HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղիշե Չարենց․ Հարդագողի ճամփորդները

(Սիրելի Վիվանին)

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝ 
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով: 
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝ 
Անրջական կարոտներով ու սիրով:

Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝ 
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր: 
Ու սիրում ենք առավոտից իրիկուն 
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել:

Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային 
Ճամփաների հեռուները դյութական - 
Ու անցնում ենք ուղիներով երկրային, 
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:

Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝ 
Գորշ, անարեւ, անմխիթար մանկություն: 
Զառանցանքի պես մանկությունը անցավ - 
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:

Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝ 
Երազելով հավերժական հեռուներ: 
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում - 
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:

Ու օրերում բազմագույն ու բազմազան 
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,- 
Բայց աչքերը մեր - արեւներ չտեսան, 
Եվ մեր սրտերը - լուսավոր հեռուներ:

Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան 
Որոնեցին պատահակա՛ն աչքերում 
Հարդագողի ուղիները ոսկեման, 
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:

Բայց աչքերում նրանք երկինք չգտան, 
Ու սրտերում - արեգակներ ոսկեվառ. 
Ու բզկտվեց հայացքներից անկենդան 
Որբ սիրտը մեր՝ երազորեն - հոգեվար:

Ես ուզեցի երգել գովքը Աստծու, 
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի. 
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու - 
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի...

Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն, 
Կապուտաչյա երջանկության առասպել. 
Մի երկնային առնչության պատմություն - 
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,- 
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին, 
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ - 
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:

Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց, 
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան: 
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց, 
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես, 
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք. 
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս, 
Որ երազում երազեցինք ու անցանք... 
1916-1917

***

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, 
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, 
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, 
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- 
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր - 
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ 
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր - 
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին... 
1917

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter