HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը

Գործադիրն այսօր կառավարության նիստում հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 270 մլն մ3, ինչը ունի համապատասխան հիմնավորումներ:

Տնտեսական առումով, ակնկալվում է, որ լրացուցիչ մինչև 100 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսման: Մուլտիպլիկատիվ էֆեկտի առումով, ակնկալվում է, որ լճից մինչև լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Ըստ մասնագետների գնահատականների, լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա: Նախագծի նպատակն է՝ ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախագիծը լրացուցիչ քննարկելու համար խնդրել է 2 օր ժամանակ, ինչի առնչությամբ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ասել է. «Կոմիտեներին և նախանիստերին Դուք քննարկելու ժամանակ ունեիք: Ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք: Մենք մի օր պետք է դա դադարեցնենք: Մեկ օր Ձեզ ժամանակ»: 

Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք Սևանա լճի մակարդակն ավելի առաջանցիկ տեմպերով է բարձրանում, քան կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսված է և ստացել է դրական պատասխան: Կարեն Կարապետյանը նշել է, որ դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում, պայմանավորված եղանակային, տնտեսական պայմաններով, կատարել լրացուցիչ ջրառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter