HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարուքյանը վարչապետին մեղադրեց «անհավես լինելու» և իրենց հետ չհանդիպելու համար

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել ՝ քննարկելով կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը։ Նիստին կառավարության ծրագիրը ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների և վարչապետի միջև սկսվեց հարցուպատասխան։

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչ վարչապետին հարց ուղղելը դիմեց Կարապետյանին. «Պարոն վարչապետ, իրապես շատ զարմացած եմ Ձեր անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա ելույթից, և դուք այսպիսին չէիք, երբ որ առաջին անգամ ծրագիրը ներկայացնում էիք»։

Ապա վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու է անհավես ներկայացնում ծրագիրը՝ նշելով՝ եթե վստահ չեն այն առաջարկներում, որոնք ներկայացնում են Ազգային ժողովին, ինչպես են պատրաստվում պատգմավորներին, քաղաքացիներին համոզել, որ առաջարկված ծրագրերը տեղի են ունենալու. «Այնպիսի տպավորություն է, որ ձեզ քիչ առաջ ասել են, որ այլևս դուք չեք լինելու վարչապետը»։

Մարուքյանը շեշտեց, որ երկիրը սպասումների մեջ է, և հիշեցրեց, որ վարչապետը նշանակվելիս հավաստել է, որ առաջիկայում ընտրություններ են, դրա համար չի կարողանում լուրջ բարեփոխումներ անել, դրանք կավարտվեն, կսկսվեն բարեփոխումները ու հիմա երկիրը սպասում է այդ օրվան։

Մարուքյանը Կարապետյանին հորդորեց վերջապես ասել, թե 2018-ին ով է լինելու վարչապետ, եթե ինքն է լինելու, թող բարձրաձայնի, հասկանան՝ ում հետ են խոսելու։

Իսկ եթե Կարապետյանը չի լինելու վարչապետ, ապա ինչու է 2017-2022 թվականների բարեփոխման ծրագիր ներկայացրել, եթե 2018-ին հրաժարական է տալու։

Մարուքյանը նաև մտահոգվեց, որ ծրագիրը ԱԺ-ում միայն կարող է ընդունվել և չընդունվել, փոփոխություններ դրանում չեն կարող լինել, իսկ կազմելիս Կարապետյանը հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների հետ, իրենց հետ չի հանդիպել` այն պատճառաբանությամբ, որ ժամանակ չունի։

«Մեզ մոտ բնական հարց  է առաջանում ՝ եթե վարչապետը ժամանակ չունի իր ծրագիրը խորհրդարանում ներկայացնելու, ուրեմն նա վարչապետ չպիտի աշխատի, կամ ժամանակ ունենալ և խորհրդարանական ուժերի հետ համագործակցել ու աշխատել` դա վարչապետի առաջին, թիվ մեկ պարտականությունն է»,- ասաց պատգամավորը։

Մարուքյանն ընդգծեց, որ 2018-ին Հայաստանը դառնալու է խորհրդարանական երկիր, և այս պարագայում ստացվում է, որ վարչապետը կուսակցությունների հետ հանդիպելու ժամանակ չի ունենալու։

Այս դիտարկումներին ի պատասխան՝ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին և նշեց, որ անհավես չէ, ու չգիտի՝ ոնց անի, որ նման տպավորություն չթողնի, իսկ այդ հարցին պատասխանելու դեպքում կընդունի, որ համաձայն է պատգամավորի այս դիտարկման հետ։

Կարապետյանը նշեց, որ արդեն մի քանի անգամ պատասխանել է այս հարցին` 2018-ին վարչապետ լինելու է, թե ոչ, և ներկայացված ծրագիրը, որն ընդգրկում է 2017-2022 թվականները, մասամբ պատասխանում է այս հարցին։ Այսինքն՝ վարչապետի այս պատասխանից կարելի է ենթադրել, որ 2018-ից ինքն է կառավարելու երկիրը, այդ իսկ պատաճառով երկարաժամկետ ծրագիր է ներկայացրել։

Իսկ այն դիտարկմանը, որ չի հանդիպել «ԵԼՔ»-ի հետ՝ ժամանակ չունենալու պատճառով, Կարապետյանը հակադարձեց, որ իր կողմից նման ձևակերպում չի եղել։ Հավելեց, որ անգամ հանդիպումների կազմակերպման նախաձեռնողն ինքն է եղել, զանգահարել է ԱԺ նախագահին և հայտնել, որ պատրաստ է հանդիպել խորհրդարանական կուսակցությունների հետ։ Ասաց նաև, որ երեկ՝ ժամը 18։00-ին, եղել է ԱԺ-ում և զարմացել, որ խորհրդակցությանը «ԵԼՔ» դաշինքի պատգամավորներին չի տեսել։ «Գուցե կոմունիկացիայի սխալ է եղել, բայց «ժամանակ չունեմ», «ցանկություն չունեմ հանդիպելու», նման ձևակերպումներ ուղղակի չեն եղել», - նշեց վարչապետը։

Վարչապետն առաջարկեց «ԵԼՔ»-ի հետ այսօր հանդիպել։

Սրան ի պատասխան՝ Մարուքյանն արձագանքեց, որ իրենց հետ ժամը 18։00-ին անցկացվող հանդիպման պայմանավորվածություն չի եղել, քանի որ իրենց հայտնել են, որ վարչապետը ցանկանում է ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների հետ միասին հանդիպել և «Ծառուկյան», «ԵԼՔ» դաշինքների հետ միասին հանդիպել, իսկ որպես պատճառաբանում ներկայացրել են, որ վարչապետը ժամանակ չունի առանձին հանդիպելու, այդ իսկ պատճառով իրենք չեն մասնակցել քննարկմանը։

Այս մեղադրանքին կրկին արձագանքեց վարչապետը՝ հավաստելով, որ իրեն չեն ասել, որ «ԵԼՔ»-ը առանձին հանդիպելու ցանկություն ունի, այդ պատճառով կարող են այսօր հանդիպել, քանի որ երկուստեք ցանկություն կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter