HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Դուրս եկա, ներս եկա»․ օպերայի «պարտիզաններին» խիստ նկատողություն է հայտարարվել

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի 48 արտիստներ տնօրինության կողմից ստացել են խիստ նկատողություն։

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին թատրոնի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին օպերայի եւ բալետի ազգային  ակադեմիական թատրոնում պետք է տեղի ունենար «Գայանե» բալետի ներկայացումը, սակայն նվագախմբի երաժիշտները հրաժարվել էին բեմ դուրս գալ, ներկայացումը տեղի չէր ունեցել։

Ավելի քան 10 օր թատրոնի ղեկավարությունը փորձել է երաժիշտներից տրամաբանական ու հանգամանալից բացատրություն կորզել բոյկոտի պատճառների մասին։ Գրավոր բացատրություններում արտիստներն առանձնապես ոչինչ չեն պատմել։ Փոխարենը շատ ընդհանուր տեքստեր են գրվել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ դրանք երբեմն հասել են աբսուրդի։ Երաժիշտներից ոմանք, փորձելով ապակողմնորոշել ղեկավարությանը, ոչինչ չասող պատմություններ են արել՝ «դուրս եկա, ներս եկա» ոճով։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում երեք օր առաջ նշել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը, գրավոր բացատրությունների միջոցով ոչինչ չի հաջողվել պարզել։ Տեղի է ունեցել բացատրությունների երկրորդ փուլը՝ անհատական հանդիպում յուրաքանչյուր երաժշտի հետ։ Դա էլ, ըստ էության, ոչինչ չի տվել։ Արտիստները շարունակել են պարտիզանություն անել։

Օպերայի փոխտնօրեն Նարեկ Անտոնյանը, որն ըմբոստացել էր թատրոնում տեղի ունեցող կադրային փոփոխությունների առիթով, սեփական դիմումի համաձայն` ազատել է զբաղեցրած պաշտոնը։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սա մեկնաբանել է որպես տեղի ունեցածում սեփական մեղքի ընդունում։

Խիստ նկատողության արժանացած երաժիշտները կզրկվեն ընթացիկ հավելավճարներից։ Նրանց թվում են դիրիժոր Աթանես Առաքելյանը, կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանը, ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը։

«Հետք»-ի նախորդ հոդվածի տակ առկա մեկնաբանությունների մեջ մի քանի անգամ նշվում է, որ նվագախմբում տիրում է «թայֆայական» մթնոլորտ: Մեղադրանքներ են ուղղված թե՛ Գայանե Աբրահամյանին, թե՛ Շմավոն Գրիգորյանին։ Նշվում է, որ նրանք մեծ ազդեցություն ունեն նվագախմբի վրա։

Ինչեւէ, այս պատմությունն ավարտվեց առանց հրապարակային լուրջ պարզաբանումների, թե ով, ինչպես, երբ կազմակերպեց նվագախմբի բոյկոտը, եւ որն էր նման կարեւոր միջոցառումը տապալելու՝ վերջինիս շարժառիթը։ Հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիներին օպերային թատրոնը, բացի մշակութային լուրջ կառույց լինելուց, սկանդալների բույն է հիշեցնում, համարենք, որ սա ընդամենը բազմասերիանոց ֆիլմի հերթական մասի ավարտն է։

Օպերայում այս օրերին պատրաստվում են նոր ներկայացման-կոկտեյլի, որն անվանել են «Կարինե»։

Հունիսի 25-ին կատարվելու են ոչ միայն Չուխաճյանի հայտնի համանուն օպերետից, այլ նաեւ դասական այլ օպերաներից հատվածներ։

 

Մեկնաբանություններ (1)

Սողոմոնյան
Թատրոնի հեղինակությունը վարկաբեկողը այլևս անելիք չունի տվյալ թատրոնում:Ցանկացած այլ երկրում նման սադրանք կազմակերպողները կհեռացվեին աշխատանքից:Օպերային թատրոնը դասական արվեստ սփռելու փոխարեն փողոցային բարքերի տարածողն է դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter