HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ֆ. Մերքյուրի․ «Ես չեմ ցանկանում նույնը լինել ամեն օր»

Երբ 1975թ. Ֆրեդի Մերքյուրին գրեց «Բոհեմական ռապսոդիան», թվում էր, թե այլևս  ինչ էլ ստեղծվեր, ստվերում էր մնալու: Ասվել էր անասելին, երգվել էր անհավանականը: Երգը նույնիսկ նրա կենդանության օրոք գրեթե պաշտամունքի վերածվեց: Ֆրեդին ստեղծել էր ոչ միայն խմբի գլուխգործոցը, այլև երաժշտության պատմության մեծագույն երգերից մեկը:  «Բոհեմական ռապսոդիան» ուղղակի շլացուցիչ փայլ ուներ, որը չխամրեց երբևէ ու դարձավ անմահներից մեկն այդ աշխարհում: Սակայն այդ խենթ, արտասովոր ու փայլուն անհատականությամբ արտիստն, այնուամենայնիվ, խաղաղություն չէր գտնում: Մինչ բոլորը՝ ծանոթ, թե անծանոթ, քննարկում էին, որ նա այս երգում բացել է իր հոգու խորքն ու թեկուզ ոչ այնքան բառերով, որքան անգերազանցելի ձայնով պատմել այնտեղ թաքցրած կուտակումների մասին, նա պատրաստվում էր նոր «հաղորդագրության»: Ու, ինչպես միշտ, այնպիսի հայտնությամբ, որը և՛ հաստատելու, և՛ հերքելու էր նախորդի էությունը: Ֆրեդին բեմում էլ էր այդպիսին:

«Ես չեմ ցանկանում նույնը լինել ամեն օր »,- ասում էր Մերքյուրին:

Այս հեղհեղուկ հոգու և տրամադրության վառ արտահայտությունը նրա բեմական կերպարն էր՝ այսօր այսպիսին, վաղը՝ երեկվա հանդեպ հեգնանքով ու երբեմն՝ ընգծված ծաղրով: Ասում են, որ նա շատ փակ մարդ էր, և հնարավոր է, որ երեկվա թաքուն խոստովանության համար զղջալուց էլ նա արտիստիկ կերպար էր հագնում նաև երգի օգնությամբ: Ինքն էլ է խոստովանել, որ իր շուրջը մշտապես պատ է կառուցել, որպեսզի մարդկանց համար դժվար լինի ներս մտնել ու հասկանալ իր իրական «Ես»-ը:

Կա մեկը, սակայն, որն այնքան էլ զղջում չէ, բայց խորքում փորձում է բոհեմական կյանքի ռիթմում ներարկել խորը թաքնված թախծի ու սիրո կարոտագին մեղեդիներ:

«Somebody to Love».  1976թ. թողարկվեց այս երգը, «Queen» խմբի 5-րդ ստուդիական ալբոմի՝ «A Day at the Races»-ի կազմում: ««Բոհեմական ռապսոդիան» կարող է ավելի հզոր, արտասովոր և ավելի յուրօրինակ գործ համարվել,- գրում է բրիտանական «Telegraph»-ը,- սակայն իր նվաղուն թախծով խենթացնող այս բալլադը, ավելի վեր է բարձրացնում «Queen»-ին՝ զգայական խտությամբ և մեղեդայնությամբ»:

Երգը ունկնդիրների մոտ առաջին հերթին համեմատության է տանում դեպի «Բոհեմական ռապսոդիան»: Եվ իսկապես՝ որոշ առումներով այն թույլ է տալիս համեմատել այս երկու երգերը: Դրա մասին առաջինը ենթադրում է «Somebody to Love»-ի կառուցվածքը՝ բարդ մեղեդային և վոկալ խորը շերտերը, հարմոնիկ լուծումներն ու տեքստի փիլիսոփայական հայացքը,  և, իհարկե, կիթառի սոլոն ու դաշնակահար Ֆրեդին: Բացի այդ, այս մեկը ևս իր կառուցվածքային բարդության պատճառով (կամ միգուցե շնորհիվ) կատարման մեծ վարպետությամբ է ստեղծվում, ուստի չափազանց դժվար է դեպի նա ձեռք մեկնելը: Թեև հետագայում մեկ-երկու փորձեր արվեցին:  

Ե՛վ Ֆրեդին, և՛ խմբի անդամներն այստեղ իսկապես փայլում են իրենց երաժշտական կարողությամբ: Երգը կառուցված էր երգչախմբային կտորների զուգակցմամբ, գոսպելին բնորոշ ռիթմով ու մատուցմաբ: Եվ բոլոր այդ հատվածները ձայնագրվել են միայն Մերքյուրիի, Բրայըն Մեյի և Ռոջեր Թեյլորի կատարմամբ: Ընդամենը երեք ձայնի միջոցով նրանք ստացել էն 100 հոգանոց խմբերգային կատարմանը համապատասխանող հատվածներ: Եվ ի տարբերություն անգլիական երգչախմբայինի, «Somebody to Love» հնչում է գոսպելի ոգով: Միգուցե Ֆրեդին այսպես հատուկ ցանկացել է ընգծել նաև երգում հիշատակվող՝ Աստծո դերի ու նրան ուղղված իր հարցերի կարևորությունը:

… Lord what you՚re doing to me (yeah yeah)

I have spent all my years in believing you

But I just can՚t get no relief, Lord!

Somebody (somebody) ooh somebody (somebody)

Can anybody find me somebody to love?...

«Somebody to Love»-ը ալբոմի ամենահնչեղ ու ամենահաջողակ երգն էր: Այն բրիտանական սինգլների սանդղակում գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ ամերիկյան «Billboard Hot 100»-ում՝ 13-րդը: Եվ ինչպես միշտ, իր ողջ երաժշտական ու կատարողական փայլի հետ մեկտեղ, այս երգն էլ տպավորեց հանրությանը տեքստային իմաստով: Խոսքն այս անգամ անդրադառնում էր մարդկային կյանքում առկա տարբեր հարցականների. սա երգ էր հավատի ու հուսահատության մասին: Մերքյուրին երգում էր իր կյանքի չերևացող կողմի մասին՝ սիրո պակասի, Աստծո հանդեպ հավատի խարխլման ու առհասարակ, նրա գոյության մասին: Նրա կյանքի փորձն այլևս ուղղորդում էր  հայելուն այլ հայացքով է նայել, մեծ հարցերի միջև թափառող հոգին էլ, զգացվում է, որ կասկածով է շրջապատել Աստծո դերն ու գոյությունը մարդկային կյանքում: Մի տեսակ ներքին, բայց նաև ոչ բացառիկ կռվի մեջ է նա սեփական կյանքի դեմ: Բայց անհնար է չնկատել, որ Ֆրեդին այստեղ ևս, անձնականի քողով՝ անանձնական տրամադրության մեջ է: «Նկատի ունենալով այն, ինչ հայտնի է «Queen»-ի երգչի և առաջնորդող լույսի՝ Ֆրեդի Մերքյուրիի ողբերգական կյանքից, «Somebody to Love»-ը շատ սրտառուչ երգ է: Այն մինչ օրս մնում է նրա լավագույններից մեկը՝ որպես վոկալիստի և երգահանի»:-գրել է AllMusic-ը: 

«Մարդիկ շարունակում են սիրահարվել և բաժանվել, իսկ ես շարունակում եմ այդ մասին երգեր գրել»,- ասել է Ֆ. Մերքյուրին:

«Somebody to Love»-ը խմբի համերգների զարդերից էր: Ի դեպ, ձայնագրություններից որպես բեք վոկալ բացակայող Ջոն Դիքոնը բեմում անպայման ընդգրկվում էր այս կազմում, և սա այդ առումով նրա մի քանի բացառություններից մեկն էր: Կենդանի կատարումներում երգը նոր զարգացումներով էր երևում, վոկալի առավել հարուստ խաղով: «Somebody to Love»-ը հետագայում տարբեր վերաթողարկումներ ունեցավ, նոր խորագրերում և նոր հավաքածուներում, բայց՝ Ֆրեդիի մահվանից հետո: Տարբեր արտիստներ փորձել են կատարել այն, սակայն այդ համարձակ փորձերից ամենաստացվածը համարվում է Ջորջ Մայքլի կատարումը: Նա «Somebody to Love»-ով հարգանքի տուրք մատուցեց Մերքյուրիի հիշատակին՝ 1991թ.  հանրահայտ «Wembley Stadium»-ում կայացած համերգի ժամանակ:

Գլխավոր լուսանկարը՝ www.freddiemercury.com կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter