HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լոքյանի խոսքով` իրենց թիվ մեկ նպատակն է դարձել երկրում համաչափություն ապահովելը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ևս ներկա էր Աժ-ում կառավարության 2017-2022 թվականների ծրագրի քննարկմանը։

Լոքյանը խոսեց, իր գնահատմամբ, Հայաստանում առկա ամենախնդրահարույց հարցի՝ հանրապետության տարածքների անհամաչափության մասին։ Նախարարի դիտարկմամբ՝ եթե վերլուծություն անեն հանրապետության մասշտաբով, կտեսնեն, որ հանրապետության տարբեր տարածքներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ում մինչև չորս անգամ տարբերություն կա։

Ասում է՝ եթե Շիրակի մարզում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 800 000 դրամ, ապա Տավուշի մարզում այն 820 000 դրամ է, իսկ Երևանում գերազանցում է 2 600 000 դրամը։

«Սա ցույց է տալիս, որ մեր երկրի բավականին լուրջ հատված գտնվում է մի այնպիսի վիճակում, որտեղ ապրելու, գործելու, տնտեսությունը զարգացնելու պայմանները խիստ ճնշված են և հետևապես մեր թիվ մեկ նպատակն է դարձել՝ երկրում համաչափությունը ապահովելը»,-ասաց նախարարը։

Լոքյանի գնահատմամբ՝ այս խնդիրը լուծելու առաջին քայլը արդեն իրականացրել են՝ ընդունելով 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարություն։ Դրան հաջորդել է մարզային տասը ռազմավարությունների պատրաստումը, որը կառավարության կողմից առաջիկա օրերին կընդունվի։ Ասում է՝ այնտեղ հստակ չափորոշիչներով ամրագրված է՝ ինչ են անելու տարածքների համաչափ զարգացումը ապահովելու համար։

Նախարարի փոխանցմամբ՝ դրանում նաև կարևոր կետ է ամրագրված, որով մինչ 2025 թվական Երևանի տարածքներից դուրս պետք է ապահովվի մինչ 60 000 աշխատատեղ, գոյություն ունեցող ձեռնարկությունների թվով 10 տոկոսի ավելացում։ «Ամենակարևոր հարցը՝ 25 թվականին չունենալ երկրում տարածք, որի ՀՆԱ-ն պակաս կլինի հանրապետության միջինից` 70 տոկոսից։ Սա լուրջ ցուցիչ է»։

Հավաստում է, որ այս գործընթացը ապահովելու համար ևս արդեն քայլեր ձեռնարկում են։ Մասնավորապես՝ Եվրամիության օժանդակությամբ սկսել են իրականացնել շուրջ տասը խոշոր ծրագրեր՝ Սյունիքում, Արարատում, Վայքում, Նոյեմբերյանում, Գեղարքունիքում, Շիրակում։ Այս մարզերում ստեղծվելու են ձեռնարկություններ, որոնք հաջորդ տարվա ավարտին ապահովելու են մոտ 2000 աշխատատեղ։

Նրա փոխանցմամբ՝ խոշորածավալ ծրագիր է սկսվել նաև Տավուշում։ Ինտեգրված աջակցություն է ցուցաբերվելու մարզի 45 գյուղական համայնքում, որի արդյունքում 2017թ.-ի ընթացքում իրականացնելու են շուրջ 40 ծրագրեր՝ գյուղատնտեսական վերամշակում, սառնարանային տնտեսություն, փոքր ջերմոցներ, որոնք հանձնվելու են շահառուներին, եթե նրանք որոշակի մասնաբաժնով մասնակցեն այդ ծրագրի իրականացմանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter