HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Աբրահամյանի կառուցած եկեղեցու նկարիչները 7 ամիս է՝ չեն կարողանում ստանալ իրենց վարձատրությունը

Երևանում կառուցվող ռուսական եկեղեցու ներսում որմնանկարներ անող նկարիչների խումբն արդեն 7 ամիս է՝ չի կարողանում ստանալ իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը: 

Նրանցից Արմեն Անտոնյանը «Հետք»-ին պատմեց, որ անցյալ տարի 8 հոգանոց նկարիչների խմբով աշխատել են Իսակովի պողոտայում կառուցվող Սուրբ Խաչ ռուս ուղղափառ եկեղեցում՝ որմնանկարներով նկարազարդել այն: Աշխատանքները 2016 թվականի դեկտեմբերին ավարտել են, սակայն ստացել են իրենց կատարած աշխատանքի 50 տոկոսից պակաս վարձատրություն:

Արմեն Անտոնյանը

Դրանից հետո եկեղեցու համար պատասխանատու անձինք մշտապես խոստումներով ձգձգել են վարձատրությունը, և արդեն 7-րդ ամիսն է՝ նկարիչները սպասում են խոստացված գումարներին:

Արմենի խոսքով՝ նկարիչների իրենց խմբին 1 մլն ռուբլի (17 հազար դոլարի սահմաններում) վարձատրություն դեռ պետք է տան:

Կարեն Փարսյանը՝ եկեղեցում

Եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով: Նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Սերյոժա Աբրահամյանն էլ վերահսկել է շինարարական աշխատանքները: Աբրահամյանների «Սոգլասիյե-Արմենիա» ՍՊԸ-ն էլ իրականացրել է եկեղեցու շինարարությունը:   2015թ. ապրիլին օծվել են եկեղեցու զանգերն ու խաչերը: 

Ռուս ուղղափառ եկեղեցու արտասահմանյան հաստատությունների վարչության մոսկովյան պատրիարքարանի կողմից 2016թ. հուլիսի 13-ի նամակով հաստատվել է «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ի՝ եկեղեցու ներսում որմնանկարներ իրականացնելու նախագիծը: «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ն գրանցված է Յարոսլավլում՝ 2015 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ հաստատման օրվանից ընդամենը 10 ամիս առաջ: Սեփականատերը և տնօրենը, համաձայն ՌԴ ընկերությունների գրանցամատյանի տվյալների, հայազգի Միքայել Կարենի Փարսյանն է: 

Արմեն Անտոնյանն ասում է, որ աշխատանքների վերաբերյալ իրենց հետ զրուցել է հայրը՝ Կարեն Փարսյանը, նա էլ վերջին անգամ փոխանցել է վարձատրության մի մասը: Այժմ Կարեն Փարսյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: «Հետքը» ևս փորձեց կապ հաստատել Կարենի հետ, սակայն մեր զանգերին նա նույնպես չպատասխանեց: 

Սերյոժա Աբրահամյանը բջջային հեռախոսազանգերին չպատասխանեց ոչ երեկ, ոչ էլ այսօր: «Սոգլասիյե-Արմենիա»-ի գլխավոր հաշվապահ Սառա ներկայացող անձը, հարցը լսելուց հետո, միանգամից ասաց, որ իրենք նկարիչների հետ աշխատանքային պայմանագիր չունեն: «Եվ լրագրողը նման բաներով իրավունք չունի զբաղվի,- խոսքը շարունակեց գլխավոր հաշվապահը,- էդ մեր հետ կապված չի: Դա պատվիրել են այլ երկրից, նրանք աշխատել են ուրիշ կազմակերպության հետ: Նրանք մեր հետ ընդհանրապես կապ չունեն»:   

-Շինարարական աշխատանքները դուք չե՞ք իրականացրել:

-Այո, բայց նրանք կատարել են ուրիշ կազմակերպության պատվերը:

-Այդ ուրիշ կազմակերպությունը ձեր ընկերության հետ կապ չունի՞:

-Մենք պատվիրել ենք էդ գործը, եկել են նկարել են: Թե ոնց են նկարել, դա արդեն այլ կազմակերպության խնդիրն է:

-Դուք չե՞ք պատվիրատուն:

-Ես պատվիրել եմ, որ նկարեն, ես ձեր Հակոբի, մյուսի, մյուսի հետ ընդհանրապես պայմանագիր չունեմ և կապ էլ չունեմ: Դուք ոնց որ լինեք 6-րդ բաժնի հարցաքննության բաժին: Ախր լրագրողը պետք ա ունենա իրա կոմպետենտությունը, իր անելիքների շրջանակները: Ոնց որ հարցաքննություն վարեք: 

Հաշվապահ Սառան այդուհետ հրաժարվեց մեզ հետ զրուցելուց և անջատեց հեռախոսը: 

Գլխավոր հաշվապահի զրույցից պարզ էր, որ նկարազարդման աշխատանքների պատվիրատուն իրենք են, սակայն իրականացրել է վերը նշված «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ն, որն էլ ընդհատակ է անցել՝ նկարիչներին թողնելով առանց վարձատրության: 

Մեկնաբանություններ (8)

Տարոն
Նորություն չէ, որ Աբրահամյանները քցող են, երբեք էլ իրենց խոսքի տերը չեն եղել:
ընթերցող
Տարրական գրագիտության (բիզնեսի) բացակայությունն է երեւում այստեղ: Ու՞ր է նկարիչների աշխատանքային պայմանագիրը: Ում հետ այն կնքվել է, նա էլ պարտավոր է վճարել: Տվյալ պարագայում Սառա ներկայացող անձը լրիվ իրավացի է, որքան էլ մեզ դա դուր չգա: Հարցն այն է թե ու՞ր է չքվել նկարիչ ենթակապալառուն:
4 - in
= Ես էլ պայմանագիր չունեմ, վաղը կբերեմ ավտոս այդ եկեղեցում կկանգնեցնեմ...= փորձիր ախպեր, մեր մոտ ամեն ինչ փորձելով ա, բայց կարողա քեզ էլ խաչին կպցնեն ... առանց պայմանագրի:
Посетитель
Так извините что на русском языке пишу свой комментарий но суть одна и та же.. начнем с того что проделана работа и довольно большая . Но почему армянские художники только подняли вопрос об своей оплате ? Работы по росписи велись до мая месяца сего года. Были претензии по их работе .. и посему они по моим сведениям не участвовали больше в этой работе. Не надо сейчас поднимать шум и гам, вышеперечисленные люди были в ереване до мая месяца. В течении 5 месяцев вопрос не был актуален а сейчас приобрел какой-то ажиотаж. Если существует трудовой договор по которому им было не оплачено то добро пожаловать.
Հայկ
Հարցը ունի մի քանի պատճառա_հետեվանքային հանգամանքներ։ Նախ ով է թույլ տվել Երևանի գլխավոր մուտքի մոտ կառուցել ռուսական եկեղեցի, այն դեպքում երբ Երևանում ռուս բնակիչ գրեթե չկա, եղածն էլ կամաց-կամաց վերանալու է։ Ինչ գործ ունեն հայ նկարիչ կոչվածները ռուսական եկեղեցի նկարելու հետ, եթե անգործ են մնացել և ստիպված են նկարել, ապա ավելի լավ է զբաղվեին այլ գործով թեգուզ հավաքարարությամբ, քան թե հակահայկական ներկարարությամբ։ Այնպես,որ բոլոր դեպքում ճիշտ է որ նրանք չվարձատրվեն, դա տիրոջ պատիժն է։ Այժմ երբ կատարված է անուղղելի սխալ պետք է անել ամեն ինչ, որ տվյալ կառույցը չծառայի իր նպատակին և ստիպված վերանա այդ վալրից և մաքրի տարածքը։
ընթերցող
Տարոն Մ. - ին: Հարգելիս, աշխարհը թուղթ ու պայմանագրով է աշխատում, գրված օրենքներով է ղեկավարվում, անկախ թե ինչ է սարքվում: Մենք ,,պոնյատկաների,, մակարդակում ենք լռված, դրա համար էլ ,,ռազբորկան,, ու արյունահեղությունը մեր մշտական ուղեկիցներն են, իսկ անհաշիվ դատավորները ապահով չաղանում են ....
Մարիամ
Ի տարբերություն բազմաթիվ հայ գործարարների , Արա Աբրահամյանը արդեն երկար տարիներ ապացուցել է,որ միշտ աշ խատում է օրենքի սահմաններոիմ: Իսկ նկարիչները ,պետք է պահանջեն իրենց աշխատավարձը ,այն կազմակերպությունից,որը նշված է իրենց պայմանագրում: կարծում եմ անիմաստ աղմուկ բարձրացնելու և մարդկանց Անւններ շեշտելու փոխարեն, ավելի լավ է ճիշտ հասցեով դիմեն:
Տարոն Մ.
Հաևգելի , քո գրածը իմաստ կունենար, եթե կառուցվող օբյելկտը լիներ խանութ, ավտոկայանատեղի, բաղնիք և այն: Բայց, կարծես թե, դա եկեղեցի է: Հարամությամբ եկեղեցի չես սարքի, մարդկանց աշխատացրել են, հիմա՝ պայմանագիր չկա, թուղթ չկա: Է, որ պայմանագիր չկար, ինչու՞ էիք թողնում, որ պատերին նկարեին: Ես էլ պայմանագիր չունեմ, վաղը կբերեմ ավտոս այդ եկեղեցում կկանգնեցնեմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter