Կիրակի, 23 սեպտեմբերի

Արմավիրի մարզում կարկուտից տուժել է 2902 հողօգտագործող, վնասվել է 1922 հեկտար տարածք



Արմավիրի մարզն այս տարի ևս լուրջ վնասներ է կրել կարկտահարությունից: Մայիսի 24-ին և 27-ին տեղացած կարկուտից տուժել է մարզի Արգինա համայնքը, իսկ հունիսի 12-ին՝ Էջմիածին քաղաքն ու հարակից 11 համայնքները: Ընդհանուր վնասվել է մոտ 1922 հեկտար ցանքատարածություն և այգի, որից 338 հեկտարը՝ խաղողի այգիներ, 534 հեկտարը՝ պտուղ և հատապտուղ, 819 հեկտարը՝ բանջարեղեն, 118-ը՝ հացահատիկ, 26-ը՝ եգիպտացորեն, մոտ 44 հեկտար՝ կարտոֆիլ և այլն: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել են Արմավիրի մարզպետարանից:

Նշված 13 համայնքներից 5-ում տեղադրված են եղել 15 հատ հակակարկտային կայան: Արգինա համայնքում եղել է 5 հակակարկտային կայան, իսկ Աղավնատուն, Արագած, Ամբերդ, Դաշտ, Այգեշատ (Էջմ.) համայնքներում՝ 2-ական:

Նշված հակակարկտային կայանները սպասարկվել են արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆ» կենտրոնի (մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն) կողմից:

Հունիսի 12-ի կարկտահարությունից 100%-ով վնասվել են Մրգաստանի, Դաշտի, Այգեշատի, Շահումյանի խաղողի այգիները, 80-100%-ով՝ պտուղն ու բանջարեղենը:

70-100%-ով վնասվել են նաև Աղավնատուն, Ամբերդ, Դողս համայնքների խաղողի, պտղատու այգիները, հատապտուղն ու բանջարեղենը:

Իսկ մայիսի 24-ի և 27-ի կարկտահարությունը 50-80%-ով վնասել է մոտ 189 հեկտար պտուղ և հատապտուղ, տուժել է 123 հողօգտագործող:

Ընդհանուր առմամբ տեղացած կարկուտից այս տարի Արմավիրի մարզում տուժել է 2902 հողօգտագործող:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ՝  կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով մարզպետարանի կողմից համապատասխան առաջարկություններ է ներկայացվել տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարություններ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ