HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սիլվա Համբարձումյան. «Սյունիքի մարզը ղեկավարում է ստախոսը»

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մի քանի օր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու (անցավ ապտակելու) փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճեց:

Այսօր հրավիրված ասուլիսում Սիլվա Համբարձումյանը, անդրադառնալով գործը կարճելու քննիչի որոշմանը, նշեց, որ, այնումենայնիվ, գոհ է, քանի որ մարզպետը զղջացել է, ինչն արձանագրված է նաեւ հիշյալ որոշման մեջ:

«Մինչեւ վերջին պահն ինքը (Սուրեն Խաչատրյանը) ասում էր, թե նման բան չի եղել, բայց հիմա զղջում է»,- ասաց կին գործարարը՝ նկատելով, որ Սյունիքի մարզը ղեկավարում է ստախոսը:

«Ես մամուլով ծանոթացել եմ՝ (Սուրեն Խաչատրյանը) բավականին շատ բաներ է կատարել. երեխա է ծեծել իր կաբինետում, փոխվարչապետն է գնացել, եկել ասել է՝ այո, ծեծել է, բայց ոչինչ չեն արել: Ես էլի գոհ եմ, որ իրա նման կերպարը հիմա ասել է՝ զղջացել եմ»,- շարունակեց Համբարձումյանը:

Ըստ նրա՝ տարօրինակ է, որ, ի տարբերություն Սյունիքի մարզպետի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքում, նմանատիպ արարք կատարելու համար, հետեւեց պաշտոնանկությունը. «Երեւի միայն նախագահականում պետք է աշխատենք, որ մարդիկ ազատվեն աշխատանքից եւ որ հարգանք վայելենք»:

Պետական չինովնիկի այսօրինակ արարքը, ըստ Համբարձումյանի, մեր երկրի գործարար համբավին չի կարող վնասել, «որովհետեւ Հայաստանը գործարար շրջանում վաղուց իմիջ չունի»:

Իսկ եթե Սուրեն Խաչատրյանը շարունակեց պնդել, որ ոչ ներողություն է խնդրել, ոչ էլ զղջացել, գործարար Համբարձումյանը քննիչի՝ գործը կարճելու որոշումը, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի:

Մինչ այդ Սյունիքի մարզպետից իր պահանջը միակն է՝ վերադարձնել գողացված 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումը կամ փոխհատուցել համապատասխան գումարը:

«Ես կարծում եմ, որ դա շատ արագ պետք է ավարտվի: Այսօր առավոտյան քննիչի հետ խոսել եմ, ասաց, որ շատ արագ հարցը կլուծվի»,- նշեց Սիլվա Համբարձումյանը եւ կարծիք հայտնեց, որ հարցը հօգուտ իրեն կլուծվի, քանի որ ոստիկանապետը փոխվել է: Ըստ նրա՝ Ալիկ Սարգսյանը ժամանակին մարզպետ էր եւ ենթադրաբար՝ ընկերություն է արել Սուրեն Խաչատրյանի հետ: Հիմա գործի վրա այդ ընկերության ուղիղ ազդեցության հավանականությունը նվազել է:

Իսկ ընդհանրապես, Սիլվա Համբարձումյանի խոսքով, Սյունիքի մարզպետը կյանքում ոչ մեկին գումար չի տվել. «Ինքը քցելու ունակ մարդ է: Մոսկվայում մարդիկ կան, ես իրենց ճանաչում եմ, Գորիսում հյուրանոց էին ուզում կառուցել: Սուրեն Խաչատրյանն ասել է՝ ես պետք է փայի մեջ լինեմ: Թողել գնացել են: Բայց այս դեպքերից հետո եկել են ու սկսել հյուրանոցը կառուցել»:

Գործարար Համբաձրումյանը նշեց նաեւ, թե որպես կերպար՝ Սուրիկ Խաչատրյան անձի դեմ պայքարը դեռ շարունակվում է: Հետեւաբար, եթե վերջինս որեւէ ընտրատեղամասում (անգամ Սյունիքի Տեղ գյուղում) առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը դրեց, ապա Սիլվա Համբարձումյանը եւս նույն տեղամասում կառաջադրի սեփական թեկնածությունը:

«Սկզբունքի հարց է: Ես ուզում եմ ապացուցել, որ ինքը ոչ անցյալ ունի, ոչ էլ ապագա կունենա»,- ասաց գործարար կինը՝ հավելելով, թե քաղաքականություն մտնելու պարագայում դա կանի անկուսակցականի կարգավիճակում:

Լրագրողներից մեկը նկատեց, թե արդյոք այս ամբողջ պատմությունը PR ակցիա չէ՞ր՝ հենց քաղաքական նկատառումներից ելնելով:

«Եթե ես ցանկություն ունենայի քաղաքականության մեջ մտնել, կմտնեի: Էսօր ո՞նց են մտնում. ֆինանսը տալիս են, մտնում: Ի՞նչ է, չէ՞ի կարող տալ... Ինձ շատ տարիներ առաջ առաջարկել են նախարար աշխատել (տարբեր նախարարություններում): Ես չեմ համաձայնել, ասել եմ՝ ինձ մի խանգարեք, ես ոչ մի նախարարի պաշտոն չեմ ուզում»,- ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եվ, ընդհանրապես, ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ է,որ Սյունիքը ( և մարզերը) կառավարեն ժողովրդի կողմից ԸՆՏՐՎԱԾ «Մարզային Խորհրդի» կողմից: Վերջինս էլ իր միջից պիտի ընտրի մարզի ՄԱՐԶՊԵՏ,որը հաշվետու/պատասխանատու պիտի լինի ՄԻԱՅՆ «Մարզային Խորհրդին»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքը ՉԻ ղեկավարվում. այն այսօր ԽԺՌՎՈՒՄ է (տեղական) հանքային ՄԱՖԻԱՅԻ ու մի քանի մութ ու մաֆիոզ ՀՀԿ-ական կերպարների կողմից: Համատարած աղքատության ու հաստ հանքային փոշու մեջ ղեկավարում ՉԿԱ: Իմ ասածի ևս մի վառ ապացույց. հենց մարզկենտրոնի «ԼԵՆ.ՀԱՆՔԵՐ» թաղամասում այսօր միայն ՀԱՆՔԱՅԻՆ ԲԱՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՐԵՐ,տարիներով փլված շենքեր,ամայություն ու աներթևեկելի ճանապարհներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter