HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով վկաները հանդես եկան ցուցմունքով

Ամալյա Մարգարյան

Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվող «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի գործով նիստը։ Վկայությամբ հանդես եկան Լևոն Սահակյանի ընկեր Արտակ Գրիգորյանը և նշանած Արեգնազ Թովմասյանը։ Վկա Արտակ Գրիգորյանը պատմեց, որ դեպքի օրը՝ 2016թ.-ի հոկտեմբերի 19-ի երեկոյան, Լևոն Սահակյանի  հետ գնացել են «Պատանի լրագրողների» դպրոց, քանի որ, ըստ նախնական պայմանավորվածության, Վահան Ղազարյանը խոստացել էր վճարել Լևոն Սահակյանի նշանածի աշխատավարձը։ Վկան նշեց, որ Վահանի հետ նորմալ զրույց է ընթացել, սակայն վերջինս ասել է, որ գումարը չի կարող վճարել: «Պարտքն ավելի վաղ է եղել, երկու-երեք ամիս առաջ պայմանավորվել էին։ Լևոնը ասաց, որ ժամանակը եկել է, եկել ենք պարտքի հետևից։ Վահանը բարձր տոնով սկսեց խոսել, որ դա ինքնասիրության հարց չէ, գումարը կտա։ Սկսվեց վիճաբանությունը»,-ավելացրեց Ա․ Գրիգորյանը։

Վկան նշեց նաև, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել, եթե Վահան Ղազարյանը չվճարեր համապատասխան գումարը, ապա, փոխհատուցման ձևով, կտար դպրոցի տեսախցիկներից մեկը։

«Լևոնը  նստած էր, հետևում տեսախցիկներն էին դրված, Լևոնը ձեռքերը հետ տարավ, ասաց՝ ո՞ր մեկն ես տալիս։ Վահանը վրա եկավ ու ասաց, որ ապարատը տեղը դնի։ Ես փորձեցի երկուսին էլ հանգստացնել»,-շարունակելով ցուցմունքը` հայտնեց վկան, հետո ավելացրեց, որ տեսախցիկը տեղը դնելուց հետո ամբաստանյալը չհանդարտվեց

«Վահանն անընդհատ գոռում էր՝ էդ ու՞մ կամերան ես տանում, որից հետո դանակ հանեց ու փորձեց հարձակվել Լևոնի վրա։ Դուռը փակ էր միանգամից չկարողացանք դուրս վազել։ Դռան կողքի ապակին կոտրվեց։ Վահանը Լևոնի վրա եկավ, Լևոնը բռունցքով հարվածեց ճակատին, Վահանը հետ-հետ գնաց հետևի սեղանին հենվեց։ Ես երբ հասա Լևոնին, արդեն վիրավորված էր»։

Վկան նշեց, որ բուն դանակահարության պահը չի նկատել, քանի որ դռան ապակին կոտրվելուց հետո ոտքի ներքևի հատվածում ծակոց է զգացել, մտածել է, որ վնասվել է։ Հետո, մոտենալով Լևոնին, տեսել է կրծքավանդակի հատվածում ստացած վերքը։

Շարունակելով ցուցմունքը՝ Արտակ Գրիգորյանը ասաց, որ ամբաստանյալը Լևոն Սահակյանին դանակով հարվածելուց հետո սկսել է գոռալ և իր աշխատակիցներից մեկին դիմելով կրկնել՝ «զենքս բեր» բառերը։

Արտակ Գրիգորյանը

Դատավորի այն հարցին՝ ինչպես է փորձել վկան խանգարել ամբաստանյալին, Ա․ Գրիգորյանը նշեց, որ ինքը Վահան Ղազարյանի հետևի մասում է գտնվել, փորձել է հետևի կողմից նրա ձեռքերը պահել, բայց վախեցել է, ձեռքը բռնել, քանի որ դանակն անընդհատ շարժման մեջ է եղել։ Վկան ավելացրեց, որ երբ ինքն ու Լևոն Սահակյանը մոտեցել են ավտոմեքենային, Վահան Ղազարյանը նրանց հետևից դուրս է գնացել՝ ձեռքի մեջ ատրճանակ պահելով։

Նիստի ընթացքում Լևոն Սահակյանի` դահլիճում գտնվող ընկերներից Արմեն Սարգսյանը ընդհատեց նիստը և ասաց, որ Վահան Ղազարյանն է Լևոն Սահակյանին կանչել այդ օրը, դրա մասին Լևոնն է իրեն ասել։ Այնուհետև դատարանը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։

Ամբաստանյալը հարց տվեց Արտակ Գրիգորյանին՝ արդյո՞ք վերջինս չի հիշում, թե ինչպես է իրեն գետնից վեր բարձրացրել հետո ասաց․ «Ինձ տարար միջանցք, հետո ասացիր խփել ես, ասացի հա, ոտքից»։

Վկան ժխտեց և ասաց, որ նման բան չի եղել, ամբաստանյալին գետնից չի բարձրացրել, չի կպել միայն դիմացը կանգնել է, որպեսզի Լևոնին նորից չհարվածի։

Ամբաստանյալ Վահան Ղազարյանը, վկային դիմելով, նորից հարց տվեց։

_Լևոնը վիրավորված էր, դու ներսում էիր, թե՞ իմ կողքը կանգնած էիր միջանցքում։ Հետո ավելացրեց․ «եթե հիշողության հետ պռոբլեմներ ունես, հենց հիմա հատիկ-հատիկ պատմեմ, հիշեցնեմ»։

Դատարանը հիշեցրեց, որ դատավարության համապատասխան փուլում ամբաստանյալին հնարավորություն կտրվի հանդես գալ ցուցմունքով։

Վկայի ցուցմունքը լսելուց հետո պաշտպանական կողմը խնդրեց դատարանին նախաքննական ցուցմունքները ևս ընթերցել՝ հակասություններ նկատելով դրանց միջև։ Դատարանը բավարարեց, ընթերցվեցին նախաքննական ցուցմուքները, սակայն վկան խնդրեց արժանահավատ ընդունել այսօր տված ցուցմունքը՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս եղել է շոկային վիճակում և վախեցած, այդ պատճառով չի հիշել և նաև առաջին ցուցմունքի մեջ նշել է, որ Լևոնի հետ մեքենայից չի իջել։

Երկրորդ ցուցմունքով հանդես եկավ Լևոն Սահակյանի նշանած Արեգնազ Թովմասյանը։ Նշեց, որ աշխատանքի առաջարկ է ստացել աշխատել «Պատանի լրագրողների» դպրոցում աշխատելու, 1 ամիս փորձաշրջան անցել, որից հետո սկսել աշխատել, սակայն տնօրենը անընդհատ ձգձգել է պայմանագրի կնքումը։ Հետո աշակերտներին դասավանդնելու առաջարկ է նաև ստացել, սակայն աշխատավարձի մասին խոսակցություններ չի եղել, երեխաների ուսման վարձից Արեգնազը ստացել է առաջին աշխատավարձը։ Վկան նշեց նաև, որ Վահան Ղազարյանը ձգձգել է  գրասենյակի վարձի փոխհատուցումը՝ բնակարանի տիրոջ մոտ տարբեր պատճառաբանություններ բերելով։ Ա․ Թովմասյանը հայտնեց, որ աշակերտներից մեկի մայրը երեխաների էքսկուրսիայի ամբողջ ֆինանսավորումը իր վրա է վերցրել, սակայն Վահան Ղազարյանը երեխաներից գումար է հավաքել։ Արեգնազը նշեց նաև, որ վերջնականապես որոշել է աշխատանքից դուրս գալ, երբ վճարովի նյութը զբաղվածության պատճառով չի հասցրել արագ պատրաստել, որի պատճառով Վահան Ղազարյանը սկսել է իրեն վիրավորել։

«Լարված խոսակցություն սկսվեց մեր միջև, ինքն անձնական վիրավորանքեր սկսեց հասցնել ինձ, ասելով, որ ես փողի մեռած եմ, որ ինձ համար կարևորը փողն է։ Ես ասացի, որ թեման փակում ենք ու դուրս եմ գալիս աշխատանքից։ Զանգեցի Լևոնին ասացի, որ վեճաբանություն է սկսվել, Լևոնն էլ ինձ ասաց, որ վեշերս հավաքեմ ու դուրս գամ»,-հայտնեց Արեգնազ Թովմասյանը։

Նշեց նաև, որ աշխատանքային տեսախցիկ է ունեցել իր մոտ, աշխատակիցներից մեկը աշխատանքից դուրս գալուց հետո զանգահարել է և խնդրել այն հետ վերադարձնել, վկան պատասխանել է, որ կվերադարձնի միայն իր աշխատավարձը ստանալուց հետո։ Սակայն Լևոն Սահակյանը տեսախցիկը վերադարձրել է Վահան Ղազարյանին և պայմանավորվել, որ կստանա նշանածի աշխատավարձը։

Վկան նշեց, որ չի իմացել, որ դեպքի օրը Լևոն Սահակյանը գնացել է Վահան Ղազարյանի հետ հանդիպելու։

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին։

 

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Վայրի ժողովուրդ ենք, երկու կոպեկի համար իրար մորթող! Հարցի կենտրոնական մեխն այստեղ է՝ //սակայն տնօրենը անընդհատ ձգձգել է պայմանագրի կնքումը!// - Եթե ձգում էր, ինչու՞ էիր աշխատում, այ հեր օրհնածի աղջիկ, եւ այդ մարդկանց (ոչ այնքան խելացի) կրակի մեջ գցում: - Այսպիսի իրական պատմություն է եղել արաբական մի երկրում: Հայը 35 հզ. դոլլար էր տվել հնդիկին մի քանի տոկոս շահով, որը ռեստորան էր բացել: Մի քանի ամիս վճարելուց հետո հնդիկը սննկացել ու փախել էր: Հայը բռնեցրել էր, հայհոյել ու մի ապտակ զարկել: Մեղադրեցին հային, ստիպեցին ներողություն խնդրել հնդիկից եւ ճամփեցին դատարկ, ասելով՝,,փողդ որտեղի՞ց տա, եթե չունի մարդը ,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter