HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանին մեղադրում են նաև փողերի լվացման մեջ . «իգլայի գործով» նախաքննությունն ավարտվել է

ԱԱԾ վարույթում քննվող «Իգլայի» հայտնի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին «Հետք»-ին ասաց այս գործով անցնող, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Փաստաբանի խոսքով՝ Բաբայանի մեղադրանքից հանվել է Քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, որը վերաբերում է ռազմամթերքի մաքսանենգությանը:

Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ: Բացի այդ, ինչպես պարզվեց, Բաբայանը մեղադրվում է նաև քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշերով, այն է՝ հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելը կամ այլ կերպ ասած՝ փողերի լվացումը:

Փաստաբան Ավետիս Քալաշյանը այս առնչությամբ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ մեղադրանքն իրենց ևս հասկանալի չէ, բացի այդ նշեց, որ այս պահին ավելին ասել չի կարող:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն, ինչպես նաև երկու այլ անձինք ձերբակալվել են մարտի 22-ին` ԱԱԾ-ում մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով:

Այս գործի շրջանակներում ձերբակալվածներից մեկը Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն է:Գործով ևս մեկ անձ ձերբակալվել էր Վրաստանում, և Գլխավոր դատախազությունը դիմել էր Վրաստանի իրավապահներին՝ Այդ անձին, ով ՀՀ քաղաքացի է, Հայաստանին հանձնելու հարցով: Թե ինչ ընթացք է ստացել այդ դիմումը՝ այս պահին հայտնի չէ:

Ստացվում է, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել է մաքսանենգ ճանապարհով ռազմամթերք տեղափոխելու փաստի առթիվ, ըստ այս գործով նախնական տվյալների՝ մաքսանենգ եղանակով ռազմամթերք տեղափոխելու պատվիրատուն եղել է Սամվել Բաբայանը, ում մեղադրանքից, փաստորեն, մաքսանենգությունը հանվել է:

Քալաշյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք գործով անցնող բոլոր անձանց մեղադրանքից է հանվել մաքսանենգությունը, թե ըստ նախաքննություն իրականացնող մարմնի՝ եթե ոչ մաքսանենգ եղանակով, ապա ինչպե՞ս է իգլան հայտնվել Հայաստանի սահմանին, սակայն այս հարցերին Քալաշյանը նպատակահարմար չգտավ պատասպանել՝ նշելով, որ դա իրենց հետաքրքիր չէ:

«Մեզ  հետաքրքրում է միայն այն, որ ապացուցվեց, որ Սամվել Բաբայանը, անկախ նրանից իգլա բերել է, թե ոչ, այդ ամենի հետ կապ չունի»,- ասաց փաստաբանը:

 Վերջինս նշեց, որ Սամվել Բաբայանն իրեն առաջադրված երկու մեղադրանքներն էլ չի ընդունում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter