HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյուղնախարարությունը, շփոթելով իրական սեփականատիրոջը, 25 տարով հողամաս հատկացրեց ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող 8 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը 25 տարով վարձակալության տալ «Ագրոինտեքս» ՍՊԸ-ին։ Որոշումն ընդունվեց' թեպետեվ ֆինանասների նախարարությունն ու անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն դիտողություններ ունեին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը պատկանում է «Կիլիկիա» վարկային կազմակերպության գործադիր տնօրենի նախկին տեղակալ Հայրապետ Ստամբոլյանին։

Հողատարածքն ընկերությանը կտրամադրվի՝ հետ վերցվելով գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ընկերությունը վարձակալած հողամասի համար ամսական կվճարի 50 000 դրամ, որը կուղղվի պետբյուջե։ Համաձայն կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ «Ագրոինտեքս»-ը պարտավորվել է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո կատարել 176 մլն դրամ ներդրում։

Մասնավորապես՝ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը կկատարի մոտ 122 մլն դրամի, 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը՝ 54,5 մլն դրամի ներդրում։

Գյուղնախարարությունը հողամասը հատկացնում է' ընդգծելով, որ 2017-ին նախարարության համար գերակա խնդիր է ինտենսիվ այգեգործության զարգացումն ու տեղական ցածրաճ տնկանյութի արտադրությունը։
Բացի այդ, նախարարությունը կարևորում է ընկերության կողմից ներկայացված 176,5 մլն դրամի ներդրումը։
Նախագիծը ներկայացվել է որոշ պետական կառույցների, որոնցից դիտողություններ են ստացվել։ Օրինակ՝ ֆինանսների նախարարությունն ասել է, թե պարզ չէ' կառավարության որ որոշմամբ է հաշվարկվել և սահմանվել հողամասի 50 000 դրամ ամսավճարը։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն էլ իր դիտողությունն է արել։ Նշել է, որ ընկերության կողմից որպես ստանձնած ներդրումային պարտավորություն նախատեսված է նաև շինությունների կառուցում (ադմինիստրատիվ շենք, պահեստ, թռչնանոց, պոմպակայան, պահակակետ, արհեստական ջրամբար)։ Սակայն, եթե նշված շինությունները նախատեսվում է կառուցել տրամադրվող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա, այդ դեպքում հողամասի' վարձակալության իրավունքով տրամադրումը կհակասի Հողային օրենսգրքի 46-րդ հոդվածին։ Այդ հոդվածով արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով վարձակալությամբ կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել։

Ինչպես վերևում նշեցինք, ընկերության 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը Հայրապետ Ստամբոլյանն է։ Նա ընկերությունը ձեռք է բերել մայիսի 26-ին։

Սակայն հետաքրքրական է, որ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հունիսի 15-ին հաղորդագրություն էր տարածել' հայտնելով, որ գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Մերձավան համայնք, որտեղ մասնակցել է նախարարության և «Ագրոինտեքս» ընկերության հետ համատեղ հիմնվող տնկարանի բացման արարողությանը, հանդիպել ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանին։
««Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել ինտենսիվ այգիների կառուցման համար տնկիների աճեցման ծրագիր»,-ասվում է հաղորդագրությունում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Չիտչյանը որևէ կապ չունի այս ընկերության հետ՝ ո՛չ դրա սեփականատերն է, ո՛չ տնօրենը։

Ինչպես «Հետք»-ին պարզաբանեց գյուղնախարարի խոսնակ Անի Սմբատյանը՝ այդ հանդիպմանը որպես «Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր ներկայացել է Դավիթ Չիտչյանը։ Հավելյալ պարզաբանման համար խոսնակը հորդորեց կապ հաստատել ընկերության հետ։

Ընկերության իրական սեփականատեր Հայրապետ Ստամբոլյանը պարզաբանեց, որ Դավիթ Չիտչյանն իր եղբայրն է, ում փորձել են ներկայացնել որպես իրական շահառու, սակայն նախարարության մոտ շփոթմունք է առաջացել։ Իրական շահառու ասելով' ընկերության սեփականատերը նկատի ունի ոչ փաստաթղթային տարբերակով գրանցված սեփականատեր, ով զբաղվում է ընկերության աշխատանքներով։ Օրինակ' ընկերության տնօրեն Վահե Սարոյանն էլ անհատ ձեռներեց է, որի հետ համագործակցում են։

Հայրապետ Ստամբոլյանը տեղյակ չէր ֆինանսների նախարարության այն դիտողությանը, թե անորոշ է 50 000 դրամի հաշվարկի «ձևաչափը»։

Ասաց, որ պետության կողմից (հստակ չհիշեց' պետական որ կառույցի կողմից-հեղ.) սահմանվել է 100 000 դրամ, սակայն իրենք հայտնել են, որ դրա համար նախատեսել են 50 000 դրամ, և ինչպես տեսնում ենք ընդունված որոշման նախագծից, նրանց առաջարկն ընդունվել է։

Մեկնաբանություններ (1)

minas
Մեկ հա մոտ 6000 դրամ, մոտ 12 դոլլար: Ամերիկացի հավաքարարի մեկ ժամվա աշխադավարձից պակաս: Նվեր ձեւակերպելը ավելի ճիշտ չէր լինի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter