HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանտարկյալին​ ​45​ ​օրով​ ​արձակուրդ​ ​տանք,​ ​կփախնի»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ամառանը շատ բանտարկյալներ, ովքեր ձմռան ցրտին խուսափում էին զբոսախցեր դուրս գալ, հիմա հաճախ են հայտնվում «Նուբարաշեն» բանտի ապակեպատ տանիքի տակ` «արևի լոգանք» ընդունելու ու «տաքացած» զրույցներ վարելու: Իրար չենք տեսնում, տարբեր զբոսախցերից իրար ձայներն ենք միայն լսում:

Այդպես հաշվեցինք՝ 17 ցմահ բանտարկյալ, որոնք բոլորն էլ նախկին մահապատժի դատապարտվածներ են, հասել-անցել են պայմանական վաղաժամկետ (ՊՎԱ) ազատման օրենքով նախատեսված 20 տարվա շեմը: Երկուսն էլ արդեն 25 տարի «նստած» են, սակայն ոչ ոք մինչ օրս պայմանական չի ազատվել: Բոլորին անխտիր մերժում են:

Զբոսախցից-զբոսախուց հարցի մեր քննարկումից պարզ է դառնում՝ մինչև նախագահականից «դաբռո» չլինի, ոչ մեկին էլ չեն ազատի, քանի որ Հայաստանում գործում են ոչ թե օրենքները, այլ «թագավորական ցանկությունները», որոնց շնորհիվ մինչ օրս ներման կամ պայմանական ազատման են արժանացնում միայն ծանոթ-բարեկամներին:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ մեխանիզմ են կիրառում` որպես կանոն անհիմն մերժումներին օրինականության տեսք տալու համար: Մեկուսարանում գոյություն ունի ՍՀԻԱ բաժին`սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցության աշխատանքների: Կա ինչպես բաժնի պետ, այնպես էլ նշված գծով մեկուսարանի պետի տեղակալ և մի շարք աշխատակիցներ: Այս բաժնին, կարծես, ներքին հրահանգով ասված է՝ խրախուսանքներ հնարավորինս քիչ տալ: Այլապես՝ չեն կարողանա դատապարտյալին բացասական բնութագրել: Իսկ դրական բնութագրելու դեպքում՝ դժվար կլինի մերժել պայմանական ազատումը:  

Յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ վարվում են անհատական քարտեր, գնահատման թերթիկներ և մի շարք այլ փաստաթղթեր: Կառավարության 30.05.2008թ. թիվ 44-Ն հրամանի համաձայն, կային ձևաթղթեր և չափորոշիչներ, որոնց հիման վրա դատապարտյալի կապն ընտանիքի հետ, ներգրավվածությունը աշխատանքին, ուսմանը, կարգապահությունը և այլն գնահատում էին ցածր, միջին կամ բարձր, սակայն վերջում ամփոփիչ բնութագրում էին կամ բացասական, կամ դրական, միջին գոյություն չուներ: Այս մոտեցումն անտրամաբանական էր և առաջացնում էր բազմաթիվ հակասություններ:

Վերջ ի վերջո 13.07.2016թ.-ին նշված հրամանը ուժը կորցած ճանաչվեց, սակայն հիմա հարց է առաջացել`ո՞վ պետք է շտկի այն բացթողումները, թերությունները, հաճախ ակնհայտ անօրինությունները, որոնք ֆիքսված են մնացել տարիների ընթացքում լրացված փաստաթղթերում: Բնական է, որ այդ աշխատանքը պարտավոր է անել հենց ՍՀԻԱ բաժինը:

Այս հարցերը ճակատագրական են դատապարտյալների համար, քանի որ հենց նրանց բնութագրման և գնահատականների վրա հիմնվելով են որոշում՝ ազատել, թե չազատել դատապարտյալին: Ներկայումս արդեն բնութագրում են նաև միջին, ավելի ճիշտ`կրկին հանցանք կատարելու հավանականությունն են գնահատում բարձր, միջին կամ ցածր: Ռիսկը պետք է լինի ցածր, որ կոնկրետ անձի նկատմամբ կիրառեն ՊՎԱ ինստիտուտը: Գնահատումները կատարվում են քմահաճորեն, առանց որոշակի չափորոշիչների:

Եվրոպական երկրներում ՊՎԱ-ն լայնորեն կիրառվում է, և փորձը ցույց է տալիս, որ կրկին հանցանք կատարելու հավանականությունը ամենացածրն է հենց ցմահ բանտարկյալների մոտ, ի տարբերություն որոշակի ժամկետով ազատազրկված և համեմատած շուտ հասարակություն վերադարձած նախկին ազատազրկվածների:

Օրինակ՝ Իտալիայում բանտարկյալը 8 տարի հետո կարող է տարվա կտրվածքով 45 օր արձակուրդ ստանալ, ապրել իր տանը`հարազատների հետ`ազատության մեջ: Երբ այս մասին ասում եմ «Նուբարաշեն» աշխատակիցներին, զարմանում են և հակազդում`հենց տուն թողնենք արձակուրդի`կփախնեն:

Քաղաքակիրթ աշխարհից դարերով հետ ենք մնում, լճացած և մութ հոգեբանությամբ: Եթե, անկախ մարդու կատարած սխալից, էլ չեմ ասում՝ անմեղ դատապարտվածների մասին, համակարգը խելամիտ, նաև խիստ, սակայն մարդասիրական մոտեցում է ցուցաբերում, արդյունքում հասնում է դատապարտյալի ուղղմանը և իրոք հոգեպես ու ֆիզիկապես առողջ մարդիկ են դուրս գալիս բանտերից:

Սակայն Հայաստանը չունի ոչ մի նախադեպ ցմահին ազատելու, օրինակ, նույն Իտալիայում ցմահ ազատազրկվածը արձակուրդից խելոք վերադառնում է բանտ, քանի որ գիտի, եթե շարունակի կարգապահ լինել, աշխատել, ապա նորից կստանա արձակուրդ և վերջում էլ կազատվի: Խելացի և մարդասիրական մոտեցումը աշխատում է, իսկ մեզ մոտ գնալով, ասես, արհեստականորեն, այնպես են անում, որ բանտված մարդու մոտ ագրեսիա, ատելություն կուտակվի, որը մի օր կարող է ունենալ ողբերգական հետևանքներ:

Այս հարցի վերաբերյալ գիտական աշխատություններ կան, որտեղ մասնագետները նույնիսկ տերմին են ներմուծել`«սուպեր դատապարտյալներ»: Եթե պետությունները չեն կիրառում գործուն մեխանիզմներ դատապարտյալիներին ուղղելու, հասարակություն վերադարձնելու համար, նրանք դառնում են `«սուպեր դատապարտյալներ», այսինքն՝ անկառավարելի, որոնք բանտի ներսում են կատարում ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բանտապահների նկատմամբ և այդ կերպ արտահայտում են անթույլատրելիորեն ճնշված ազատության բնազդը:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 10 (3)-րդ հոդվածում ասված է. «Քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների հետ կազմակերպվող աշխատանքների (վերաբերմունքի) էությունը պետք է կայանա նրանում, որ վերջիններս ուղղվեն և վերադառնան հասարակություն»: ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի, Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ եվրոպական կոմիտեի որոշումների, մոտեցումների համաձայն`ցմահ ազատազրկումն՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, հավասարվում է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին:

Նախագահականում վերջապես պետք է գիտակցեն, որ ցմահ ազատազրկվածների նկատմամբ նման վերաբերմունքը, հակասելով Հայաստանի կողմից վավերացված համապատասխան միջազգային պայմանագրերից բխող նորմերին`վերջ ի վերջո կբերի սպասված-չսպասված պայթյունի, որը կլինի այս հարցում անհեռատես քաղաքականության հետևանք: Մնում է հուսալ, որ տեղեկատվությունը, նաև այս հոդվածի միջոցով վերջապես հասնելով նախագահական`այս ոլորտում պատասխանատու գոնե մի անձի կողմից կվերլուծվի և ՀՀ նախագահին կզեկուցվի, որ պարզապես լռելը, անտեսելը հարցի լուծում չէ, որ իրոք խնդիր կա, որին լուծում է պետք տալ` որոշ գործերի վերաբացման, ՊՎԱ-ի կիրառման կամ ներման միջոցով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter