HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ներդրումներ Կոտայքի գյուղատնտեսությունում. Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Նախարարը շրջել է համալիրում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

«Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել ջերմոցային համալիրի շինարարությունը, որի համար ներդրվելու է 5.5 մլրդ դրամ: 11 հա տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունում տարեկան նախատեսվում է արտադրել 5000-6000 տոննա լոլիկ, որի մեծ մասը կիրացվի տեղական շուկայում: Արտահանման շուրջ ևս արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության և արաբական երկրների հետ:  Այստեղ նախատեսում են հաջորդ երկու տարիների ընթացքում կառուցել ևս 20 հա լոլիկի արտադրության ջերմոցային համալիր, որը կապահովի 200 մշտական աշխատատեղ տեղի բնակչության համար:

Այնուհետև նախարարն ուղևորվել է գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող «Վիլֆուդ» ՍՊԸ:  Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքի մոտ 35 տոկոսն իրացվում է տեղական շուկայում, իսկ մնացած մասն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա: Օգոստոս ամսին նախատեսվում է վերաբացել նոր արտադրամաս, որը  թույլ կտա կրկնապատկել արտադրանքի ծավալները:  Բացի այդ, ընկերությունում 2008 թվականին ներդրվել է գերմանական նոր հոսքագիծ, որի շնորհիվ հնարավոր է դարձել կազմակերպել եվրոպական ստանդարտներին համապատասխանող կափարիչների արտադրություն:

Այցի ավարտին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Նոր Գեղի համայնքում նորակառույց «Քեյ Էմ Ջի» ելակի ջերմոցային տնտեսություն: Ընկերության տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոն նշել է, որ 3 հա-ի վրա սկսել են զբաղվել ելակի արտադրությամբ,  աճեցնում են «Ալպիոն» տեսակի ելակ: Օգոստոսին նախատեսում են բերք ունենալ,  որը կիրացնեն տեղական շուկայում, ինչպես նաև կարտահանեն ՌԴ:

«Մենք այսօր եղանք մարզում կառուցվող նոր ջերմատներում, որոնք ամբողջությամբ նոր ներդրումներ են և արտահանման մեծ ներուժ ունեն: Եղել ենք նաև «Վիլֆուդ» գործարանում, որը բարձրակարգ պահածոյացված արտադրանք է թողարկում և շարունակում է ներդրումներ կատարել՝ ընդլայնելու արտադրությունը: Սրանք այն լավ օրինակներն են, որոնք դրական ազդակ կլինեն մյուս ներդրողների համար այն առումով, որ հայկական արտադրանքը մրցակցային կարող է լինել Ռուսաստանի և արտերկրի շուկաների համար»,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը:

Ի․ Առաքելյանի խոսքով՝ ջերմոցաշինությունը Հաայստանում զարգացման նոր թափ է ստանում, քանի որ այստեղ ռիսկերը նվազագույնի են հասցված, այն ապահովագրված է բնակլիմայական աղետներից, ավտոմատացված համակարգեր են ներդրված, որտեղ մարդկային գործոնը շատ փոքր  է: 

Անդրադառնալով կառավարության ծրագրի գյուղատնտեսության հատվածին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է մատչելի ֆինանսական միջոցներ տրամադրել գյուղացիական տնտեսություններին կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցների, ինտենսիվ այգիների համար:  

Բացի այդ, 2018 թվականից կիրականացվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որպեսզի շատ արագ այն ներդրվի հանրապետության բոլոր թիրախային գոտիներում՝ կարկտահարության և բնական այլ աղետների վնասները փոխհատուցելու նպատակով, ինչն այսօր արդիական խնդիր է գյուղատնտեսության զարգացման ճանապարհին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter