HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սիլվա Համբարձումյանը՝ նախարարի «խուլիգանությունների» մասին

Այսօրվա ասուլիսում լրագրողները գործարար Սիլվա Համբարձումյանին հարցեր էին ուղղում հիմնականում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ միջադեպի մասին: Այս առնչությամբ գործարար կինը նկատեց. «Կարծում եք, որ միայն Սուրեն Խաչատրյա՞նն է: Բա Արմեն Մովսիսյանի խուլիգանություննե՞րը, անօրինականություննե՞րը...  »:

Գործարար Համբարձումյանը հավելեց նաեւ, որ Հայաստանում դատարաններն էլ են կաշկանդված, դրանք անկախ չեն. «Կպեք դատարաններին, Արմեն Մովսիսյանին՝ ինչ խուլիգանություններ է արել. առանց աճուրդի հանքեր է տվել»:

Հիշեցնենք՝ Սիլվա Համբարձումյանը 2009թ. գնել է «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում էր Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը: Սակայն որոշ ժամանակ անց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով «Սիփան-1» ՍՊԸ-ն զրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից:

Ընկերությունը նախարարի հրամանը վիճարկել է դատարանում: Ի վերջո, օրինական ուժ է ստացել Վճռաբեկի որոշումը, որով նախարարի հիշյալ հրամանը ճանաչվել է անվավեր: Սակայն Արմեն Մովսիսյանը նույն՝  ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ, եւ «Սիփան-1»-ին կրկին զրկել Լիճքվազ-Թեյի հանքարդյունահանման լիցենզիայից:

Սիլվա Համբարձումյանը ստիպված նորից դիմել է վարչական դատարան, բայց ուշագրավն այն է, որ գործը դեռ դատարանում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը հանել է աճուրդի, եւ այն ձեռք է բերել «Սագամար» ընկերությունը: Դրանից հետո նույն հիմքերի առկայությամբ սկզբում վարչական դատարանը, այնուհետեւ նաեւ վերաքննիչը համարել են, որ նախարարի հրամանն օրինական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter