HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ОВИР։Կողմնակի անձանց ելքն արգելվում է (Մաս 2)

սկիզբը

ԽՍՀՄ-ում պետական գաղտնիքի հետ կապված խնդիրներ ամենից հաճախ ունենում էին հրեաները։ Գիտության եւ տեխնիկայի կարեւոր ոլորտներում ներգրավվածների համար արտագաղթելը կամ, ավելի ճիշտ՝ հայրենադարձվելը (Իսրայել), անլուծելի հարց էր։ Չնայած վերջիններիս ակտիվ պայքարին, որն ուղեկցվում էր բողոքի ցույցերով, ԽՍՀՄ եւ արեւմտյան տարբեր ատյաններ ուղարկված հանրագրերով, «երկաթե վարագույրը» մնում էր փակ։ Այդ մարդիկ կոչվում էին отказник-ներ, հայերեն բառացի թարգմանությամբ՝ մերժվածներ։   

Հայերից, մեզ հայտնի` միակ отказник-ը եղել է Հրաչ Հովսեփյանը։ Նրա ընտանիքը Լիբանանից Հայաստան ներգաղթել էր 1946-ին։ Հրաչը բարձրագույն կրթություն ստացել էր Հայաստանում եւ աշխատանքի անցել Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Մերգելյան ինստիտուտ)։ Նա եղել էր այդտեղ մշակվող «Նաիրի» սերնդի հաշվիչ մեքենաների գլխավոր կոնստրուկտորը, գործընկերների խմբով արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի, սակայն, ինստիտուտի ղեկավարների հետ խնդիրներ ունենալով՝ տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ նրան հարմար, բայց ոչ համապատասխան գործ էին տվել։ Հովսեփյանի աշխատանքային վերելքն այդպիսով կանգ էր առել, բայց նրա կյանքն արմատականորեն փոխվել էր այն բանից հետո, երբ ընտանիքը (մայրը, եղբայրը) մեկնել էին Միացյալ Նահանգներ եւ, չնայած իր հակառակ կեցվածքին (ինքը չէր ուզում, անգամ զգուշացրել էր, որ չուղարկեն), հրավեր էին ուղարկել։ Հրաժարվել հրավերից չէր կարող։ Նման դեպքերում եւ նման մարդիկ պետք է ոչ թե հրավերից հրաժարվեին, այլ՝ հարազատներից եւ այն էլ՝ հրապարակայնորեն։ Արտագաղթել նույնպես չէր կարող. թույլ չէին տալիս։ 1970-ականների վերջից Հրաչ Հովսեփյանն՝ отказник-մերժվածի կարգավիճակով հնոցապան էր աշխատում՝ միաժամանակ պայքարելով ազատ տեղաշարժվելու, ընտանիքին վերամիավորվելու իր իրավունքի համար։ Նրա պայքարը տեւեց տասը տարի եւ ավարտվեց 1990-ին, երբ ԽՍՀՄ-ը հոգեվարքի մեջ էր։ Հովսեփյանը վերջապես մեկնեց ԱՄՆ։

Արտագաղթի ցանկություն ունեցող հայրենադարձների մեջ նման դիրքի հասած մարդիկ շատ չէին, թեեւ 70-ականների սկզբին նույնիսկ հայ ակադեմիկոս է արտագաղթել։ Ուղեղների արտահոսքը կանխելու համար Կրեմլում յուրահատուկ «պատժամիջոց» էին մտածել։ Այն առաջին հերթին ուղղված էր հրեաների դեմ, որոնց մեծ մասը  ԽՍՀՄ-ում անվճար բարձրագույն կրթություն էր ստացել։ Սովետներն ասում էին՝ ձրի կրթություն եք ստացել, դուրս գալուց առաջ բարի եղեք վճարել դրա դիմաց։ Նվազագույն «փրկագինը» 5000 ռուբլի էր՝ այդ ժամանակ աներեւակայելի մեծ գումար, եթե հաշվի առնենք, որ որակավորված ինժեների տարեկան աշխատավարձը հազիվ հասնում էր 1500-ի։   

Մեզ հարցազրույցներ տված նախկին հայրենադարձներից (մոտ 100 հոգի, հիմնականում արտագաղթած) ոչ մեկը չի հաստատում «փրկագին» պահանջելու փաստը։ Հրեաների, գերմանացիների եւ մյուսների արտագաղթն ուսումնասիրելիս՝ երեւում է, որ դա եղել է յուրատեսակ լծակ, որի գործադրվել-չգործադրվելը կախված էր այդ պահին միջազգային հարաբերությունների որակից կամ ներքին քաղաքական նպատակահարմարությունից։  

Թեեւ դա «չար հնարամտություն» էր, բայց արտագաղթել ձգտող խորհրդային քաղաքացիներից շատերը դրանում «բարի» հատիկ էին տեսնում։ Նրանք մտածում էին՝ եթե ԽՍՀՄ-ը կրթության վճար է պահանջում, ուրեմն արդեն ընդունում է ազատ տեղաշարժվելու, արտագաղթելու, ընտանիքին վերամիավորվելու խորհրդային մարդու իրավունքը, որի թիկունքը Հելսինկյան եզրափակիչ ակտն էր։ 1975-ին ԽՍՀՄ ղեկավար Լ.Ի. Բրեժնեւի ստորագրությամբ այդ իրավունքը վավերացվել էր, իսկ «չկամությունը» փոխանցվել ОВИР-ական բյուրոկրատիային՝ նրա ձեռքը տալով բազմաթիվ գործիքներ։    

Դրանցից ամենաանհեթեթը դիմումի հետ աշխատանքի վայրից բնութագիր պահանջելն էր։ Բնութագիրը պետք է լիներ դրական։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է դրական բնութագրվեր մեկն, ով ձգտում է լքել ԽՍՀՄ-ը։ Արտագաղթածներից շատերը ծիծաղելով պատմում են, որ ОВИР էին տանում իրենց քաղաքացիական եւ մասնագիտական բարեմասնությունները նկարագրող փաստաթուղթ։ Հավանական արտագաղթողն այն ստանալու համար պետք է կաշվից դուրս գար՝ համոզելով հիմնարկի վարչությանն ու կուսկոմին, թե կարոտել է հարազատ մորաքրոջն ու հակախորհրդային ոչ մի նկրտում չունի։ Մեկ կամ մի քանի անգամ մերժվելուց հետո այս արարողությունը կրկնվում էր։

Դիմողից նաեւ պահանջվում էր ծնողների համաձայնությունը։ Ակնհայտորեն սա արվում էր դիմումի ընդունման եւ քննարկման գործընթացը բարդացնելու համար։ Չլսված բան է չափահաս մարդու ծնողին «պատասխանատվության» կանչելը։ Հայրենադարձներն իրենց ծնողների հետ հիմնականում խնդիր չէին ունենում կամ հաճախ դիմում էին միասին։ Բայց եթե դիմողի կինը / ամուսինը տեղացի էր, բյուրոկրատական հնարամտությունն աշխատում էր։ 1960, 70, անգամ 80-ականներին դիմող հայրենադարձի աներ-զոքանչն ու սկեսուր-սկեսրայրը` հաշվի առնելով տարիքը, պետք է որ ապրած լինեին ստալինյան բռնությունների ամբողջ սարսափը, եւ միայն պետությանը հակառակվելու ահը բավական էր, որպեսզի նրանք դեմ լինեին։ Կար նաեւ ընտանիքի՝ ԽՍՀՄ-ում մնացող անդամների կարիերային չվնասելու մտահոգությունը, քանի որ արտասահմանում հարազատ ունենալն արդեն անհավատարմության նշան էր։  

Ծագումով հայաստանցի մի մարդ, ով հայրենադարձ կնոջ հետ արտագաղթել եւ հաստատվել էր Լոս Անջելեսում, թեեւ չցանկացավ խոսել տեսախցիկի առջեւ, բայց մասնավոր զրույցում պատմեց հետեւյալը. «Հերս կտրականապես դեմ էր իմ գնալուն։ Նույնիսկ ասում էր՝ բաժանվիր եւ մենք միլիցիայով, ուրիշ միջոցներով քո էրեխեքին կպահենք։ Էրեխեքը, որ մնացին, ինքը (կինը) չի գնա։ Ես բան չգիտեի Ամերիկայի մասին, լեզուն ընդհանրապես չգիտեի, բայց կինս ծնողների մինուճար աղջիկն էր եւ ուզում էր նրանց մոտ լինել։ Մի խոսքով՝ հերս չտվեց էդ թուղթը։ Գնացի ОВИР առանց թղթի։ Ասին՝ չէ, չի լինի։ Ասեցի՝ որ մեկին պարտիայի մեջ եք ընդունում, ծնողից թուղթ ուզո՞ւմ եք։ Ասին՝ չէ։ Բա հիմա խի՞ եք ուզում։ Ասին՝ կարգ ա, օրենք ա։ Ու մերժեցին։ Հայրս մահացավ։ Մայրս արդեն մահացած էր։ Ըտեղ էլ մեծ ախպերս գնաց, խառնեց, բայց իրա ասածը ոնց որ թե չանցավ։ 79-ին եկանք Ամերիկա»։

Դիմողից նման փաստաթուղթ պահանջում էին նաեւ ամուսնալուծված լինելու դեպքում։ Նախկին կինը կամ ամուսինը պետք է համաձայնություն տար։ Սա հասկանալի եւ օրինական է, երբ կան համատեղ (հատկապես՝ անչափահաս) զավակներ։ Երեխա չունենալու դեպքում նման համաձայնություն պահանջելն արգելակման մեխանիզմ էր, քանի որ ամուսնալուծված կինն ու տղամարդը սովորաբար բարի հարաբերություններ չէին ունենում։

ОВИР-ի գործելակերպը՝ բյուրոկրատական ողջ «պաճուճանքով» մեկ, նպատակ էր հետապնդում՝ հոգնեցնել եւ այդպիսով արտագաղթի մտքից հետ կանգնեցնել դիմողին։ Գործելակերպի կարեւոր մեկ բաղադրիչն էլ «մտերմիկ խորհուրդն» էր, որը դուրս էր կանոնակարգված (եթե իհարկե կանոնակարգված էր) գործառույթից։

Նախկին հայրենադարձներից շատերն են հիշում ОВИР-ականների «խրատները»։ Լիբանանից 1946-ին ներգաղթած, այժմ Կալիֆորնիայի Գրանադա Հիլզ քաղաքում բնակվող Անդրանիկ Փիլիպոսյանը պատմում է. «Ասեց՝ ո՞ւր ես տանում երկու աղջիկ-երեխեքիդ, դու նրանց կամքը հարցրե՞լ ես։ Ես լավ պատրաստված էի, ասեցի, գիտեք ինչ, հայրս, որ մեզ բերում էր, մեր կամքը չէր հարցրել։ Ես իրա հետ եկա, հիմա ուզում եմ գնամ։ Աղջիկներս, որ մեծանան ու Ամերիկան չհավանեն, թող նորից հետ գան։ Հասկացա՞ք՝ ասեցի, բայց վերջում ջղայանացա մի քիչ, որ թղթերիս ընթացք տալու տեղը, հետս ուրիշ բաներից էին խոսում»։ (շարունակելի)

…………………………………………..

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

 

Մեկնաբանություններ (1)

Toros kevoyan
Hello Sir I was studing from Lebanon during 1984..1990 in USSR Yerevan. I met in Moscow Mr Hratch Hovsepyan I was guest to them in Moscow.. I met his family his Russian wife and his son..who spoke Russian only.. Even I brought letter to his relatives here in Lebanon ...i recall all you told about his life as being first Armenian engineer who made first computer Naieri one and two.. He had problems with authorities due to his brother in USA... I ASK YOU KINDLY IF POSSIBLE CAN I HAVE HIS CONTACT NUMBERS IN USA... HE LEFT FOR AMERICA AND I DIDN'T HAVE NEWS ABOUT HIM... WITH A CHANCE I FOUND THIS LETTER.. THANK YOU IN advance Toros kevoyan 0096170723271

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter