HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանին` միաձայն կողմ, հազվադեպ ձեռնպահ է քվեարկում օրակարգային հարցերին

Գայանե Սարգսյան

Հունիսի 21-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որին ինչպես և նախորդներին, մասնակցում էին միայն ՀՀԿ, ՀՅԴ խմբակցությունների 15 անդամները:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը ավագանու անդամները բարձրաձայնեցին վանաձորցիներին առավելապես հուզող երկու խնդրի՝ ճանապարհների փոսային նորոգման ու աղբահանության մասին:

«Մենք բոլորս գիտենք, որ ասֆալտապատման աշխատանքները շատ դանդաղ են գնում: Եվ ինձ հետարքրքրում է՝ մեր համայնքն արդյո՞ք ժամանակին է կատարում ֆինանսական պարտավորությունները ասֆալտապատող կազմակերպության նկատմամբ և հնարավո՞ր է այդ գործընթացը դարձնել թափանցիկ. հրապարակվի ու հանրությունը տեղյակ լինի, թե որ փողոցները երբ են ասֆալտապատվելու», - Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին դիմեց ավագանու անդամ Արմեն Մատինյանը:

Քաղաքապետի պատասխանը ծավալուն էր, բայց ոչ սպառիչ.

«Համայնքն ամբողջությամբ ու նույնիսկ ավանսով իր ֆինանսական բոլոր պարտավորությունները կատարել է, և իրենց կատարողականից մի բան էլ ավել վճարում ունենք կատարած: Մայիս ամսին կատարելիք աշխատանքների համար պատճառաբանվում էր եղանակային պայմանները. փոսակտրման աշխատանքները կատարվել էին, լցոնումները չէին կատարվել եղանակների պատճառով: Հիմա կարծես թե գործողությունները գնում են: Այստեղ աշխատանքների ծավալի վերաբերյալ փոփոխություն կարող է լինել, որովհետև մենք նոր գումար ստացանք Վանաձորի փողոցների նորոգման համար: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելիք  300 մլն դրամը շուտով կստանանք ու կապված այդ գումարի տեղաբաշխման ու նոր փողոցների ասֆալտապատման հետ, մենք մեր պայմանագրային գրաֆիկում ունենալու ենք փոփոխություններ...Աշխատանքների որակի, հաճախականության ու սիստեմավորման հետ կապված, բնականաբար, մենք էլ մեր դժգոհությունն ենք արտահայտել, և հիմա երբ մենք կունենանք կոնկրետ փողոցների ծավալաթերթերը, կսահմանվի նաև գրաֆիկ, թե որ փողոցներն ինչ հերթականությամբ ու ինչ գրաֆիկով են նորոգվելու: Համայնքն այս պահին պատվիրատու է և պատվիրատուի իր բոլոր իրավունքները պետք է կիրառի, որպեսզի բնակչության իրավացի դժգոհությունը  ևս մեկ անգամ չբարձրանա»:

Միայն ավագանու անդամի ճշգրտող՝ այսինքն, գործընթացը հնարավորինս թափանցիկ կիրականացվի՞, հարցից հետո քաղաքապետը նշեց.

«Երբ մենք ծավալաթերթերն ամբողջությամբ կունենանք, նաև կիրազեկենք»:

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյաննն անդրադարձավ քաղաքում կենցաղային ու սանիտարական մաքրում իրականացնող նոր օպերատորի՝ «Լայվ» ՍՊԸ-ի աշխատանքին:

«Կցանկանայինք այստեղ ևս որոշակի թափանցիկություն լիներ, իմանայինք կատարվելիք աշխատանքների մասին:  Իհարկե, տեսնում ենք, որ որակային որոշակի դրական տարբերություն կա, բայց դա բավարար չէ և այս լորոտում ևս թափանցիկություն ու տեղեկատվություն ենք ակնկալում»,- նշեց ավագանու անդամը:

«Մենք ամենօրյա ռեժիմով աղբահանող օպերատորի հետ աշխատում ենք: Աղբահանության մեջ որակական փոփոխություն կա, բնականաբար, իսկ սանմաքրման հետ կապված որոշակի թերություններ կան կապված աշխատուժի ճիշտ տեղաբաշխման հետ: Հիմա դրանք շտկման փուլում են: Հուսով ենք, մեկ-երկու շաբաթվա ընթացքում աշխատանքները կկարգավորվեն»,- արձագանքեց քաղաքապետը:

Գ. Քալանթարյանն առաջարկեց հանդիպում կազմակերպել նոր օպերատորի  հետ, հետաքրքրող հարցերը բարձրաձայնելու համար:  

Անցնելով օրակարգային հարցերին`  նիստին ներկա ավագանու 15 անդամները հիմնականում միաձայն (բացառությամբ մեկ-երկու ձեռնպահի) մեկը մյուսի հետևից հաստատեցին օրակարգային հարցերը: Հարցերից մեկը վերաբերում էր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելուն:

Ըստ նախագծի` համայնքն ունի  5 մլրդ 10 մլն 922 հզր դրամ ընդհանուր աժեքով գույք, այդ թվում հիմնական միջոցներ՝ 4 մլրդ 860 մլն 507 հզր դրամի,  հիմնական միջոցներ առանց գնահատման՝ 15. 423քմ, պաշարներ՝ 150 մլն 415 հզր դրամի:

Պակասորդ հանդիսացող գույքի արժեքը կազմում է 2 մլն 850 հզր դրամ:

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը, անդրադառանալով համայնքի հաշվեկշռում հաշվառված, սակայն իրականում համայնքում չգտնվող գույքի, մասնավորապես՝ քաղաքի կերպարվեստի թանգարանի մի քանի տասնյակ արվեստի գործերին, հետաքրքրվեց.

«Հայտնի է, որ մենք ունենք արժեքավոր արվեստի գործերի պակաս: Տարիներ շարունակ այս հարցը բարձրացվել է: Ինչպիսի՞ լուծում եք առաջարկում»:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը պարզաբանեց, որ նախկինում կերպարվեստի թանգարանը հանդիսացել է Հայաստանի պատկերասրահի մասնաճյուղ և այդ տարիներին են մի շարք արվեստի գործեր մասնաճյուղից տարվել Երևան:

Տարիներ առաջ գողացված «Հորովել» երգի-պարի համույթին ծառայող դաշնամուրի հետագա ճակատագիրը ևս անհայտ է: Քաղաքապետը  հանձնարարեց հետևողական լինել դրանց ճակատագրի ճշգրտման ու քաղաքի հաշվեկշռից հանելու հարցում:

Հաջորդ հարցով ավագանին հաստատեց «Վանաձորի Երգի թատրոնի» հաստիքացուցակը՝ կատարելով 4.5 դրույքի կրճատում: Նախկին 9.5 դրույքի փոխարեն Երգի թատրոնն այսուհետ կունենա 5 դրույքով աշխատակիցներ:  

«Երգի թատրոնում մենք որոշակի կրճատումներ ենք նախատեսել, քանի որ այդ թվաքանակով հնարավոր է  ապահովել նույն որակի աշխատանքներ»,- վստահեցրեց հարցը զեկուցող քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալի պաշտոնակատար Վահե Գրիգորյանը:

Արդյունքում համայնքային բյուջեից պակաս կվճարվի տարեկան 4 մլն դրամ:

Քաղաքի կանաչապատման ու հանրային տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնող «Նեցուկ» կազմակերպության հաստիքացուցակն էլ ավելացվեց 1 դրույքով՝ դառնալով 44: Կազմակերպությանը տրվելիք ամսական աշխատավարձի ֆոնդը կկազմի մոտ 3 մլն դրամ:

Ավագանու կողմից բուռն ընդունելության արժանացավ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին 22.4 քմ մակերեսով տարածքն անհատույց տրամադրելու մասին հարցը: Չնայած նախորդ՝ մայիսի 30-ին կայացած նիստի ընթացքում ավագանին արդեն իսկ միաձայն կողմ էր քվեարկել այս կազմակերպությանը նշված տարածքը 3 տարի ժամկետով անհատույց տրամադրելուն ու այս նիստում հարցը կրկին ներառվել էր խմբագրական ճշգրտումներ կատարելու նպատակով միայն, այս անգամ ավագանու անդամներից մի քանիսը դեմ էին նախագծի հաստատմանը:

«Տարիներ շարունակ անհատույց տարածքներ ենք հատկացնում, բայց հետադարձ կապը չենք պահում, որ իմանանք մարդիկ տարածքները վերցնում են, ի՞նչ են անում»,- նկատեց ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը:

Գ. Քալանթարյանն էլ առաջարկեց. «Ամեն դեպքում մենք տեղյակ չենք, թե ի՞նչ գործունությամբ է զբաղվում այդ կազմակերպությունը: Կարող ենք մեկ տարով կնքել, որից հետո տեսնել, արդյո՞ք արդյունավետ է, նոր հետո երկարացնենք»:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը ներկաներին հիշեցրեց՝ այս հարցին ավագանին նախորդ նիստին արդեն իսկ կողմ է քվեարկել, իսկ հարցը կրկին օրակարգ է մտել ձևակերպման ճշգրտումների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter