HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաունթի». Հայաստանի լեռնային խոտաբույսերից պատրաստված թեյ` սպառողների համար

Ամալյա Մարգարյան

«Մի անգամ ընկերոջս հետ սրճարանում էինք, մտածում էինք` ինչ հետաքրքիր գործ անել։ Ընկերս ասաց, որ Հայաստան թեյ ներմուծելու առաջարկ է ստացել: Գաղափարն ինձ էլ հետաքրքրեց: Բարդ սխեմաների մասին էինք մտածում. պատրաստի հումք ներկրել, փաթեթավորել ու արտահանել։ Հետո որոշեցինք, որ ավելի լավ է մեր սեփականն արտադրենք։ Պարզվեց, որ ավելի բարդ գործընթաց է, քան ուղղակի վերավաճառելը»,-ասում է գործարար Դավիթ Մնացականյանը:

Դավիթը ընկերոջ հետ այս տարվա մարտից շուկա է արտահանում և սպառողին ներկայացնում հայկական արտադրության խոտաբույսային թեյեր։ Ներկայացնում են «Մաունթի» (Mountea) արտադրանքը։

«Ամբողջ Հայաստանը ման եկանք, չորս խոտաբույսի վրա կանգ առանք` ուրց, դաղձ, սրոհունդ, երիցուկ»: Հատուկ որևէ նպատակ չի եղել այս 4 բույսն ընտրելու համար, բայց այս խոտաբույսերը լայն տարածում ունեն, օրինակ` ուրցն ունի 100-ից ավելի տարատեսակներ»,- պատմում է Դավիթ Մնացականյանը, հետո ավելացնում, որ խոտաբույսերն առանձին չեն ներկայացնում, այլ որոշակի թեյափնջեր են ստանում։ «Հիմա չորս տեսակի թեյ ենք ներկայացնում, բայց մի քանի բաղադրատոմս էլ ունենք, որոնք շուտով շուկա կհանենք ու կներկայացնենք թեյասերներին»:

Գործարարը նշում է, որ կարևորել են հումքի էկոլոգիապես մաքուր լինելը. «Անցել է ժամանակը, որ կարողանանք փողոցից խոտաբույս քաղել և օգտագործել: Հիմա էկոլոգիապես մաքուր բան գտնելը դժվար է. վնասակար գործոնները գնալով շատանում են»: Դավիթը կարևորում է նաև համային հատկանիշները և ասում, որ դժվար է եղել գտնել իրենց պահանջներին համապատասխան հումք:
Նախընտրելի որակով խոստաբույսեր գտել են Վայոց ձորում։ Հումքը հիմնականում Եղեգնաձորից են բերում: Թեյեր արտադրողը պատմում է, որ խոտաբույսերը հավաքում են գյուղում ապրող մարդիկ, չորացնում են գյուղում, իսկ վերամշակման և փաթեթավորման գործընթացը Երևանում է կատարվում։ «Հետագայում նպատակ ունենք մեր արտադրամասում չորացնել հումքը: Կարծում եմ, որ գնալով ավելի բարձր որակ կապահովենք»,-ավելացնում է գործարարը:

Ընկերության անվանումը բառախաղ է` «Մաունթի» (Mountea) նշանակում է լեռնային թեյ, լոգոն նույնպես լեռներ է հիշեցնում: «Ընկերության նկարագրության մեջ էլ ասում ենք, որ մեր ընկերության թեյերը Հայաստանի բարձր լեռնային շրջաններից հավաքված ու ավանդական միջոցներով մշակված խոտաբույսերով են»:

«Մաունթի»-ի փաթեթների վրա մակնշումը ռուսերեն է: Ռուսերեն գրելը Դավիթն օտարամոլություն չի համարում, քանի որ ի սկզբանե նպատակն արտահանելն է եղել, հիմա արդեն կարևորում է հայկական շուկայի սպառողներին։ «Հաջորդ խմբաքանակի փաթեթավորման վրա կլինի նաև հայերեն, որովհետև հասկացանք, որ տեղական շուկան էլ շատ կարևոր է մեզ համար»,-հավելում է Դավիթ Մնացականյանը: Նա մեծ հույս ունի հայկական արտադրանքը միջազգային շուկա հանել: «Հայկական շուկան տեղական սպառման համար բավականին փոքր է, միայն հայկական շուկայով սահմանափակվելը քիչ է, բոլորը ձգտում, երազում են սպառումը կատարել դրսում: Մենք էլ բացառություն չենք կազմում»,-ասում է մասնագիտությամբ մարքեթոլոգ Դավիթ Մնացականյանը:

«Մաունթի»-ի արտադրողների առաջիկա նպատակներից է այցելել Սյունիք, Տավուշ, Լոռի և այնտեղից նույնպես խոտաբույսեր բերել: Դավիթն ասում է, որ այսպես կունենան լայն տեսականի, իսկ գյուղացիներն աշխատելու հնարավորություն կստանան:
Մարքեթոլոգ Դավիթ Մնացականյանը և «Մաունթի»-ի անդամները ամռան օրերին թեյերի սպառման նոր մոտեցում են մշակել: Իրենց ֆեյսբուքյան էջում ներկայացնում են սառը թեյերի բաղադրատոմսեր, որոնք մշակել են բարմենների հետ համատեղ:

Թեեւ «Մաունթի»-ն դեռևս էկոսերտիֆիկատ չունի, սակայն նման նպատակ ունի: Փորձում են մինչև էկոսերտիֆիկատ ստանալը փաթեթավորմամբ ցույց տալ, որ էկոլոգիապես մաքուր արտադրանք են ներկայացնում:

«Մաունթի» թեյերը հիմնականում սպառվում են Հայաստանում և Ռուսաստանում:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter