Կիրակի, 23 սեպտեմբերի

Փաստաբան Հայկ Ալումյանը կպաշտպանի «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին



«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ, փողերի լվացման գործով ամբաստանյալ Արա Կիրակոսյանին այսուհետ կպաշտպանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա ներգրավվել է Արա Կիրակոսյանի մասնակցությամբ ընթացող երկու գործերում:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արա Կիրակոսյանի մասնակցությամբ երկրորդ քրեական գործով դատական նիստն էր: Հիշեցնենք, բացի «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործից, Արա Կիրակոսյանին մեկ այլ դրվագով էլ է մեղադրանք առաջադրվել, այն է՝ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացել էր նիստին, սակայն միջնորդեց այն հետաձգել, քանզի գործի նյութերին ծանոթ չէր և խնդրեց հետաձգել նիստը, որպեսի կարողանա ծանոթանալ նյութերին: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը, և դատական նիստը հետաձգեց մինչև օգոստոսի 1-ը:

Արա Կիրակոսյանից բացի` այս գործով մեղադրվում է նաև անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ ընկերության գնահատող Հարություն Խալաթյանը: Հարություն Խալաթյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 

Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնու` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորություններն, ընկերության շահերին հակառակ, իր և վերը նշված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում` «Էրմանո»  ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:

Հարություն Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ ընկերության գնահատող` առևտրային կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորությունների շրջանակում, ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով, 2012թ. հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Արագածոտնի մարզ, Ափնագյուղ 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123.000.000 դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.787.000 ՀՀ դրամ:

Արա Կիրակոսյանի մյուս՝ փողերի լվացման գործով նիստը նշանակված է հունիսի 26-ին: Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այդ գործով նյութերին արդեն ծանոթացել է, և նիստերը շարունակվելու են:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ