Շաբաթ, 21 հուլիսի

Վարչապետ. «Մաքսիմալ փորձելու ենք գիտությունը կիրառական պրոդուկտ տալուն ուղղենք»



«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում կառավարության 2017-2022 թվականների ծրագիրի  քննարկմանը վարչապետին մտահոգություն հայտնեց, որ գիտության ոլորտի զարգացմանը հատկացվում է ՀՆԱ-ի 0,27 %-ը, մինչդեռ զարգացած երկրներում այդ հատկացումները 2-4 %-ի սահմանում են. «Ըմբռնելով, որ այսօր երկրի վիճակը այնպիսին է, որ գիտության բավարար ֆինանսավորումը անիրատեսական է, այնուամենայնիվ անհրաժեշտ է մինիմալ պայմաններ, որպեսզի գոնե հնարավոր լինի պահպանել ունեցած ռեսուրսները»։

Պատգամավորի փոխանցմամբ՝ գիտությանը հատկացված գումարները 7 %-ով կրճատելու միտում կա, սակայն այն կրճատելու իրավունքը տրված է միայն օրենքին։ Նա նաև շեշտեց, որ օրենքով նախատեսված է` յուրաքանչյուր տարի, ՀՆԱ-ի մեծացման հետ մեկտեղ, պետք է նաև մեծանա գիտությանը տրվող ֆինանսավորման չափը։ 

Բագրատյանը հավաստում է, որ այս կրճատումների հետևանքով տարեցտարի նաև նվազում է գիտության ոլորտ մտնել ցանկացողների թիվը, որպես օրինակ՝ ընդգծեց ասպիրանտուրա ընդունվածների թվի կրճատումը, տարկետում վերցրած ուսանողների թվի աճը, որը նա  պայմանավորում է հեռանկարների և մոտիվացիայի բացակայությամբ։

Պատգամավորը նաև իմաստազուրկ համարեց գիտության ոլորտում դրված սահմանափակումը, այն հանգամանքը, որ գիտնականների կենսաթոշակը ավելի քիչ է, քան իրավական ոլորտի թոշակառուների կենսաթոշակը։

Այս դիտարկումների հիման վրա Սերգեյ Բագրատյանը առաջարկեց գիտակրթական ոլորտի գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները պահպանել՝ ավելացնելով նրանց թոշակին։

Վարչապետը պատգամավորների այս դիտարկումներին ի պատասխան ընդգծեց, որ Բագրատյանը, թեև նշեց այլ երկրներում գիտությանը ՀՆԱ-ից տրվում գումարների չափը, սակայն չնշեց, թե այդ երկրների ՀՆԱ-ում որքան մուտք է տալիս գիտությունը։

Անդրադառնալով բյուջետավորման պակասեցմանը՝ վարչապետը պարզաբանեց, որ առանց խորհրդարանի որոշման չեն կարող նվազեցնել գիտությանը տրվող գումարները և երբ բյուջեն կբերեն խորհրդարան, պատգամավորները դրա չափին կծանոթանան։

«Մաքսիմալ փորձելու ենք գիտությունը կիրառական պրոդուկտ տալուն ուղղենք, որպեսզի իրանք ՀՆԱ-ի մեջ կարողանան մասնակցել և փող աշխատեն։ Կարծում ենք՝ գիտության մեջ մենք ռեֆորմ անելու խնդիր ունենք»,-ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով տարիքային սահմանափակմանն` ասաց  այդպիսի սահմանափակում չկա, սակայն այն հնարավորություն է տալիս նոր ուժերին, ավելի ժամանակակից կառավարիչներին գալ կառավարման, որը, ըստ վարչապետի, կլինի առավել արդյունավետ։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ