HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Էնֆիաջյանը թերահավատ է կառավարության ծրագրի իրականացման հարցում

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե էնֆիաջյանը կառավարության 2017-2022 թվականների ծրագրի քննարկման ժամանակ, վարչապետին ցույց տալով իրենց դաշինքի 2017 թվականի ծրագիրը, հետաքրքրվեց՝ արդյոք Կարապետյանը ծանոթացել է այնտեղ ներառված 15 կետերին, ոլորտ առ ոլորտ իրենց քաղաքական թիմի կողմից ներկայացված խնդիրների լուծման տեսլականին։

«Ի՞նչն է պատճառը, որ քաղաքական մեծամասնության կողմից ականջալուր չեն լինում այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացրած առաջարկություններին և ծրագրային մոտեցումներին»,-հարցրեց պատգամավորը։

Ասում է՝ իրենց ներկայացրած ծրագրին հավանություն է տվել Հայաստանի շուրջ 430 հազար քաղաքացի։ Այդ իսկ պատճառով քաղաքական առումով ճիշտ կլիներ, որպեսզի հղում անելով իրենց ծրագրին, այն ծրագրային մոտեցումները, որոնք իրատեսական են, խորը ուսումնասիրության և վստահության են արժանացել, նաև ներառվեին կառավարության ծրագրում։ Պատգամավորի գնահատմամբ՝ այդկերպ առաջիկա հինգ տարիների ընթացքում կառավարությունը կկարողանար ի վերջո լուծել երկրում առկա խնդիրները։

Պատգամավորը նաև հետհայացք գցեց կառավարության 2012-2017 թվականների ծրագրին՝ մատնանշելով բացթողումներն ու չարված աշխատանքները։ Մասնավորապես՝ մեջբերեց արտահանման աճի տեմպերի ապահովումը, որի արդյունքում 2012-2017 թվականներին արտահանումն աճելու էր ավելի մեծ տեմպով, քան ներմուծումը։ «Խնդիրը չի լուծվել», - ասաց Էնֆիաջյանը։

Խոսեց նաև նվազագույն աշխատավարձը կրկնակի աճի մասին։ Հիշեցրեց, որ 2012թ.-ին նվազագույն աշխատավարձը 32 500 դրամ էր, սակայն այս տարիներին այն պետք է դառնար 65 000 դրամ։ «Պետք է արձանագրենք՝ խնդիրը կրկին չի լուծվել», - հավելեց Էնֆիաջյանը։

Պատգամավորը հիշեցրեց նաև աղքատության մասին։ Ասաց՝ 2012-ին աղքատ էր Հայաստանի բնակչության 32,4 %-ը, 2015-ին՝  29,8 %-ը, որոնցից 10,4 %-ը` շատ աղքատ, 2 %-ը՝ ծայրահեղ աղքատ. «Խոստումը իրականացնելու դեպքում աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում կկազմեր 24.4 %։ Խնդիրը ըստ էության խոստացված տոկոսներով, եթե համեմատության մեջ դնենք, ընդամենը իրականացվել է 24-ից 30 տոկոս հարաբերակցությամբ»։

Ելույթը Էնֆիաջյանն ավարտեց վատատեսական նոտայով, ասելով, որ անցած 5 տարիներին այն ծրագրային մոտեցումները, որոնք ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը իրականություն չի դարձել, այդ իսկ պատճառով իրենց դաշինքը լավատեսական չէ, որ ծրագրում ներառված մոտեցումները առաջիկա տարիների ընթացքում կիրականանան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter