Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ն. Զոհրաբյան. «Հայաստանը երևի աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ»



«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան Ազգային ժողովում իր ելույթով փորձեց հասկանալ, թե կառավարության ներկայացրած ծրագիրը որքանով է հավակնոտ և որքանով է այն զարգացման ծրագիր:

Պատգամավորը նշեց, որ կառավարության ներկայացրած ծրագրում նախատեսված է 12 կետով նվազեցնել աղքատությունը: Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունն այսօր 30% է, իսկ իրականում շատ ավելի մեծ է:

«Հայաստանը երևի աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ: Այսինքն՝ դե յուրե նրանք որևէ կերպ ներառված չեն այդ ցանկում, բայց ստանալով նվազագույն կամ կենսամակարդակը չապահովող աշխատավարձ նրանք այսօր, այո, շատ աշխատող աղքատներ ունեն տարրական հացի խնդիր», - հավելեց պատգամավորը:

Հաջորդը, որ ներկայացվեց կառավարության ծրագրից, վերաբերում էր 5 տարիների ընթացքում 25%-ով աշխատավարձի բարձրացմանը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բյուջեով գնաճը սահմանված է միջինը 4 տոկոս: Նա փորձեց այն բաշխել 5 տարիների վրա և ցույց տվեց, որ որքան էլ բարի լինեն կառավարության ցանկությունները, թեկուզ կառավարության ծրագրում 47 անգամ գրված լինի «պետք է» և 57 անգամ գրված լինի «անհրաժեշտ է», աղքատության հաղթահարման խնդիրը չի լուծվելու:

Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից հրապարակեց 2013թ. հոկտեմբերին դեռևս կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունը, որ 2014թ. նվազագույն աշխատավարձը պետք է լինի 50,000 դրամ, 2015թ.՝ 55.000 դրամ, 2016թ.` 62.000 դրամ, իսկ 2017թ.՝ 70.000 դրամ:

«Այսինքն, արդեն այս տարի մենք պետք է ունենայինք այն նվազագույն աշխատավարձը, ինչն ամրագրվել է 2022թ.-ի համար: Դեռ 1000 դրամ էլ ավել պիտի ունենայինք: Ուստի, որտեղ է այն երաշխիքը, որ ծրագրում ներկայացված թվերը ուղղակիորեն չեն մնալու թղթի վրա, ինչպես մնացել են նախորդ տարիներին այս և այլ ամբիոնների հայտարարված թվերը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով տնտեսական աճին` պատգամավորը նշեց, որ 2016թ. ամրագրվել է 2.2% տնտեսական աճ՝ հայտարարելով, որ ավելի լավ է լինել ազնիվ, ավելի լավ է ամրագրել իրատեսական թիվ, որը կլինի իրականանալի: Հրապարակելով միջազգային կառույցների հրապարակած թվերը` Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօր ունենք 0.2% աճ:

«Հիմա սա իրատեսություն է, թե ձախողում», - ավելացրեց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորն արձանագրեց, որ ամբիոնից չխոսվեց պետական պարտքի մասին: Ըստ Ն. Զոհրաբյանի հրապարակած տվյալի՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 60%-ը:

«Հարգելի խորհրդարան, շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, պետական պարտքը 6 միլիարդ դոլարի սահմանագիծը հատել է: Այսօր մենք ունենք 6.2 միլիարդ դոլար պետական պարտք, դա նշյալ հարաբերակցության 50%-ն է: Այսօր արդեն պետք է արձանագրենք, որ պետական պարտքը խիստ ռիսկային է», - ավելացրեց Զոհրաբյանը:

Պատգամավորն ասաց, որ ընդամենը մի քանի օր առաջ «Գելափ ինտերնեյշնլ» կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել աշխարհում տեղի ունեցող միգրացիայի վերաբերյալ և արձանագրել, որ 2013-2016թթ. Հայաստանը 7 նիշով վատթարացրել է իրավիճակը: Հարցման արդյունքներով՝ այդ տարիներին հարցված քաղաքացիների 47%-ը ցանկացել է արտագաղթել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այդ թիվն ավելի մեծ է, քան Սիրիայից արտագաղթել ցանկացողների թիվը, որտեղ պատերազմական իրավիճակ է:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունը բավականաչափ ժամանակ ուներ բարձրացված հարցերին լուծում տալու համար, բայց այդ ընթացքում «գոլ» խփելու փոխարեն, կառավարությունը խփել է «ինքնագոլեր»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ