Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ի՞նչ ճակատագիր կունենան Հունգարիայում առգրավված ուրարտական գանձերը



2016 թվականի սեպտեմբերի 30-ին հունգարացի ոստիկանները Հունգարաիայի M5 մայրուղու վրա ստուգում իրականացնելու նպատակով կանգնեցրել են մի բեռնատար, որի վարորդը՝ 51-ամյա Ուղուր Ս.-ն, Թուրքիայի քաղաքացի է եղել: Նրա բեռնատարից ավելի քան 100 գանձ է հայտնաբերվել, այդ թվում՝ ոսկե մետաղադրամներ: Վարորդին ձերբակալել են և մեղադրանք առաջադրել մշակութային արժեք ներկայացնող նմուշների գողության համար:

Հունգարական մամուլը, անդրադառնալով նմուշների ծագմանը, շեշտել է դրանց հայկական լինելու մասին: «Հետք»-ը Հունգարիայի գործընկերների միջոցով փորձեց ճշտել, թե արդյոք այդ նմուշների հայկական ծագումը հաստատվել է: Ինչ ընթացք է ստացել գործը, և ինչ է պարզել Հունգարիայի ոստիկանությունը:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Հունգարիայի ոստիկանությունը հայտնել է, որ առգրավված նմուշների ծագումն ու արժեքը պարզելու համար հետաքննիչները դիմել են փորձագետներին: Հունգարիայի Eötvös Loránd University (ELTE) համալսարանի Հնագույն և հնագիտական ուսումնասիրությունների բաժնի, ինչպես նաև Հունգարիայի Ազգային թանգարանի փորձագետները կարծիք են հայտնել, որ առգրավված նմուշների մեծ մասը բնօրինակ են և համարվում են մշակութային ժառանգության մաս կազմող հնագիտական գանձեր: Ըստ փորձագետների եզրակացության, նմուշները  Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի ծագման են: Գանձերի արժեքը գնահատվել է 23.000-31.000 հազար դոլար, բայց եթե այդ գանձերը միասին վաճառվեն` որպես հավաքածու, շատ ավելի թանկ կարող են արժենալ: 

«Այս նմուշները ոստիկանության կողմից հայտնաբերվել են կեղտոտ, չվերականգնված վիճակում, հետևաբար կարող ենք ասել, որ դրանց աղբյուրը «ավազակային պեղումներն են»»,- փորձագետների կարծիքն է փոխանցել Հունգարիայի ոստիկանությունը:   

Մնացած իրերը կեղծված նմուշներ են եղել, սակայն կեղծված են այնքան լավ, որ նույնիսկ հնարավոր է «խաբեբային խաբել»: Եվ քանի որ դրանք կեղծված են եղել, դրանց ծագման աղբյուրը ոստիկանությունը դժվարացել է ենթադրել: Գանձերին զուգակցող որևէ փաստաթուղթ կամ անձնագիր չի եղել: 

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը նմուշների լուսանկարները դիտելուց հետո ասաց, որ դրանք պատմական հայկական լեռնաշխարհի ծայրամասերից են, մասնավորապես՝ Վանի տարածքից, ավելի հստակ՝ ներկայիս Իրաքի՝ Թուրքիայի հետ սահմանային տարածքներից: Պավել Ավետիսյանն այդ գանձերից առանձնացրեց ուրարտականները (լուսանկարներում):

Հնագետը դրանք վերագրեց Վանի թագավորության նմուշների շարքին, որոնցից, օրինակ, զանգակներից հայտնաբերվել են նաև Լոռվա բերդում: 

Կեսկեմետ (Kecskemét)-ի դատախազությունը նախաձեռնել է թուրք վարորդին Թուրքիայի իշխանություններին հանձնելու գործընթացը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Թուրքիայի քաղաքացի է, և որպեսզի դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները հնարավոր լինի պարզել, ավելի նպատակահարմար է քրեական գործը շարունակել Թուրքիայում: «Այս փաստը հաշվի առնելով՝ մենք չենք կարող տեղեկություններ տրամադրել բեռնատարի վարորդի հարցաքննության մանրամասների մասին»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ոստիկանությունը: 

Հունգարական COP Magazine”-ի հետ զրույցում ոստիկանության աշխատակիցը պատմել է, որ բեռնատարի վարորդը Ստամբուլից է տեղափոխել նմուշները, սակայն ասել է, որ ինքը միայն բեռնատարի վարորդ է և որևէ առնչություն չունի բեռան հետ: Նրան ցուցում է տրված եղել բեռնատարը Ստամբուլից տեղափոխել Լեհաստան, այնուհետև՝ Լիտվա:

Նույն հրապարակման մեջ նշվում է, որ բրոնզե իրերը ուրարտական ժամանակաշրջանից են, ամենայն հավանականությամբ բարձրաստիճան զինվորականի գերեզմանից են պեղված: Դրանց մեջ են մարտակառքերի մասեր, սաղավարտ, բրոնզե թեյնիկ և այլ իրեր: Այդ թեյնիկից ողջ աշխարհի հնագետների կողմից միայն 4-ն է հայտնաբերված: Բոլոր այս իրերի վրա նույն հողի մնացորդներ են եղել, ինչը հնագետներին թույլ է տվել ենթադրել, որ այդ բոլոր իրերը նույն տեղից են հայտնաբերված:

 

Այս տարվա փետրվարի 8-ին գործի հետաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատախազություն: Առգրավված նմուշներն անվտանգ պահպանվում են Հունգարիայի Գեղարվեստի թանգարանում: 

Հունգարական մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվել է այդ նմուշները Հայաստանին կամ Թուրքիային հանձնելու հավանականությունը: Նշվել է, որ Հայաստանին հանձնելու դեպքում հայ-հունգարական ոչ այնքան լավ հարաբերությունները կարող են բարելավվել: Սակայն հունգարական իշխանությունները չեն կարող դրանք Հայաստանին հանձնել, քանզի, ըստ միջազգային համաձայնագրերի պահանջների, նրանք այդ իրավունքը չունեն, քանի որ գանձերն ավելի հավանական է՝ Թուրքիայի տարածքից են պեղված և պատկանում են Թուրքիային: 

Լուսանկարները՝ Հունգարիայի ոստիկանությունից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Ara17:49 - 23 հունիսի, 2017
23.000-31.000 հազար ???? թեյնիկ ????
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ