HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մտել են մեր գրպանը. պետությունը փող չունի, հիմնարկը պարտք ունի»

Նյութի աղբյուրը՝ asparez.am

Անհրաժեշտ կրեդիտ հավաքելու դեպքում բուժաշխատողների վերապատրաստումը պարտադիր չէ. նախարարությունը պահանջում է ինքնակրթվել

Շիրակի մարզի մի խումբ բուժքույրեր դժգոհում են, որ ստիպված են մասնագիտական վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար վճարել իրենց գրպանից: «Ասպարեզ»-ի հետ զրույցում բուժքույրերը պատմում են, որ վերապատրաստումն արժե 50 հազար ՀՀ դրամ, վճարելու են 5 տարվա վերապատրաստման համար, պահանջված գումարը վճարելու են մեկ ամսվա ընթացքում: «Մեր աշխատավարձը ամեն ամիս ընդամենը 60 կամ լավագույն դեպքում՝ 70 հազար դրամ է, մենք ինչու՞ պետք է մեր գրպանից վճարենք, ինչու՞ են պարտադրում մեզ վերապատրաստվել: Այդ գումարը պետք է վճարի պետությունը, կամ մեր հիմնարկը: Պետությունն ասում է՝ փող չունեմ, հիմնարկի տնօրենն ասում է՝ փող չկա, պարտք ունենք: Մենք էլ չունենք, ինչու՞ վճարենք: Բայց խնդիրն այն է, որ չվերապատրաստվելու դեպքում աշխատելու հնարավարություն չենք ունենալու, բանկերի աչքը լույս՝ մեզ  վարկ կտան, հետո էլ բարձր տոկոսով կպահանջեն փակել վարկը»,-բողոքում են նրանք եւ ավելացնում, որ Շիրակի մարզում քիչ չեն նաեւ անապահով պայմաններում ապրող բուժքույրերը:

Այս հիմնախնդիրները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի, ինաեւ բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պահանջների համաձայն: ՀՀ-ում յուրաքանչյուր բուժաշխատող հինգ տարվա ընթացքում պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում: Վերապատրաստման համար վճարվող գումարի չափն օրենքով չի կարգավորվում: Գումարը կարող է վճարել կամ տվյալ բժշկական կազմակերպության տնօրինությունը կամ մեկ այլ դոնոր կազմակերպություն կամ բուժաշխատողը:

«Անցած տարիներին մեր վերապատրաստումների համար վճարել են բուժհիմնարկները, բայց այս վերջին 2 տարում մեզ են ստիպում մեր գրպանից վճարել, ուզում ենք իմանալ, թե առողջապահության նախարարությունը տեղյակ է այս մեր խնդիրներից»,-հարցնում են բուժքույրերը:

«Ասպարեզը» բուժքույրերի բարձրաձայնած խնդիրների մասին պարզաբանումներ խնդրեց առողջապահության նախարարությունից: Նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը տեղեկացրեց, որ օրենքի համաձայն, վերապատրաստման եւ ֆինանսավորման բեռը կրում է բուժաշխատողը: Վարչության պետը նաեւ նշեց, որ բուժհիմնարկները եւս կարող են բուժաշխատողի փոխարեն իրենց բյուջեից վճարել վերապատրաստման դասընթացների դիմաց, եթե, իհարկե, տվյալ բուժհիմնարկն ունի համապատասխան գումար: Վերապատրաստման դասընթացին 100 տոկոս անվճար մասնակցում են այն բուժաշխատողները, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, անվճարունակ են, զոհված ազատամարտիկի ազգական են եւ այլն: Նման արտոնությունից տարեկան կարող է օգտվել 500 բուժաշխատող՝ 200 բժիշկ, 300 բուժքույր: Բացի պետական այս սահմանափակ աջակցությունից, միջազգային որոշ կազմակերպություններ եւս կարող են աջակցել բուժաշխատողներին՝ անվճար վերապատրաստվելու նպատակով:

Նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը մատնանշում է նաեւ մեկ այլ փաստ, որի մասին, որքան էլ զարմանալի լինի, բուժաշխատողներից շատերը տեղյակ չեն: Վճարովի վերապատրաստման դասընթացները պարտադիր չեն, եթե բուժաշխատողն ունի շարունակական մասնագիտական համապատասխան կրեդիտներ, որը ենթադրում է մասնագիտական շարունակական աշխատանք՝ առանց վճարովի վերապատրաստումների մասնակցելու:

Ի դեպ, երբ բուժաշխատողները տարիներ առաջ բարձրաձայնում էին վճարովի դասընթացների վերաբերյալ, նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ ազգային ժողովում քննարկվելու է օրենսդրական նախաձեռնություն՝ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի ներդրման վերաբերյալ: Այս համակարգն այսօր արդեն գործում է եւ բուժաշխատողը շարունակական սկզբունքով, մասնագիտական գործունեության ողջ ընթացքում պարտավոր է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները: Նա պարտավոր է հաճախել նաեւ գիտաբժշկական տարբեր սեմինարների, տպագրել գիտական աշխատություններ: Այս դեպքում, եթե բուժաշխատողը շարունակական մասնագիտական զարգացման անհրաժեշտ կրեդիտներ հավաքի, ապա հնարավորություն կունենա ստանալ մասնագիտական գործունեության հավաստագիր:

Սակայն բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի մասին բոլոր բուժաշխատողները չէ որ գիտեն: Ոլորտի մասնագետներից ոմանք փոխանցում են, որ բուժաշխատողներն այսօր ավելի դյուրին տարբերակ են ընտրել՝  վճարովի վերապատրաստման դասընթացներին մասնակցելը՝ այդ կերպ շրջանցելով կրեդիտային համակարգը:

Անի Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter