւ որի հետ գիտնականը պետք է աշխատի, պիտի պահպանվի հնագիտության ֆոնդում: «Որպեսզի ես իմ ուսանողներին մասնագետ դարձնեմ, նա պետք է այդ 999-ին ձեռք տա»,- շեշտում է տնօրենը:

Հնագետները հաճախակի են օրինակ բերում Վրաստանին, որտեղ այս ոլորտը առաջընթաց է արձանագրում: Պրն Ավետիսյանը նույնպես նշում է, որ Վրաստանում ենթակառուցվածքները լավ են զարգանում՝ արտասահմանյան դրամաշնորհներով ստեղծում են անալիտիկ-լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ: Երբ գերմանացիները կամ ֆրանսիացիները գալիս են համատեղ ծրագրերի համար բանակցելու՝ վրացիները պահանջում են ենթակառուցվածքներ ստեղծել` նրանց համագործակցությունն այդպիսի ավարտ է ունենում: «Մեզ առաջարկում են՝ համատեղ պեղումներ իրականացնել, մեզ հետ պատրաստ են տասնյակ ծրագրերում ներգրավվել, այդ դեպքում փողի մեծ մասն իրենց երկրում է մնում: Բայց, երբ ասում եմ` քո արշավախմբի հետ կապված նյութերն ուսումնասիրելու համար պայմաններ ստեղծիր` չի արվում: Սա քաղաքական մոտեցում է»,- ափսոսանքով է ասում տնօրենը:

Վերջինս մեկ այլ արտառոց փաստ էլ է նշում. հնագետները նյութը տրամադրում են ՊՈԱԿ-ին կամ թանգարանին եւ նրանք դա ցուցադրում են, գրքեր, կատալոգներ են հրատարակում, այլ երկրներ ցուցադրության են տանում: Դրանց համար պեղող հնագետի թույլտվությունն է անհրաժեշտ, բայց մեզ մոտ դրա գիտակցումն էլ չկա,  հազվադեպ են հեղինակի թույլտվությունը հարցնում:

«Անգամ պայմանագրով չի ամրագրվում իմ եւ նրա իրավունքներն այդ նյութի հետ կապված:  Ես պարտավոր եմ հանձնել, բայց պետական մի հիմնարկից մյուսին անցնելու դեպքում նյութը պետք է գնահատվի, հետո հանձնվի: Մեզ մոտ գնահատման համակարգը չկա: Աբսուրդ է, ես պետության գումարները ծախսում եմ ինչ-որ բան ստեղծելու համար, եւ դրա հետեւում հսկայական աշխատանք կա` գումար եւ ինտելեկտ է վատնվում: Երբ դա հանձնում եմ որեւէ մեկին, չպե՞տք է գնահատվի, թե ինչ եմ արել, ինչ եմ ծախսել լաբորատոր հետազոտություններ անելու, լվանալու, վերականգնելու համար»,- նշում է հնագիտության ինստիտուտի տնօրենը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter