HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուջեն սուղ է. Կառավարությունը կրճատել է նաև «Արմավիր» ԲԿ-ին տրվող գումարները

Մարզերի բժշկական հաստատությունները տարեցտարի հայտնվում են դժվար վիճակի մեջ: Կառավարությունը կրճատում է հատկացվող գումարի չափը, ինչը բացասաբար է անդրադառնում բժշկական հաստատությունների վրա, ընթացքում կուտակվում են պարտքեր: «Հետքն» արդեն անդրադարձել է էլեկտրաէներգիայի համար բժշկական կենտրոնի կուտակած պարտքերին:

«Արմավիր» ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանն ասաց, որ բժշկական կենտրոնի պարտքերը երկար տարիների պատմություն ունեն: Ասում է, որ ինքը Մեծամորի ԲԿ-ից է տեղափոխվել Արմավիր՝ 2011 թվականի դեկտեմբերի կեսերին: Այդ ժամանակ պարտքը եղել է 88 միլիոն դրամ: Վճարովի ծառայությունները եղել են ցածր մակարդակի՝ ամսական մոտ 2.5 միլիոն դրամ: Այժմ վճարովի ծառայությունները հասնում են ամսական մինչև 12 մլն դրամի և մեկ տարվա ընթացքում պարտքերի չափը կտրուկ նվազել է: Սակայն դժվարությունները դրանով չեն ավարտվել:

«Այդպես շարունակվեր, նորմալ, բոլոր հարցերը լուծվելու էր, բայց փոխեցին աշխատավարձի վճարման կարգը: Որպես հարկ` ամիսը 7000 դրամ էինք տալիս աշխատողի համար, հիմա արդեն 24.5% պետք է պահվի և այլն: Դա փոխվեց, բյուջեում փոփոխություն տեղի չունեցավ: Տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի թանկացում, բյուջեում փոփոխություն տեղի չունեցավ: Նվազագույն աշխատավարձը երկու անգամ բարձրացավ, բայց բյուջեում փոփոխություն տեղի չունեցավ: Բյուջեի ավելացում պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք այդ հարցերը լուծել»,- ասում է Սարգիս Խաչատրյանը:

Սարգիս Խաչատրյանը

Ավելին, տնօրենն ասաց, որ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունն այս տարի կրճատվել է 38 միլիոն դրամով: Հարցին, թե տրվել է հիմնավորում, տնօրենն այսպես պատասխանեց. «Մենք հիմնավորում ումի՞ց պահանջենք: Ասում են՝ բյուջեն սուղ է, վճարովի ծառայություններով պետք է կոմպենսացնեք: Իսկ այդքան վճարովի ծառայություններով հնարավոր չէ: Եվ գնալով այսպես պարտքերը կուտակվում են»,- ավելացրեց Սարգիս Խաչատրյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որ նախորդ տարվա բյուջեն կազմել է 876 միլիոն դրամ, որից էլ կրճատվել է 38 միլիոն դրամը: Նա ասում է, որ կրճատված գումարի հետևանքներն ի հայտ կգան տարվա վերջում, երբ ծախսերն ամբողջացվեն:

Դեղորայքի գծով միայն «Նատալի Ֆարմ» ընկերությանը ԲԿ-ն պարտք է մոտ 13 միլիոն դրամ: Մոտ 15 փոքր ընկերությունների ևս պարտքեր ունեն, որոնց ընդհանուր գումարի չափը կազմում է մոտ 8 միլիոն դրամ:

Սարգիս Խաչատրյանն ասաց, որ մինչև բյուջեի նվազեցումը կարողանում էին ընդունել, օրինակ, հեմոդիալիզով 21 հիվանդի: Այժմ չեն կարողանա պետպատվերի շրջանակում այդ թիվն ապահովել: Նշեց, որ օգտագործում են միանգամյա օգտագործման նյութեր, քանի որ Արմավիրի ջրի որակը վատն է, ռիսկ չեն անում լվանալ այդ ջրով և կրկին օգտագործել: Այդ իսկ պատճառով հեմոդիալիզի ծառայությունն իրենց համար ավելի թանկ է արժենում:

Միայն 7 միլիոն դրամ հեմոդիալիզի ծառայությունների բյուջեն է կրճատվել: Եվ այդ պայմաններում կկարողանան ընդունել 21-ի փոխարեն` 17 հիվանդ:

«Պետպատվերով ձևավորվող բյուջեն վերաբերում է անվճար դեղորայքի քանակին, դա էլ են կրճատել, սահմանափակվել է պետպատվերով հիվանդների, սոցխմբերի թիվը: Բոլորի վրա էլ անդրադառնում է կրճատումը»,- նշեց Սարգիս Խաչատրյանը:

«Արմավիր» ԲԿ-ի տնօրենի խոսքերով՝ յուրաքանչյուր բուժհաստատություն ցանկանում է զարգանալ, իսկ զարգացնելու համար անհրաժեշտ են ազատ գումարներ, որպեսզի կարողանան նոր սարքավորումներ՝ ԷԿԳ-ի ապարատ, գաստրոսկոպ, դատչիկներ, ռենտգեն սարքավորումներ, գործիքներ գնել: Տնօրենի ընկերների միջոցով վնասքաբանության ոլորտի համար թանկարժեք ապարատ է ձեռք բերվել՝ ԷՕՊ, որը նվիրել են ԲԿ-ին:

Սարգիս Խաչատրյանն ասաց, որ եթե չկարողանան ձեռք բերել նոր սարքավորումներ, հին սարքավորումները չկարողանան վերանորոգել, հիվանդներին ստիպված ուղարկելու են Երևան կամ այնպիսի բժշկական հաստատություններ, որտեղ նման սարքավորումներ կան: Բայց դեռ հիվանդներ ունեն, նրանք գալիս են բժիշկի մոտ, իսկ եթե բժիշկը ստիպված լինի իր հիվանդին ուղարկել այլ ԲԿ-ներ, մի օր էլ կկորցնի այդ հիվանդին, ինչը դարձյալ բացասաբար կանդրադառնա բժշկական կենտրոնի վրա:

Օրինակ, ցանկանում են ձեռք բերել համակարգչային տոմոգրաֆիա, որպեսզի հիվանդներին չուղարկեն Երևան, բայց ազատ գումարներ չունեն այդ սարքավորման համար:

«Դա հնարավոր չէ անել վճարովի ծառայությունների հաշվին, մարդիկ վճարունակ չեն: Մեկ թիվ ասեմ, եզրակացություն արեք: 2012թ. զեղչի համար դիմել էին դիմողների 7-8%-ը, իսկ այժմ 85%-ն է դիմում: Հիվանդը գալիս է, ծառայությունը վճարովի է, մարդն ասում է, որ չի կարող վճարել, խնդրում է մի քիչ զեղչ անել: Երկուշաբթի օրվանից, որ գաք մի քիչ նստեք այստեղ, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Այնքան է տրամադրությունդ ընկնում, որ ժողովուրդն այս վիճակում է: Իրոք նրանք չեն կարող վճարել, իրենց հագուկապից էլ երևում է»,- նշում է Սարգիս Խաչատրյանը:

Տնօրենի ասելով՝ եթե ծառայության գումարը քիչ է, ընդառաջում են, «ընկերական» սպասարկում ու ճանապարհում են, իսկ եթե գումարի չափը մեծ է, օրինակ՝ 200 հազար դրամ, մոտ 30 հազար դրամ զեղչ են անում, «որ մարդիկ տեղավորվեն»:

Այժմ լրացուցիչ ծառայություններ են ավելացրել: Դիահերձարանին կից գործում է դիակին ավտոմեքենայով տեղափոխելու ծառայությունը, հարդարման ծառայությունը և այլն: Հանգուցյալի «սպասարկումը» ամսական մինչև 1 միլիոն 200 հազար դրամ գումար է բերում հիվանդանոցին, որով կարողանում են որոշակի հարց լուծել:

«Ֆինանսական դժվարություններն առաջին հերթին կարելի է հաղթահարել բյուջեի ավելացման հաշվին: Երկրորդը մեզանից կախված չէ՝ ժողովրդի վճարունակության հարցն է: Ժողովուրդը պետք է հարուստ լինի, որ կարողանա գալ վճարովի ծառայություններից օգտվել: Երրորդը՝ հովանավորներ են պետք: Ոչ թե գումարը բերեն տան մեզ, այլ սարքավորումներ գնեն»,- նշում է Սարգիս Խաչատրյանը:

«Արմավիր» ԲԿ-ի տնօրենն ասում է, որ պատերազմող երկիր ենք, ըմբռնումով են մոտենում բյուջեի կրճատմանը: Բայց և կողմ է, որպեսզի համակարգային փոփոխություններ իրականացվեն: Ասենք՝ բժշկական կենտրոններին թույլ տան ընդլայնել վճարովի ծառայությունների քանակը:

Սարգիս Խաչատրյանը նշում է, որ պետք է այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի առողջը պահի հիվանդին, երիտասարդը՝ ծերին, հարուստը՝ աղքատին:

«Գեղեցիկ սկզբունք է, բայց, քանի որ մեր երկիրն այս վիճակում է, մենք ոչինչ պահանջելու չունենք: Բոլորն էլ ուզում են, որ լավ լինի, բայց միջոցներ չկան: Նախարարը շահագրգռված է, մարզպետը շահագրգռված է, որ լավ լինենք, պարտքեր չունենանք, ինքն է պատասխան տալիս բոլորի համար: Բոլորն էլ շահագրգիռ են, որ իրենց ենթակա հիմնարկները ծաղկեն, զարգանան, բայց սա է վիճակը»,-հավելեց Սարգիս Խաչատրյանը:

Մեկնաբանություններ (1)

Sona
Ես համամիտ եմ Սարգիս Խաչատրյանի հետ դուք անգամ չեք էլ պատկերացնի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների վիճակը երբ գալիս են դիմում բայց ավաղ տեղերը սահմանափակ են։Երանի գտնվեր հովանավոր որը հեմոդիալիզի բաժանմունքը կընդլայնի սարքավորումները կավելացնի ու մեր մարզի հիվանդներն ել կմնան գոհ ու կստանան դիալիզ իրենց մարզում այլ ոչ թե Արմավիրից միջև Լեննական կամ Երեվան ու այդպես շարունակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter