HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտային հացի քաշը «գցել» են

Բանտային հացի մասին մեր հետաքննությունից մի քանի օր անց սկսեցինք ահազանգեր ստանալ քրեակատարողական տարբեր հիմնարկներից՝ «Սևան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և այլ ՔԿՀ-ներից ու ազատազրկվածների հարազատներից: «Բանտի հացի որակը նույնն է մնացել՝ էլի միջուկը թաց է, բայց Ձեր հետաքննությունից հետո հացերը փոքրացրել են, քաշը գցել են». այս մասին մեզ ահազանգեցին ազատազրկվածների ընտանիքի անդամները:

Կալանավորներից մեկն անգամ կշռել էր հացը՝ 500 գրամ նախկին 650-ի փոխարեն:

Թվում է՝ բանտի հացի որակի մասին հարցը բարձրացնելուց հետո ՔԿ ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը պետք է, որ որակի՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան հացերով ապահովեին ազատազրկվածներին: Սակայն հակառակը՝ մի բան էլ քաշն է նվազում:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՔԿ վարչություն, որտեղից մեզ պատասխանեցին, թե այս տարվա մայիսի 18-ին փոփոխություն է տեղի ունեցել կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման մեջ. սահմանվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական նվազագույն չափաբաժինները, առանձնացվել է սննդի տրամադրման  սեզոնային կարգ: Հիշեցնենք, որ նախկինում սահմանվել էին օրական միջին չափաբաժիններ:

Ըստ Կառավարության որոշման փոփոխության, նվազել են ազատազրկվածներին տրվող սննդի չափաբաժինները, մասնավորապես՝ հացը սահմանվել է 500 գրամ բոլոր սեզոններին, պանրի տրամադրումը նախկին ամեն օրվա փոխարեն, սահմանվել է ամսական 15 օր՝ 25 գրամով: Սահմանափակվել է նաև մսի ու մսամթերքի տրամադրումը՝ դառնալով ամսական 16 օր՝ 90 գրամով:

Սակայն, անգամ նախկին որոշմամբ սահմանված օրական սնունդը՝ պանիր, մսամթերք, միս, կաթնամթերք, ըստ ազատազրկվածների ու նրանց հարազատների, յուրաքանչյուր օրվա սահմանված չափաբաժնով չի տրամադրվել տարիներ շարունակ:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter