HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առյուծատամներ

Մանե Գրիգորյան

Լոգասենյակի կախիչից կախված սև խալաթին թափվող մազերի պես տարածվել էր վիշապը: Ասում եմ քեզ՝ դեմքին ժպիտ կար:

Դու իմ հիվանդ հայրն ես, և երբ թիկունքս դարձրած այս մարմնեղ տղամարդուն պառկում եմ՝ մտածելով, որ աշխարհում ոչինչ չի միացնում մարդկանց, և չկա նույն կետում կյանքից միևնույն ակնկալիքը ունեցող կին ու տղամարդ, որովհետև նրանց վախերը վանա կատուն են`մարմինը մեկն է, բայց աչքերը տարբեր, հասկանում ես, այդժամ  կամ պատկերացնում եմ`հաղթահարելով ամեն բարձրություն, առանց տարածության ընկալման, առանց զգալու ոտքերս`որպես տեղաշարժվելու հնարավորություն, սահում եմ լեռների միջով, գրկում առյուծների, գլուխս անգամ դրանցից ամենահյուծվածի ոտքերին դնում, որովհետև չունեմ կշիռ, չունեմ ոսկոր ու արյուն, կամ պատկերացնում եմ, որ դու քո մաշված, նիհար ձեռքերով շոյում ես գլուխս, զգում եմ ուսդ`դուրս ցցված ցավ, զգում եմ թափանցիկությունը մաշկիդ. Մի թաքցրու ճշմարտությունը, ես  գիտեմ, այդ  մոտալուտ մահն է թափանցում:

-Դուռը փա ՞կ էր,-հարցրեց նա:

-Ձեռքս ցավում է, ուրեմն հրում էի դուռը,  եթե բաց լիներ՝ չէր ցավի:

-Ուզում ես ասել՝ ամեն բաց բան առանց ցա ՞վի է տրվում, - հարցրեց ու ճմկտեց հետույքս:

Հիշեցի՝ ինչպես ատամնաբուժարանում նստած սպասում էի հերթիս. Ձեռքերս դողում էին, իսկ սիրտս ծաղկի տերևին նստած ցող էր դարձել՝ ամեն վայրկյան կարող էր ընկնել, երբ պատկերացնում ես՝ ինչպես է ցողը պոկվում տերևից, թվում է՝ դեմքիդ ընկնող մազերի ստվերի պես աննկատ մի բան է։  Իսկ սրտի ընկնելը ծա՞նր, թե ՞ թեթև պատկերացում է, ասա, ասա, երբ արդեն մեռել ես, ի ՞նչ ես զգում. Ասում ես՝ կորուստներ չկան, հա՞, ուրեմն դու կորո՞ւստ չէիր, ուրեմն ի ՞նչ էիր, ասա:

Ատամս պետք է հեռացնեի, երբեք չէի ուսումնասիրել, թե ինչ տեսք ունի, միայն օտագործել էի այն, գիտեի, որ կա բերանումս, հանգիստ էի, չէի էլ մտածում նրա մասին, իսկ այդժամ նստած սպասասենյակում, վախենում  էի, որովետև մահվան հոտն էի զգում, իմ  անջատումը ինձանից: Հետաքրքիր է, տարիներ առաջ մտքովս չէր անցնի, որ  իմ ամբողջականության ընկալման հետ կարող է կապ ունենալ ատամը:

Այն տեղը, որ հատկացված է դրան ժամանակի ընթացքում մոլախոտերի պես ծածկում է միսը, հենց դրանով ես հասկանում, որ ներսումդ դադարել  է վերականգնումը, կորուստները վերջնական են ու անվերադարձ, չի գործում այլևս բանաձևը-պատուհանից գառան ատամ շպրտելու և դրա փոխարեն՝ գայլինը ստանալու:

Գրողը տանի, ցանկացած մեկը, որ ողջ է,  կասեր այո, կան կորուստներ, կան դրանք, իսկ դու ականջիս սիրելի տղամարդու բառի պես տաք նստել ու պնդում ես՝ չկան չկան չկան:

-Էլ չեմ կարող,-ասեց ու վազեց զուգարան:

Հետո թեպետ պատուհանները բացեցինք, բայց թթվահոտը պիրկ անդամի պես կանգնել էր սենյակում. Ստամոքսս ողողում էր անելանելիությունը, դու ազատ մարդ ես, եթե պետք է՝ գնա, տես՝ ինչ չես տեսել, իմ մարմինը անշնորհք է, նկարել չի ստացվում, սիրել չի լինում, գնա, ջուրը հազար ու մի քար է հղկում, սուզվիր, գտիր քոնը:

Պահակ շան պես փռվեցի տան շեմին, ցույց տվեցի, որ չէ, չեմ գնա. Երբեմն  ուզում եմ նրա համար այնքան ներկա լինել, որ վախենա, հայհոյի, ոտքերի ցավի պես ամեն քայլի հետ ծանրանամ վրան. հասկանա, որ  միայն գիշերվա ամուր քնից հետո թուլացած ու փափուկ, ձեռքերում հնազանդ հունցվող մարմինը չեմ, հա, ևս մեկ անգամ հասկանա՝ ծանր եմ, ցավի պես ծանր:

Հանգստացիր, դու անձեռոցիկ չես,  ոչ մի կերպ չես ծալվի, չես ճկվի, քեզնով  խոնավ ափ չեն սրբի,անգամ կոշիկների վրայից  ճանապարհների փոշին չեն մաքրի: Պնդում էիր, որ հանգստանամ, բացեցիր դռները, պատուհանները, նրա գրպանից հանեցիր բանալիների խուրձը, շպրտեցիր ոտքերիս մոտ, շշնջացիր, որ քամի եմ, ինձ  բռնել չի լինի, գոգավորություններս  հողով լցնել չի լինի, ականջիս թառեցիր, ասեցիր՝ հիշիր, չկա փակուղի, որովհետև կորուստ չկա:

Բայց սիրտս էլի չխաղաղվեց, որովհետև քո բացակայությունը քեզ դարձրել էր այնպիսին, ինչպիսին ես էի ուզում, դու արդեն երևակայություն էիր, խաղ էիր: Նորից ծնոտիս վրա զգացի դուրս ցցված ուսդ՝ մամոնտի ժանիքի պես փայլող ուսդ, մաշկիդ աննշան ներկայությունը. Չէ, խելագարվել կարելի է, դու հիվանդ ես, չէ,ես քո առողջ հայրն եմ, զգա փորիս մկանները, հիշիր, արագ հիշիր նկարները, վրաս կուտակված առողջ միսը, ոտքերիս ամրությունը հիշիր, չկար այնտեղ ամրություն, կար միայն ծնկների դող, չէ, ասում եմ քեզ, մի գոռա, ասում եմ մաշկդ պատրանք էր միայն, ներկա էր ոսկորը ու  արյունը, մի ասա էդպես, բա ջղերը, բա նյարդը, չկար, ասում եմ չկար:

Գոռում էի՝ չկար, որովհետև գիտեի՝ հոգնել էր, որովհետև գիտեմ՝ դրա համար էլ մեռավ:

Սև խալաթին մազեր որպես թափվում էր վիշապը, լայն բացված բերանից ճառագայթների պես կրակե փոքր չհատվող գծերով դուրս էր թափվել երկու թիթեռ:

Ես քո գլխում ապրող նինձյան եմ, որ հետևում է քեզ, երաժշտության պես զգում շնչառությունդ, բայց երբեք, լսում ես, երբեք չեմ սպանի քեզ:

Լռիր, դու ձանձրալի ես, գոռացի ես, ճապոնացիների մասին ընդամենը մի երկու բան գիտես, սամուրայ-նինձյա, վերջացրու հենց հիմա: Ուզում ես իմանալ-կա միայն ճապոնական պոռնո- լաբիրինթում գտնվող աղջիկներն են, ճիշտ այնպես ինչպես ես,տարբեր ճանապարհներով մենք միևնույն տեղում ենք հայտնվել, եթե անգամ մերթ ես եմ փորձում մոռանալ այդ մասին, մերթ նրանք… պըրծ ասում եմ քեզ, կա պոռնո ու կային գեյշաները,երկուսն էլ նույն զիբիլն է ու նույն հանգման կետը,  կարդացե՞լ ես Արթուր Գոլդենի «Գեյշայի օրագիրը»,  դուրս արի քո կաղապարից. Դու եսասեր ես ու տղամարդ, որովհետև երբեք չես մտածել կանանց մասին` բացառելով քեզ՝ տղամարդուդ:

Իմ խեղճ  աղջիկ, դու ուզում ես անպատկառ ու ըմբոստ լինել, որովհետև թողել եմ քեզ, չնայած ի սկզբանե ես միայն ինքս ինձ եմ ունեցել, ինչպես դու միայն ինքդ քեզ ունես:

-Բռնվեցիիիիր, ուրեմն ստացվում է՝ եթե ունեմ ինձ կարող եմ նաև կորցնել ինձ, - հայացքումս հրճվանքի ճանճերն էին տզզում, ուրախությունից օդում թափահարեցի ոտքերս:

Քեզ կախվածություններ են պետք ապրելու համար, առանց կառչելու չես կարողանում, վախենում ես, չես կարողանում, չես կարողանում, չես կարողանում, բառերը երգում էին ականջներումս, հիվանդ, հիվանդ, հիվանդ …ի պատասխան վրեժ լուծելու համար շպրտեցի երեսին, բայց ցավն այն էր, որ նա չկար, ինչպես բեռլինյան  փարթամ ծաղկած կանաչ ծառերում ձմռան հիշողությունը չկա:

Բացեցի աչքերս, դիմացս փնթի շինության պես կանգնել ու չէր գնում, վատ երազ էի տեսել. իբր մանկաբարձուհին կերել էր նոր ծնված մողեսի չափ աղջկաս կամ գուցե տղայիս, վստահ չեմ, ողնաշարը պոչի պես կախվել էր բերանից, ամեն մի ողը տեսա, հասկանո՞ւմ ես: Հենց այդպես էլ դու ինձ կերար, մի ասա, որ կյանք ես տվել, չէ, դու խեղաթյուրել ես իմ պատկերացումները, չէ, չէ, չէ, սպասիր, նորից բառերը սխալ եմ ընտրում, նորից մեկ բեռլինյան շինությունների պես անհեթեթ բարձր են ու երկար, կամ կարճ են…ինչպես…սպասիր….ինչպես…սրտիդ աշխատանքը…

Այսօր էլ երազումս տեսա իբր հղի եմ, բայց փորս սմքած առու է, հետո սկսեցի կասկածել, չհավատալ, մտածել՝ ուր փախավ երեխան: Ինձ թվում է՝ այդ պահին ես վստահ չէի՝ արդյոք  գոյություն ունեմ:

Լոգասենյակում եմ. Նայում եմ ցնցուղի մակերեսին, երևում է երեսիս փքվածությունը, փորձում եմ ժպտալ, երկար ու լի շուրթերս շուրջկալում են մանր ատամներս, կոպերս կուլ են տվել ակնագնդերս:

Ոչինչ չի ստացվում, գրողը տանի, ես աղավաղված եմ, ինձ չեմ ճանաչում, գուցե վաղուց հայելուն չէիր նայել, ասաց հիվանդ հայրս, և ես կատաղությունից թողեցի  մինչև ծոծրակս լցվի շուրթերով: Բերանիցս բառերի հյութալի ճպճպոցներն էին միայն դուրս գալիս: Հայրս այլևս խաղաղ օրվա առողջ լույս չէր, չէ….ի՞նչ ես ասում, գոռաց նա, հեկեկոցը սրընթաց բարձրացավ ողերով վեր, ի՞նչ ես անում, դժվար է ատել նրան, ով սիրում է քեզ, դրա համար էլ ինձ ատելու համար նախևառաջ սպանում ես իմ սերը առ քեզ, աղջիկս, իմ սեր, իմ պատկեր…

Չէ, գոռացի ես, ես նման չեմ քեզ, դու ես չեմ, որովհետև ես չեմ լքում, որովհետև ես գնալու փոխարեն մնում եմ, ու թեպետ բառերիս միայն աղմուկն էր լսվում նա հասկացավ ինձ, գրկեց  թփրտացող մարմինս, աստիճանաբար զգացի՝ ինչպես է հորս առողջ մսի տաքությունը վերմակի պես ծածկում ինձ:

Երեկո է. Քամին վիետնամական երաժշտություն ու առյուծատամներ է թափում  ննջասենյակ. Թեթև, բայց մահացու անշարժություն է իջել:

Երանի մեր սերը այս խատուտիկի սերմերի պես թեթև լիներ,չզգաինք, թե ինչպես ենք իրար  սիրում: Հետո փոխեցի թեման, որպեսզի նա  իրեն անհարմար չզգա, չստի, չարդարանա, չհորինի, չժխտի, լինի հանգիստ, ինչպես հենց ինքը մահը:

Գիտեմ միայն, որ առյուծի ատամները քամին այդքան հեշտ ցրիվ չէր տա, ու հենց այստեղ է պարադոքսը, իմիջայլոց ասեցի ես:

Հասկանում ես, եթե քո սերմնահեղուկը հեղեղեր երկրագունդը, ծանր ու կպչուն կլիներ, վտանգի ու ցավի հոտ կգար,  թարթիչների բացակայությամբ կպայմանավորվեր աչքերի ցցվածությունը ու եղածը… հա, հա, ու եղածը ընդամենը դուրս պրծած  ձկան աչք կլիներ: Նորից օգտագործեցի  այս ծեծված համեմատությունը, անիծվեն բոլորը, ես ավելին չեմ կարողանում լինել, քան կամ, փակուղում եմ, գոռացի ես, ասում եմ փակուղում եմ, ևս մեկ անգամ բղավեցի՝ կարծելով, որ ձայնս միայն ես եմ լսում:

Հանգստացիր, ավելի լավ ժամանակներ կգան, կճամփորդես, աշխարհ կտեսնես, նոր քաղաքների անուններ կմտապահես, կշփոթես այցելածդ թանգարանները, մի օր էլ ընդհանրապես չես հիշի, թե ինչու հենց նեֆերտիտի  կիսանդրին չէր կարելի  լուսանկարել, կմոռանաս թանգարանում տեսած փայտե խաղալիքը՝ հիսուսին խաչված, տես է, մի ժամանակ ինչերով են խաղացել երեխաները. Ակնոցի մասին էլ մի բան կար, տես, սեր իմ, արդեն մոռանում ես, դու անգամ չես հիշում մեր առաջին համբույրը,  ասում եմ քեզ մի օր թքած կունենաս ամենի վրա ու մարմինդ մարմնացյալ ոտք կդառնա…էնքան կքայլես, որ միայն ոտքերդ կզգաս, սկզբում չես կարողանա  ծանրությունը ոչ մի ուրիշ բանի հետ  համեմատել, համառորեն ուղեղումդ կպտտվի միայն ոտք ու ցավ բառերը, բայց հետո, պատրաստ եղիր, որովհետև միտքդ առատ կլինի, ինչպես սերը, որը չեմ հասցի քեզ տալ …

Ճիշտ այնպես, ինչպես հայրս, հպանցիկ անցավ միտքը, բայց որպեսզի այն չահաբեկի ինձ, ոչ մի բառով չձևակերպեցի, գլխումս միայն չնոսրացող  մառախուղը մնաց:

Բեռնատարում ենք. Լյուսին՝ Ռ-ի շունը գլուխը մտցրել է ոտքերիս միջև,շոյեցի գլուխը,  նայեցի պատուհանից դուրս. Հիշեցի, թե ինչպես էր նա թփթփացնում դեմքիս, ասես ուզում էր ասել՝ լավ շուն ես, ապրես: Ասես ուզում էր խրախուսել ինձ, գուցե փորձում էր սիրել, իսկ ես ամեն անգամ ասում էի՝ կոպիտ ես, քեզ պետք է ծաղիկ գնել,ասենք՝ սև անտառի վարդ,արյան գույնի վարդեր են, աղվամազի պես նուրբ բազմաշերտ թերթիկներով, ճիշտ ինչպես շաղգամը, բայց, տես, հանկարծ  չշփոթես, վարդերի գույնը մարտահրավեր կնետի քեզ, կթվա՝ պետք է ուժով տիրել, սեղմել ու ճմրթել ձեռքերումդ, բայց չէ,դա ընդամենը սադրանք է, չխաբնվես,   փորձիր զգուշորեն, մատներիդ թմբիկներով քնքշել, քո նպատակն է, այնպես շոյել, որ թերթրիկներից և ոչ մեկը  չպատռվի: Մեկ այլ անգամ սեղմում էր դեմքիս ծակոտկեներում ավազահատիկներ որպես ծպտված սև կետերը, այնքան ուժգնությամբ էր դա անում, որ թվում էր՝  ուր որ է քարեր է դուրս հանելու: Մինչ այդ ես երբեք չէի հանդիպել այդքան բիրտ շարժումներով այդքան խոցելի տղամարդու:

 Լյուսին հաչաց, Ռ-ն սաստեց՝ ֆու, Լյուսի, Լյուսին լռեց:  

-Թագուհիների թագավորը սերիալը նայե՞լ  ես (իրականում խոսքը ընդամենը  ամերիկյան քվինս թաղամասի մասին է , ուրեմն՝ քվինսի թագավորը, ինչևէ),- հանկարծ հարցրեց Ռ.-ն:

-Չէ,- ասում եմ ես:

-Ուրեմն նկուղում ապրող մի մարդու մասին է խոսքը, որ մտածում էր նոտար դառնալ, թե սալսա պարող, բայց ամեն դեպքում որոշում է նոտար դառնալ, որովհետև աշխարհը բավականաչափ…

- Սալսա պարողներ ունի,-միահամուռ ավարտեցինք միտքը:

Ավելի ուշ, երբ Ռ-ն գնաց, ասացիր, որ նա իզուր չհիշեց ֆիլմի այդ դրվագը, հիշեց, որովհետև սարսափելի վախենում է անել այն, ինչ պետք է անի, անուղղելի երազող է, տան պատերը վխտում են գրքերով, գրասեղանը դրել է այդ վխտացող պատի առջև ու պատը կուլ է տալիս նրան, այն օրորոցայի երգի պես հանգստացնում է նրան, այդ պատը, լսում ես, նրա հենարանն է. Իսկ գիտե՞ս հորդանանցի կինը ինչ է ասել,ասել է՝ էլ ոչ մի նոր գիրք, եթե նորն ես ուզում գնել, ապա դեն նետիր հինը. Մեկ նոր գիրք մեկ հնի փոխարեն. Ինչպիսի ճկունություն, մոռանալու և հետ չնայելու ինչպիսի ճարպկություն:

Ռ-ն ահավոր վախենում է կորցնել, հրաժեշտ տալ, չորս դատարկ պատերի մեջ մենակ մնալ կնոջ հետ, առանձնանալ, խզել լռությունը, դատարկ լինել, խոստովանել,դրա համար էլ երեկոյան ուշ ժամերին միշտ թափառում է Լյուսիի հետ;

Աղջիկը՝ Նոեմին, հայրերի օրվան նվիրված շնորհավորական բացիկ է գրել:

Բացիկում մի տող է գրված՝ շնորհակալ եմ, պապա, ամեն օր  ինձ համար այդքան շատ բան անելու համար, շնոր հա կա լու թյուն:

Բացիկի վրա սրտեր են նկարված, սրտերի մեջ սրտեր, միայն նրա համար, որ Ռ-ն ամեն օր շարունակի անել այն, ինչ պետք է անի, ի վերջո  այս աշխարհը տալու ու ստանալու մասին է:

Մի նայիր խելոք աչքերով, գիտեմ,  չես կարողանում հաշտվել մտքի հետ, որ հայրդ քեզ միայն պատրանք ու հիշողություններ է տվել, հիշածդ  ժպիտն էլ մատիտով արված նկար է, այնքան ես ձեռք տվել, որ բերանի ծալքերը ջնջվել են,  միսն էլ ես ջնջել թողել միայն ոսկորը:

Եվս 1000 անգամ կրկնիր, որ ճապոնական սև խալաթիդ վրա տարածվող վիշապի դեմքին ժպիտ կա, կրկնիր, արագ, առանց ետ նայելու, կրկնիր այնքան, որ աչքերդ ծանրանան ու ձայնդ խզվի, կրկնիր և կտեսնես ժպիտը կգունաթափվի, ծույլ ու դանդաղ կանհետանա, իսկ ոտնամատներիդ արանքից մանուշակ որպես գլուխը դուրս կցցի կրակի առաջին թունավոր լեզվակը:

Երեկո է, խաղաղ, ինչպես հենց ինքը մահը. Քամին առյուծատամներ է թափում  ննջասենյակ…երաժշտությունը վիետնամական է, օրը՝ կիրակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter