HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հովանավորելով մտերիմներին. ում է արտոնում Կառավարությունը

Սեդա Հերգնյան

2009 թվականից սկսած` Հայաստանի կառավարությունը պարբերաբար թույլատրում է  տարբեր ընկերությունների իրենց ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների  ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) վճարել ներմուծման ժամկետից երեք տարի անց։ Սա հարկային արտոնություն անվանելը երբեմն սխալ են համարում, քանի որ, միևնույն է, երեք տարի անց գումարը պետբյուջե վճարվում է։ Հայաստանում  ԱԱՀ-ի դրույքաչափը 20% է, ինչը բավականին մեծ գումար է տվյալ ընկերությունների կողմից  ներմուծվող ապրանքների համար, հետևաբար, այդ գումարը ներմուծման ժամկետից երեք տարի անց վճարելն, իսկապես, արտոնություն է ընկերությունների համար։ 

Բիզնեսին արտոնություն տրամադրելու անհրաժեշտության թեման հաճախ բանավեճերի առիթ է դառնում։ Մասնագետների ու փորձագետների մի մասը համոզված է, որ այն անհավասար դիրքում է պահում արտոնություն ստացած ընկերությանն իր մրցակիցների նկատմամբ, իսկ դա հակասում է ազատ մրցակցային տնտեսության գաղափարին։ Ավելին, այստեղ ևս մեկ ուշագրավ հարց կա՝ ու՞մ է արտոնում Կառավարությունը։ 

«Հետք»-ն ուսումնասիրել է ներդրումային ծրագրերի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկն ու նրանց տվյալները և առանձնացրել օրինակներ, թե ինչպես է Կառավարությունը արտոնում ընկերությունների, որոնք փաստացի պատկանում են երկրի իշխանական թևի ներկայացուցիչներին, նրանց մերձավորներին ու հովանավորյալներին։ Այդ ընկերությունների մասին՝ քիչ ուշ։ 

85 անգամ ԱԱՀ-ի վճարի հետաձգման արտոնություն է շնորհվել

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև՝ Կառավարության որոշմամբ  սահմանված են այն չափանիշները, որոնց հիման վրա տրվում է այդ արտոնությունը։ Ընկերությունները ներկայացնում են իրենց ներդրումային ծրագրերը, ներմուծվող ապրանքների ցանկն ու արժեքները, թե որքան գումար են նախատեսել ներդնել, որքանով է իրենց ապրանքն արտահանելի, քանի աշխատատեղ կարող են բացել և այլն։ Ըստ այդմ՝ Կառավարությունը պետք է որոշի, թե ում տրամադրել նման թույլտվություն։ Այս ամենը Կառավարությունում ներկայացնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (նախկինում` Էկոնոմիկայի նախարարությունը)։ 

Ինչպես տեղեկանում ենք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ու e-gov.am համակարգից, առ այսօր Կառավարությունը  ներմուծման ժամանակ հաշվարկվող ԱԱՀ-ի վճարի հետաձգման 85 որոշում է կայացրել այն ընկերությունների համար, որոնք ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամը գերազանցող ապրանք են ներմուծել։ Սակայն, դրանք ոչ թե 85 տարբեր ընկերություններ են, այլ՝ 68, քանի որ նրանց շարքում կան երկու և ավելի անգամ նման արտոնություն ստացածներ։ Բացի այդ, կան փոխկապակցված ընկերություններ, որոնք, ըստ էության, պատկանում են նույն անձին կամ անձանց։ 

Այստեղ ընդհանուր ցանկն է, որտեղ կարող եք տեսնել, թե որ ծրագրերի համար են ընկերություններն արտոնություն ստացել, և որքան գումար է կազմել այդ ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքատեսականին։ Ներկայացված են Կառավարության որոշումներին կից հավելվածները։

Արտոնյալները

 Միայն ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի ընկերությունները 5 անգամ օգտվել են Կառավարության ընձեռած այս հնարավորությունից։  Արտոնյալների թվում են նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատների ընկերությունը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին պատկանող ընկերությունները, վարչապետի խորհրդականի ու նրա որդիների մասնակցությամբ ընկերությունը, նախագահի եղբորորդու ընկերությունը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունը և այլն։   

Հենց այն փաստը, որ Կառավարությունը արտոնություն է տալիս բիզնես ընկերությունների, որոնց իրական սեփականատերերը իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են, արդեն իսկ կասկածի տակ է առնում հարցը՝ արդյոք ԱԱՀ-ի վճարի հետաձգման գործիքը արդյունավետ է կիրառվում։ Բացի այդ,  այն հստակ ցույց է տալիս, որ երկրում իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են։ Սա նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենապարզ երևույթներից մեկն է։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Մեր պաշտոնյաներն էլ, ինչպես երևում է, խիստ «հարգում» են օրենքը՝ իրենց բիզնեսները գրանցելով հարազատ-բարեկամների անուններով։

Այլ ընկերություններ, որոնք երկու և ավելի անգամ արտոնություն են ստացել 

Չորս անգամ ԱԱՀ-ի վճարի հետաձգման հնարավորություն է ստացել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն։ Ընկերությունը ներառված է աշխարհում ալյուﬕնի և կավահողի խոշորագույն արտադրող ռուսական «Ռուսալ»-ի կազﬕ ﬔջ։ 

Երկու անգամ նման արտոնություն է ստացել «Բիգա» հայ-հոլանդական ձեռնարկությունը, որը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ։ Այս արտոնությունը շնորհվել է նաև «Բիգա»-ի հետ փոխկապակցված «Ամստեր Ֆլաուերս» ընկերությանը։ Ինչպես տեղեկանում ենք պետռեգիստրից, ներկայում «Բիգա»-ի բաժնեմասերի 20%-ը պատկանում է «Ամստեր Ֆլաուերս»-ին։ 

Երկու անգամ էլ արտոնություն է ստացել «Արմենիա Վայն» գործարանը։

ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն են ստացել նաև «Կագա Ագրո» և դրան փոխկապակցված «Կագա գրուպ» ընկերությունները, որոնց հիմնադիրը նույն անձն է` ոմն Գուրգեն Կոստանյան: 

Երկուական անգամ արտոնություն է տրվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը», «Սևանի իշխան», «Սևան ակվա», «ԱՍԿԵ գրուպ» ընկերություններին  և այլն։ 

Որքան գումար է ժամանակավորապես «կորցնում» բյուջեն

Թե 2009 թվականից սկսած, ընդհանուր առմամբ, որքան ԱԱՀ  է հետաձգվել երեք տարով, դժվար է ասել, քանի որ  եղել են դեպքեր, երբ ընկերությունների ներկայացրած ցանկերում և ծրագրերում որոշումն ընդունելուց հետո փոփոխություններ են արվել։   

Օրինակ` Կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ «Սպայկա»-ին արտոնություն է տրվել շուրջ 3,5 մլրդ դրամ արժողությամբ ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ն երեք տարի անց վճարելու համար։ Ըստ որոշման՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է այն ապրանքների համար, որոնք ընկերությունը ներմուծելու է 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ երեք ամսվա ընթացքում։ Իսկ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը։ Սակայն, 2011-ի դեկտեմբերին Կառավարությունը որոշել է  «2010 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2012 թվականի փետրվարի 1-ը» բառերով։ Այս «չնչին» փոփոխությամբ, փաստորեն, ընկերությանն ԱԱՀ-ի վճարի հետաձգման հնարավորություն է տրվել ոչ թե 3 ամսվա ընթացքում ներմուծվող ապրանքների համար, այլ՝ 19 ամսվա համար։  Կառավարությունը նաև արտոնել է ընկերությանը ավելացնել ներմուծվող ապրանքների ծավալը՝ մոտ 3,466 մլրդ դրամը դարձնելով   3,818 մլրդ դրամ։  

Եվ սա միակ օրինակը չէ։ Փոփոխությունների համար հիմնականում նույն հիմնավորումն է ներկայացվում՝ ներկրվող ապարքնների գներն են բարձրացել, մատակարարող երկրների ցանկն է փոփոխվել, ներդրումային ծրագրի համար ավելի նպատակային են համարել փոխարինել որոշ ապրանքներ, ներմուծել ավելի երկար ժամկետներում և այլն։ Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է գործադիրը լրացուցիչ արտոնում նույն ծրագրերը։ 

Կառավարության որոշմանը կցված հավելվածում ընկերությունների ներկայացրած այն ապրանքներն ու արժեքներն են, որոնց հիման վրա կայացվել է որոշումը։ Այսինքն՝ դրանցում հետագա փոփոխությունները չեն երևում։ Այնուամենայնիվ, պատկերացում կազմելու համար, թե որքան գումար է ժամանակավորապես կորցնում պետբյուջեն այդ որոշումների արդյունքում, նշենք, որ ըստ ընկերությունների ներկայացրած նախնական ապրանքացանկերի՝ 2010 թվականին, օրինակ, 6 ընկերությունների ներմուծվող ապրանքների հետաձգված ԱԱՀ-ն, մեր հաշվարկներով, կազմել է   շուրջ 3 մլրդ դրամ։ Այսինքն՝ պետբյուջեն 3 տարով այդքան գումար է «կորցրել»։ Իսկ 2016 թվականին «կորուստն» ավելի մեծ է եղել՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ։ 

Կատարու՞մ են, արդյոք, արտոնություն ստացած ընկերություններն իրենց պարտավորությունները

Դեռևս  2010 թվականի մայիսին, հերթական անգամ ԱԱՀ-ի վճարի հետաձգման արտոնություն տրամադրելիս, այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե ներդրումային ծրագրերը, որոնց հիման վրա տրվում են այդ արտոնությունները, պետք է հետագայում մոնիտորինգի ենթարկվեն։ «Անհրաժեշտ է, որ ներդրումային ծրագրերը ենթարկվեն մոնիտորինգի և դրա արդյունքները ներկայացվեն հանրությանը, որը մտավախություն չպետք է ունենա միջոցների ոչ նպատակային ծախսման վերաբերյալ», - հայտարարեց վարչապետը: 

Հետագայում մի քանի ընկերությունների վերաբերյալ հայտարարություններ արվեցին, թե կատարել են իրենց պարտավորությունները։ Բայց ամբողջական տեղեկություններ այն մասին, թե այս ընթացքում կոնկրետ որքան ներդրում են կատարել` 2009-ից սկսած, կամ որքան աշխատատեղ է բացվել, չգտանք։ 

Նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը ևս անդրադարձավ այս հարցին։ Սեպտեմբերի 15-ին, երբ արտոնություն տրվեց «Շանթ» հեռուստաընկերությանը, ծրագիրը Կառավարությանը ներկայացնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։ Նա հայտարարեց, որ այս գործիքը 2009թ. աշնանից կիրառվում է և այդ պահի դրությամբ շուրջ 65 ընկերություն օգտվել է այդ իրավունքից։ Ըստ նրա՝  ընդհանուր առմամբ ընկերությունների կողմից ներկայացվող ծրագրերում նախատեսված է եղել 6688 աշխատատեղ, այդ պահի դրությամբ, մոնիտորինգային արդյունքներով, գնահատվել է 5025 ստեղծված աշխատատեղ: Սակայն վարչապետի այն հարցին, թե հնարավո՞ր է հասկանալ՝  որքան գումար է վերադարձվել պետբյուջե ԱԱՀ-ի տեքսով այդ արտոնությունների շրջանակում, կա՞, արդյոք, վերահսկելու համակարգ, Ա. Մինասյանը բացասական պատասխան տվեց։ 

Հավելենք, որ ԱԱՀ-ի հետաձգումը արտոնության միակ տեսակը չէ, որ Կառավարությունը տրամադրում է այս կամ այն ընկերությանը։ Հաճախ գործադիրը որոշումներ է կայացնում` ազատել ընկերություններին մաքսատուրքից կամ արտոնում է օգտվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմից։ Նման արտոնություն է ստացել «Ախթամար» ընկերությունը, որին մամուլը բազմիցս անդրադարձել է։ 

Հոդվածում օգտագործվել են նկարներ ընկերությունների պաշտոնական կայքերից, ecolur.org-ից, Reuters-ից, ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կայքերից, armenpress.am-ից, «Ֆոտոլուր»-ից, 2rd.am-ից։

Տեսանյութերը՝ azatutyun.am-ի, yerevan.today-ի և panorama.am

Մեկնաբանություններ (1)

Կարո Մելիքյան
Եթե հանցագործը եւ հսկող պատժողը նույնն են,ապա այդ հարցը լուծվողներից չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter