HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պյոտր Սվիտալսկի. «Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի»

Օրեր առաջ ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ պետք է փոխվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը և հանձնաժողովում պետք է ներառվեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։  Այս հայտարարությանը ի պատասխան ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը Սվիտալսկուն խորհուրդ էր տվել մատնանշել այն դրական  միտումներն ու բարեփոխումները, որոնք եղել են և կան Հայաստանի ընտրական համակարգում, ոչ թե հնչեցնել գնահատականներ երկրի ներքաղաքական կյանքի վերաբերյալ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր կայացած ասուլիսի ժամանակ, ոչ ուղղակիորեն անդրադարձավ իշխող Հանրապետական կուսակցության այս հայտարարությանը, նշեց, որ հանրային քննարկումներ ծավալելիս և եզրակացություններ անելիս, շատ կարևոր է հարգել դիմացինին և տեսաձայնագրության, ձայնագրության միջոցով ստուգել, թե ինչ է ասել այդ մարդը։

Անդրադառնալով իր՝ որպես ԵՄ պատվիրակի դերակատարությանը, դեսպանը ընդգծեց, որ ինքը իշխանավորներին հանրային հայտարարությունների միջոցով չի հաղորդել և չի հաղորդի ուղերձներ. «Մենք շատ լավ, աշխատանքային հարաբերություններ ունենք։ Լավ հաղորդակցման միջոցներ և ալիքներ ունենք և ես գնահատում եմ դա։ Ես, մասնագիտական տեսանկյունից բավարարված դիվանագետ եմ, որովհետև կարող եմ շատ ուղղակի, անկեղծ և ազնիվ երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ, բայց նաև այլ շահագրգիռ կողմերի հետ։ Ինձ համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի ես ուղերձներ տեղ հասցնեմ։ Ես դրա կարիքը չունեմ և ես դա չեմ անում»,-ասաց նա։

ԵՄ դեպսանը նաև շեշտեց, որ ընտրությունների անցակցման համար Եվրամիությունը տրամադրել է շատ մեծ և զգալի ֆինանսական աջակցություն՝ ավելի քան 7 միլիոն եվրո։ Դեսպանը չթաքցրեց, որ առանց այդ գումարի, առանց այդպիսի մասնակցության ընտրական գործընթացում ներդրված տեխնոլոգիաները չէին օգտագործվի։

Դեսպանը նաև հատուկ շեշտեց, որ ընտրությունների անցկացման համար տրամադրված գումարներն ու աջակցությունը եղել է Հայաստանի իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա. «Մենք երբեք չենք փորձել ստիպել։ Եթե մեր աջակցությունը այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի, չենք պարտադրի մեր ներկայությունը։ Մենք կարծում ենք, որ այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար դրական էր, և որ մեր աջակցության շնորհիվ էր, որ որոշակի բարելավումներ հնարավոր դարձան»։

Սվիտալսկին մինչ այժմ չի լսել, որ որևէ մեկը դժգոհի՝ ընտրությունների անցկացման մեխանիզմում իրենց ներդրած միջոցներից, այդ իսկ պատճառով ասաց, որ պատրաստ են շարունակել աջակցել, բայց եթե կան թերահավատություններ կամ կարծիքներ, որ ԵՄ-ի արածը այդքան էլ ցանկալի չէ, իրենք մեծապես հարգում են հայաստանցիների ինքնիշխան ընտրությունը։

Իսկ այն հայտարարությանը, որին արձագանքել էր Էդուարդ Շարմազանովը , դեսպանը շեշտեց, որ այն գնահատական չի եղել ընտրությունների վերաբերյալ, իր խոսքով՝ այն ապագային ուղղված հայացք է եղել։ Հավաստեց՝ այդ հայտարարությունը նա արել է շատ բարեկամական և սիրալիր, կառուցողական տրամադրությամբ։

Լուսանկարը՝ panorama.am 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter