HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում

Ազգային ժողովի հարգարժա´ն նախագահ,
հարգելի´ գործընկերներ,
հարգելի´ խորհրդարան,
տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս քննարկումների և առաջարկությունների համար: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք հանդուրժողական և կոռեկտ միջավայր ձևավորել: Հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց եղել են նաև էմոցիոնալ ելույթներ: Ձեր թույլտվությամբ նաև դրանց կարձագանքեմ: 
«Ելք» դաշինքի մեր գործընկերների հիմնական քննադատությունը հետևյալն էր. մենք չենք հասկանում՝ 2018 թվականի վարչապետն ով է, այդ իսկ պատճառով կառավարության ծրագիրը քննարկելու իմաստ չենք տեսնում: Կար գնահատական, որ լիբերալ ծրագիր է և դա ձերը չի, մերը պետք է լինի:

Ճիշտն ասած, ես այդ գնահատականն ընդունել եմ որպես դրական: Կային առարկայական առաջարկություններ գյուղատնտեսության և այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ, որոնք արդեն ընդգրկված են: Կային նաև էմոցիոնալ ելույթներ, որ այս ծրագիրն առաջընթացի ծրագիր չէ, այլ տեղում դոփելու, բայց, իմ կարծիքով, այն առանձնապես հիմնավորված չէր: 
«Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերների քննադատությունը կամ առաջարկությունները հիմնականում երկու դասի էին. մենք 430 հազար ձայն ունենք, ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում: Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ենք ստացել, և մեր կարծիքով՝ մեր ծրագիրն ավելի առարկայական է և իրագործելի: Երկրորդ, քաղաքական ուժը նախկինում ունեցել է որոշակի սխալներ կամ չկատարված քայլեր, այդ իսկ պատճառով ցանկացած դեպքում ինչ ծրագիր էլ լինի, մենք չենք քննարկում, չենք լսում:

Նաև խմբակցության ղեկավարի խոսքում՝ որպես քննադատություն, ներառված էին այն խնդիրները, որոնք ունենք, բայց մենք մեր ծրագրի մեջ հենց այդ խնդիրներն էլ ֆիքսել ենք և ասել ենք, որ լուծում ենք տալու: Կային, իհարկե, առարկայական առաջարկություններ, բայց նաև էմոցիոնալ ելույթներ՝ ոչ կոռեկտ, անձնական և ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ դա ճիշտ չէ: 
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցության և մեր դաշնակից գործընկերներին՝ հնչեցրած գնահատականների և աջակցության համար: 

Երկու խոսք ասեմ այսօրվա կառավարության և մեր թիմի մասին: Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց կուզենամ անպայման ճիշտ հասկացված լինել. հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ: Շատ լավ մթնոլորտ է ձևավորվել՝ աշխատանքային, բաց, գործընկերային, ազատ: Մենք չափազանց շահագրգռված ենք, որ լինեն կառուցողական առաջարկություններ, քննարկումներ՝ ոչ թե առիթից առիթ, այլ ամենօրյա ռեժիմով: Ընդ որում, այդ թիմը կազմված է մարդկանցից, ովքեր մեր երկրին ծառայելու և լավ գործեր անելու ցանկություն ունեն: 

Կառավարության ծրագրի վերաբերյալ. մեր պատկերացմամբ՝ մենք կազմել ենք շատ աշխատունակ, շատ պոտենցիալ և հաշվարկված ծրագիր: Ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների հետ և ոչ միայն հայ մասնագետների:

Սա պրոֆեսիոնալ ծրագիր է, որը մեր պետությունը փոխելու է դեպի լավը՝ հիմնված է մեր մշակույթի, ավանդույթների, ընտանեկան արժեքների վրա և միևնույն ժամանակ ժամանակակից և հասկանալի աշխարհի համար: Կրկին ուզում եմ ասել, որ մենք բաց ենք և շահագրգռված ցանկացած հարթակում, թե´ կառավարությունում, թե´ այստեղ համատեղ աշխատելու համար: 
Կառավարության թիմն այսօր, իհարկե, աջակցության կարիք ունի այն առումով, որպեսզի այն, ինչ նախատեսել ենք, իրագործվի:

Չնայած այստեղ մեր գործընկերները, խմբակցությունները հայտարարել են իրենց դիրքորոշումը, թե ինչպես են քվեարկելու, և գուցե այդ առումով կոչ անելը մի փոքր անհեռանկարային է, բայց ուզում եմ կոչ անել, որպեսզի յուրաքանչյուրն ինքը գնահատի՝ մեր ծրագիրն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, իր միջով անցկացնի, իր խղճով անի և ոչ միայն քաղաքական նկատառումներից ելնելով քվեարկություն կատարի: Կրկին ծրագրին անդրադառնալով՝ ասեմ, որ շատ ենք աշխատել դրա վրա, և հստակ պատկերացնում ենք՝ ինչ պետք է անենք: Բոլորին շնորհակալություն և լավ տրամադրություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter